ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վրաստանում աշխատանքային այցելություններ է ունեցել
2015-08-18
Աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վրաստանի գյուղնախարար Օթար Դանելիայի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զաուր Պուտկարաձեի ուղեկցությամբ այցելել է Աջարիայի ագրոսերվիս կենտրոն:
Նախարարները շրջել են կենտրոնում, ծանոթացել տեխնիկական հնարավորություններին, մատուցվող ծառայությունների շրջանակին:
Բաթումի քաղաքում գտնվող այս գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը հիմնվել է ՄԱԿ-ի զարգացման գործակալության միջոցով` Եվրամիության ֆինանսավորմամբ: Կենտրոնի հիմնական առաքելությունը գյուղացիական տնտեսություններին բարձրորակ խորհրդատվական ծառայությունների մատուցումն է` նպատակ ունենալով նպաստել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ու բարելավել աշխատանքների որակը: Բացի այդ, կենտրոնի նպատակակետում գյուղացիական կոոպերատիվների խթանման ծրագրեր են, ինչպես նաև մարքետինգային ծառայությունների մատուցումը:
Նախարարին տեղեկացրել են, որը կենտրոնը զբաղվում է գիտական աշխատանքներով, այստեղ իրականացվում են տարբեր գիտափորձեր, մասնավորապես հատապտուղների նոր սորտերի փորձարկումներ:
Այնուհետև երկու երկրների գյուղնախարարներն այցելել են կենտրոնի հարևանութամբ գտնվող ջերմոցային տնտեսություն, որտեղ ելակի մշակություն է իրականացվում, և խաղողի փորձնական այգի:
Այցելության առաջին օրը նախարար Կարապետյանը ծանոթացել է նաև ձկնաբուծության ոլորտում վրացական փորձին: Նախարարը եղել է «Իխտիոսի» ձկնաբուծարանում, որտեղ արտադրությունն իրականացվում է փակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգով:
Իսկ նախօրեին նախարարը մայրաքաղաք Թբիլիսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցել է Խաղողօրհնեքի արարողությանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին