ՀՀ գյուղատնտեսության նախարարը Կոտայքի մարզում այցելել է խնձորի ու ազնվամորու այգիներ և նոր կառուցվող ջերմոցային տնտեսություն

2015-08-26

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզի պտղատու այգիներ և հետևել է նորակառույց ջերմոցային տնտեսությունում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

 

Նախարարը մարզպետ Կարապետ Գուլոյանի ուղեկցությամբ նախ մեկնել է Ալափարս համայնք, որտեղ եղել է Սերգեյ Գրիգորյանի կողմից 5 հեկտարի վրա հիմնված ազնվամորու այգում, որից 2 հեկտարը մշակվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի աջակցությամբ։ Ընկերության տնօրենի խոսքով` այգում մեկ հեկտարի բերքատվությունը կազմում է 4-5 տոննա բերք, արտադրանքն իրացվում է հիմնականում «Թամարա ֆրուտ» ընկերության կողմից, ինչպես նաև ներքին շուկայում: Նախարարն իր հերթին նպատակահարմար է համարել հնարավորության դեպքում տեղում կազմակերպել նաև պատրաստի արտադրանքի փաթեթավորման գործընթացը, իսկ կարկտահարություններից խուսափելու համար տեղադրել հակակարկտային ցանցեր:

 

Նախարարն այնուհետև այցելել է Նոր Գեղի համայնքի 20 հեկտարի վրա հիմնված խնձորի այգիներ, որոնց մշակումն իրականացվում է 5 սեփանկանատերերի կողմից ստեղծված կոոպերատիվի կողմից: Կոոպերատիվի անդամ Սաշա Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ այգում մշակվում է յոթ սորտի խնձոր և սեպտեմբերի վերջին կսկսվի բերքահավաքը, արտադրանքն իրացվում է հանարապետությունում և ռուսական շուկայում։

 

Նախարարը Նոր Գեղի համայնքում եղել է 3.2 հեկտարի վրա կառուցվող ելակի արտադրության ջերմոցային տնտեսությունում: Կենսատեխնոլոգ Արամ Ղևոնդյանի տեղեկացմամբ՝ ելակի սածիլներն օրերս կներկվեն Հոլանդիայից, ելակի աճեցումը կատարվելու է անհող աճեցման ժամանակակից եղանակով: Այստեղ արտադրվող ելակի իրացումը նախատեսվում է կազմակերպել ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտերկրում:

 

Նախարար Սերգո Կարապետյանն ուղևորվել է նաև Աբովյան քաղաքում գործող եվրոպական արտադրության նորագույն տեխնոլոգիաներով հագեցած սնկի արտադրության և վերամշակման «Առողջ սունկ» ՍՊԸ: Սնկի արտադրամասում նախարարի շրջայցի ընթացքում ընկերության տնօրեն Արեգ Ազոյանը տեղեկացրել է, որ վերջին տարիներին այստեղ արձանագրվել է պատրաստի հումքի, թարմ սնկի և սնկի պահածոների արտահանման դինամիկ աճ` անցյալ մեկ տարվա ընթացքում հատելով 1 միլիարդ դրամի արտահանման շեմը: Նա նաև հավելել է, որ ընկերությունում արտադրվում են թարմ շամպինյոն, կախասունկ և պորտոբելլո տեսակի սնկեր, տարեկան արտադրության ծավալը կազմում է շուրջ 960 տոննա:

 

Ամփոփելով այցի արդյունքները` նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ 2015 թվականին մարզի գյուղատնտեսության ոլորտում զգալի աճ է գրանցվել:

 

«Այս տարի բարենպաստ պայմաններ են ստեղծվել Կոտայքի մարզում գյուղատնտեսության զարգացման համար, սպասվում է հացահատիկի, մրգի և հատապտղի բարձր բերք: Ընդհանուր առմամբ, մարզի վերջին տարիների ամենամեծ ձեռքբերումներից է վարելահողերի մշակության ծավալների աճը, ինչի արդյունքում 2015 թվականին մարզում մշակվել է 18021 հա վարելահող` նախորդ տարվանից գրեթե հազար հեկտարով ավել: Համոզված եմ, որ Կոտայքի մարզում մշակվող հողերի ծավալը տարեցտարի կշարունակի ավելանալ», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարը նաև գոհունակություն է հայտնել մարզում ջերմոցային տնտեսությունների արագ զարգացմամբ և պտղատու այգիներ հիմնելու կապակցությամբ, շեշտելով, որ այս երկու ճյուղերը շատ կարևոր ու հեռանկարային նշանակություն ունեն մեր հանրապետության գյուղատնտեսության ոլորտի համար:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տպել