Քննարկվել է ENPARD ծրագրի իրականացման ընթացքը

2015-07-30

fotoՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP) և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպու-

թյան (UNIDO) ներկայացուցիչներ Բաբկեն Բաբայանին և Սևերին Օմանին:

 

Հանդիպման նպատակն էր քննարկել «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» (ENPARD) «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» բաղադրիչի կատարման ընթացքը:

 

Հանդիպման սկզբին նախարար Սերգո Կարապետյանն ընդգծեց ծրագրի կարևորությունը Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերի զարգացման համար:

 

«Այս ծրագրով ոչ միայն բարենպաստ պայմաններ կստեղծվեն մեր երկրում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ու զարգացման համար, այլև այն խթան կհանդիսանա ոլորտի ընդհանուր զարգացման համար», – նշել է իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

 

Հյուրերի տեղեկացմամբ «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրով» (ENPARD) իրականացվող «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» բաղադրիչի շրջանակում, որն իրականացվելու է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում,  ստացվել է  թվով 190 հայտադիմում: Հայտատուները հիմնականում ցանկություն են հայտնել ծրագրի շրջանակում տրամադրվող միջոցներով զբաղվել մասնավորապես հնդկացորենի, հատապտղի, ոչ ավանդական բանջարեղենի, կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև մեղրի առաջնային արտադրությամբ: 

 

Ծրագրի համակարգող անձնակազմի անդամները շեշտել են, որ հայտադիմումների ընտրությունը կատարելիս նախապատվությունը տրվելու է  նրանց, ովքեր ցանկություն են հայտնել մշակել բարձրարժեք և ոչ ավանդական մշակաբույսեր: Ծրագրի արդյունավետության ապահովման համար հետագայում նախատեսվում է  կազմել առանձին բիզնես-պլաններ, որոնց հիման վրա կիրականացվի յուրաքանչյուր հայտատուի ֆինանսավորումը:

 

Այս առումով նախարարը ընդգծեց ծրագրի շրջանակում դիվերսիֆիկացված գյուղմթերքի, պանրի եվրոպական տեսակների արտադրության, հատապտղի նոր այգիների հիմնման խթանումը և հակակարկտային ցանցերի ներդրման կարևորությունը:

 

Նախարար Սերգո Կարապետյանը նաև առաջարկեց հետագա ծրագրերում հնարավորության դեպքում ներառել մեղվաբուծության զարգացմանը, ձկնաբուծարաններում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն համակարգերի ներդրմանը, ոռոգման կաթիլային համակարգերի կիրառմանը վերաբերող բաղադրիչներ:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին  

Տպել