Պտղաբերման պարբերականության պատճառները և դրանց վերացման ուղիները

2015-07-07

grushaՊտղատու բույսերը սովորաբար մի տարի տալիս են առատ և բարձր, իսկ մյուս տարի` քիչ բերք կամ առհասարակ բերք չեն տալիս: Այս երևույթը պտղաբուծության մեջ կոչվում է պտղաբերման պարբերականություն:

 

Պարբերականություն ունեն գրեթե բոլոր պտղատու բույսերը, սակայն այն ավելի թույլ է արտահայտվում կամ համարյա աննկատ է կորիզավորների և, հակառակը, բավականաչափ արտահայտված է հնդավորների մոտ: Հանրապետության տարբեր գոտիներում մշակվող հնդավորների այգիներում մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այգիները վատ մշակելու դեպքում խնձորենու և տանձենու որոշ սորտեր ունեն ուժեղ արտահայտված պարբերականություն, իսկ այնպիսի սորտեր ինչպիսիք են` խնձորենիներից` Ռենետ Սիմիրենկոն, Լյուբիմցա Կլապա և շատ այլ սորտեր պտղաբերման ոչ հերթական տարվա համեմատությամբ տալիս են ավելի պակաս բերք: Լավ մշակելու դեպքում վերջին խումբ սորտերն ամեն տարի տալիս են բարձր և կայուն բերք:

 

Իսկ ինչով բացատրել, որ կորիզավորների մոտ պարբերականության երևույթ չի նկատվում, իսկ խնձորենու և տանձենու մոտ այն արտահայտված է շատ ուժեղ: Ինչպես հայտնի է, պտղատու ծառերը իրենց վեգետատիվ աճին զուգընթաց ստեղծում են մեծ քանակությամբ բերք: Օրինակ` տանձենու Ձմեռնուկ սորտի յուրաքանչյուր ծառը նորմալ մշակման պայմաններում կարող է տալ 600-700կգ, իսկ առանձին դեպքերում` մինչև 1000կգ բերք, խնձորենու Կարմիրկենի, Չխչխկան, Կանդիլ սինապ և այլն սորտերը կարող են տալ միջին հաշվով 300-400կգ, երբեմն մինչև 800կգ բերք: Ահա այդ բերքը վեգետացիայի ընթացքում ծառի արմատների միջոցով հողից վերցրած հանքային և տերևներում պատրաստած օրգանական սննդանյութերի զուգակցումն է, նրանց վերամշակումն ու ձևափոխումը, որը արտահայտվում է բերքի գոյացումով:

 

Պտուղների գոյացման և նրանց աճի համար ծախսվող սննդանյութերի քանակը հասնում է հսկայական չափերի:

 

Ուսումնասիրություններից հայտնի է, որ գրեթե բոլոր կորիզավորների աճող բողբոջները օժտված են բարձր գրգռողականությամբ, վեգետատիվ արագ աճեցողութամբ և շուտ հասունացմամբ, իսկ ծաղկաբողբոջները, ընդհակառակը, ուշահաս են և հիմնադրվում են այդ նույն տարվա աճերի վրա` ամառվա կեսերին կամ աշնան սկզբներին, այսինքն` այն ժամանակ, երբ վեգետատիվ աճերը արդեն դադարել են, սերմնարանները թափվել են, և բերքը հավաքվել է: Ուստի սննդանյութերը ծախսվում են ծաղկաբողբոջների հիմնադրման և նրանց կազմավորման վրա:

 

Առատ ծաղկման և բերքատվության տարում խնձորենիների տարբեր սորտերը ծաղկում և առաջացնում են 30-40 հազար, իսկ երբեմն էլ մինչև 60 հազար ծաղիկներ: Այդ հսկայական քանակությամբ ծաղիկները պետք է սնվեն անցյալ վեգետացիայի ընթացքում բույսերի մեջ կուտակված պաշարային նյութերով, բայց քանի որ բույսերի մեջ այդքան պաշարանյութեր չկան կամ եղածն էլ չի բավարարում, ուստի ծաղիկների 80-85%-ը մնում է թերզարգացած և թափվում է, ծաղիկների միայն 15-20%-ն է, որ բեղմնավորվելով` առաջացնում է մոտ 4000-6000 պտուղ: Այդ քանակով հիմնադրված պտուղների հետագա աճի և զարգացման համար պահանջվող սննդանյութերով ծառը ապահովվել չի կարող, ուստի առաջացած պտուղների մի մասը ինքնանոսրացման կարգով նորից թափվում է, որը տեղի է ունենում հատկապես հունիսի առաջին կեսին և կոչվում է հունիսյան պտղավիժում: Այսպիսով, ծաղիկների ընդհանուր թվի միայն 8-10%-ն է, որ պտուղ է կազմակերպում և դառնում ապրանքային բերք: Հաշվարկներով դա կազմում է մոտ 25տ մեկ հեկտարից: Ուրեմն սննդանյութերի այն քանակը, որը ծախսվում է հսկայական թվով ծաղիկների ստեղծման, այնուհետև պտուղների աճման ու նրանց խոշորացման վրա, որոնք թափվում են ծաղկման և հունիսյան պտղավիժման ժամանակ, բոլորովին անտեղի է:

 

Պտղաբերման պարբերականությունը կարող ենք վերացնել այգիների միջշարքային և մերձբնային տարածությունների մշակման, կանաչ պարարտացման, պարարտացման, ոռոգման, վնասատուների և հիվանդությունների դեմ ժամանակին պայքարի միջոցառումների կազմակերպման, ամեն տարի էտելու միջոցով:

 

Առատ բերքատվության <<հերթական>> տարվա սկզբում (փետրվար, մարտ ամիսների) ծառերը պետք է էտել, նոսրացնել ու կարճացնել, նոսրացնելիս պետք է հիմքից հեռացնել պտղաբերող ճյուղերի 20-25%-ը: Ընդ որում պետք է հեռացնել 10-ից ավելի տարիք ունեցող պտղաբերող ճյուղերը (կողանիստեր, նիզակներ, բարդ օղանիստեր, որոնք ապրում են 15-17 տարի), 8-10 տարեկան ճյուղերը երիտասարդացնելու նպատակով թույլ կարճացնել, իսկ 1-7 տարեկան պտղաբերող ճյուղերը չէտել:

 

Պտղաբերման պարբերականության վերացման երկրորդ կարևոր միջոցառումն  այգիների սնուցումն է ազոտական պարարտանյութերով: Առաջին անգամ պետք է սնուցել հունիսյան պտղավիժումից անմիջապես հետո` հեկտարին 70-80կգ ազդող նյութի հաշվով:

 

Երկրորդ անգամ պետք է սնուցել առաջին սնուցումից մեկ ամիս հետո, մոտավորապես հուլիսին` հեկտարին 50-60կգ` ազդող նյութի հաշվով: Այնուհետև, բերքահավաքից հետո` հոկտեմբերի վերջերին այգիների միջշարքային տարածությունները պետք է պարարտացնել գոմաղբ-հանքային պարարտանյութերով, հեկտարին տալով 5-8տ գոմաղբ և 120-ական կգ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր` ազդող նյութի հաշվով:

 

Այդ բոլորը պետք է խառնել իրար, ցրել հողի երեսին և 25սմ խորությամբ վարելով (փորելով) շուռ տալ հողի տակ: Բերքատվության  <<ոչ հերթական>>  տարում պետք է սնուցել 3 ժամկետով:

 

Առաջին անգամ պետք է սնուցել գարնանը, ծաղկելուց մեկ, մեկուկես շաբաթ առաջ, հեկտարին 60-70% մաքուր ազոտի հաշվով: Այդ սնուցումը նպաստում է ծաղիկների լիարժեք զարգացմանը, բարձրացնում է նրանց բեղմնավորման եռանդը, որի շնորհիվ օգտակար պտղակալումը հասնում է 70-80%-ի:

 

Երկրորդ անգամ պետք է սնուցել ծաղկաթափից անմիջապես հետո, հեկտարին 40-50կգ մաքուր ազոտի հաշվով, որպեսզի նպաստի վեգետատիվ մասերի փարթամ աճին, ուժեղացնի ֆոտոսինթեզը, ստեղծի մեծ քանակությամբ օրգանական նյութեր և կանխի հունիսյան պտղավիժումը:

 

Երրորդ անգամ պետք է սնուցել հուլիսի կեսերին, հեկտարին 25-30կգ մաքուր ազոտի հաշվով: Այդ սնուցումը նպաստում է պտուղների խոշորացմանը, նոր ծաղկաբողբոջների հիմնադրմանը և հատկապես նրանց դիֆերենցմանը:

 

Բերքատվության «ոչ հերթական» տարում, ճիշտ է, պտուղները քիչ են լինում, բայց լրացուցիչ սնունդ ստանալով` արագ խոշորանում են և, համեմատած բերքատվության «հերթական» տարվա պտուղների հետ, 1,5-2 անգամ խոշոր են լինում, հետևապես ստացված բերքն ապրանքային քաշի տեսակետից հետ չի մնում առատ բերքատվության «հերթական» տարվա բերքից:

 

Բարձր ագրոտեխնիկայի, էտի և սնուցման այս եղանակների կիրառումով հնարավոր կլինի վերացնել կամ մեղմել պտղաբերման պարբերականությունը և այսպիսով, ստիպել ծառերին` ամեն տարի տալ բարձր և կայուն բերք:

 

 Աղբյուրը` «Վայոց Ձորի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ 

Տպել