Հուլիսի 18-ին կվերաբացվի գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը

2015-07-14

222Հուլիսի 18-ից ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պուրակին հարող տարածքում կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:

 

Տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:

 

Այս տարի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը վերաբացվել է հունիսի 6 -ին Կասյան փողոցի վերին հատվածում: Բացման պահից մինչ օրս այնտեղ կազմակերպվել է 12 տոնավաճառ, որին մասնակցել են 1680 գյուղատնտեսներ: Օրական իրացվել է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք:
Տոնավաճառին մասնակցող ՀՀ տարբեր մարզերի գյուղացիական տնտեսությունները սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:

 

Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից և գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են:

 

Սահմանվել և հետևողականորեն կիրառվում են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

 

Տոնավաճառի ավարտին կազմակերպվում են տարածքի մաքրման աշխատանքներ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել