Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի գյուղատնտեսության նախարարը

2015-07-07

1Աշխատանքային երկօրյա այցով հուլիսի 6-ին Հայաստան է ժամանել Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան: Գործընկերոջը դիմավորել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այցի շրջանակում փորձի փոխանակման նպատակով Վրաստանի գյուղատնտեսության նախարարն այցելել է ՀՀ-ում գործող նորագույն տեխնոլոգիաներով հագեցած մի շարք տնտեսություններ:

 

Այս նպատակով երկու երկրների գյուղատնտեսության նախարարները նախօրեին մասնավորապես այցելել են «Արարատի սննդի կոմբինատ» և «Գոլդն Գրեյպ Արմաս» ընկերություններ:

 

Նախարարները շրջել են Արարատի սննդի կոմբիտատի բնական հյութերի, թեյի և մուրաբաների, պահածոների արտադրամասերում, հետևել արտադրության կազմակերպման գործընթացին, ծանոթացել այստեղ ներդրված տեխնոլոգիաներին, մասնավորապես շվեդական հոսքագծի աշխատանքին, ինչպես նաև եղել են ընկերության լաբորատորիայում:

 

Ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանի հավաստմամբ՝ ընկերությունն ունի տարածաշրջանում ամենամեծ լաբորատորիաներից մեկը, որը հագեցած է գերժամանակակից, թանկարժեք սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք վերահսկել ապրանքի բարձր որակը:

 

Այնուհետև երկու հարևան երկրների նախարարներն ուղևորվել են Արագածոտնի մարզում գտնվող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: Սերգո Կարապետյանն ու Օթար Դանելիան շրջել են խաղողի այգիներում, իտալական նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գինու և կոնյակի գործարանում, որտեղ արտադրվում են «ArmAs» անվանումով կարմիր, սպիտակ և վարդագույն գինիներ: Արտադրանքը սպառվում է ոչ միայն ներքին շուկայում, այլև արտահանվում է:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Սերգո Կարապետյանի խոսքով` վրացի գործընկերներն առավելապես հետաքրքրված են պահածոների արտադրության, ձկնաբուծական տնտեսությունների, անասնապահական ֆերմաների զարգացման հայկական փորձի ուսումասիրությամբ և իրենց երկրում ներդրման հնարավորություններով:

 

«Որպես հարևան երկրներ` մենք գյուղատնտեսության ոլորտում իրարից շատ բան ունենք սովորելու, և այս այցը հատկապես կարևոր է փորձի փոխանակման, ինչպես նաև գործընկերային հարաբերությունների սերտացման առումով», – իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարի խոսքով` նախատեսվում է նաև իր պատասխան այցը Վրաստան:

 

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան իր հերթին գոհունակություն է հայտնել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի բարձր մակարդակով:

 

«Սա իմ առաջին պաշտոնական այցն է Հայաստան, և ես շատ ուրախ եմ հյուրընկալվել ձեր երկրում: Պետք է նշեմ, որ մեզ շատ տպավորել է, թե որքան զարգացած է ձեր երկրում գյուղատնտեսության ոլորտը: Համոզված եմ, որ մենք շատ հարցերում կարող ենք միմյանց օգնել, աջակցել, փորձի փոխանակում իրականացնել», – նշել է նախարար Դանելիան:

 

Օթար Դանելիան վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա է համագործակցության, ինչպես նաև արտահանման մեծ ներուժ, որը հարկավոր է օգտագործել:

 

Այսօր Վրաստանի և Հայաստանի գյուղատնտեսության նախարարներն այցելել են Արարատի մարզում գտնվող ձկնաբուծարաններից մեկը, «Սպայկա» ընկերության ջերմոցային տնտեսություններ, որտեղ ամսաբողկի մշակություն է իրականացվում, այնուհետև ուղևորվել Ջերմուկի անասնապահական համալիր:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տպել