Ամփոփվել են բուսաբուծության կիսամյակային ցուցանիշները. արտադրության ծավալներն այս տարի զգալիորեն կգերազանցեն նախորդ տարվա մակարդակը

2015-07-15

11751057_813812662047708_1168484788_nՀուլիսի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը հրապարակել է բուսաբուծության ոլորտում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արձանագրված օպերատիվ ցուցանիշները և ամփոփել կատարված աշխատանքները:

 

Նրա խոսքով՝ պետության կողմից հատկապես վերջին տարիներին շարունակաբար իրականացվող պետական աջակցության ծրագրերը նպաստավոր պայմաններ են ստեղծել հանրապետությունում հողերի նպատակային և արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների և համախառն բերքի արտադրության ծավալների ավելացման, հողօգտագործողների եկամուտների բարձրացման և տնտեսական աճի ապահովման համար։

 

Համաձայն ներկայացված տվյալների՝ 2010-2014թթ․ ցանքատարածություններն ավելացել են շուրջ 50 հազար հեկտարով։ Օպերատիվ տվյալներով՝ հանրապետության հողային հաշվեկշռով առկա 447500 հեկտար վարելահողերից այս տարի մշակվում է շուրջ 350000 հեկտարը, որը կազմում է 78,2% կամ ցանքերն ավելացել են 17 հազար հեկտարով նախորդ տարվա 14,7 հազար հեկտարի փոխարեն։

 

«Կատարված աշխատանքները, իրականացված ծրագրերը և բնակլիմայական պայմանները նպաստել են, որպեսզի այս տարի գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները բոլոր ուղղություններով զգալիորեն գերազանցեն նախորդ տարվա մակարդակը: 2014 թվականի համեմատ նվազում է սպասվում միայն դեղձի մասով», - իր խոսքում նշել է փոխնախարար Գալստյանը:

 

Մասնավորապես օպերատիվ տվյալներով՝ այս տարի արդեն արտադրվել է շուրջ 110 հազար տոննա պտուղ, որից 86 հազար տոննա ծիրան, 165 հազար տոննա բանջարեղեն, որից լոլիկ՝ 43 հազար տոննա, 73 հազար տոննա վաղահաս կարտոֆիլ և 5500 տոննա բոստանային մշակաբույսեր: Արարատյան հարթավայրի ցածրադիր գոտիներում շարունակվում է բերքահավաքը, ցորենի և գարու արտադրության ծավալները կազմել են համապատասխանաբար 45 հազար և 22 հազար տոննա:

 

Փոխնախարարն ակնկալում է, որ ծիրանի արտադրության ծավալները կգերազանցեն անգամ 2013 թվականի ցուցանիշը. բարձր բերք է ստացվում հատկապես Արմավիրի, Արարատի և Արագածոտնի այգիներից։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը հավաստիացրել է՝ մարզերից ստացված պարարտանյութերի (ազոտական, ֆոսֆորական, կալիումական), դիզելային վառելանյութի, 2014թ աշնանացանի, 2015թ․գարնանացանի համար անհրաժեշտ սերմացուների պահանջարկն ամբողջությամբ բավարավել է. մատակարարումները շարունակվում են։

 

Սամվել Գալստյանը մեկ անգամ ևս հողօգտագործողների ուշադրությունը հրավիրեց հողերի համալիր պարարտացման անհրաժեշտության վրա՝ նշելով, որ հողերի միակողմանի պարարտացումը կանխելու նպատակով բացի ազոտական պարարտանյութից պետք է օգտագործել նաև ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր։

 

Շարունակվում է նաև վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը. նախորդ տարիների 10 տոկոսի փոխարեն հողօգտագործողները վճարում են 8 տոկոսով. 6 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից։

 

Բացի այդ, իրականացվել են նաև բույսերի պաշտպանության միջոցառումներ Արմավիրի մարզի Աղավնատուն, Այգեկ, Նորապատ, Նորակերտ, Արևադաշտ համայնքների 9,24 հա խաղողի այգիներում հայտնաբերված խաղողի ֆիլոքսերա վնասատուի դեմ:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել