ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ-ում հանդիպել է USAID-ի ներկայացուցչի հետ

2015-07-21

 

 1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ԱՄՆ կատարած  աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 20-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ Ջոնաթան Կատզի հետ:

 

Հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով փոխգործակցության ներկա մակարդակը, քննարկել են USAID-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ միջև հետագա համագործակցության հեռանկարները:

 

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրերը մեծապես նպաստում են մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Ուստի անհրաժեշտ է ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակները, մշակել ու իրագործել նոր համատեղ ծրագրեր` դրանցում ներառնելով ոլորտի թիրախային խնդիրները», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

 

Ընդգծելով, որ վերջին տարիներին միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում հաջողվել է բարելավել սննդամթերքի անվտանգության ենթակառուցվածքները` նախարարն նշել է, որ այժմ կարևոր և արդիական է համարում հատկապես կենդանիների համարակալման և հաշվառման իրականացումը, որը կնպաստի մսամթերքի հետագծելիության ապահովմանը:   

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ձկնաբուծության բնագավառում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն համակարգերի ներդրման հարցին:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարարության տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի բաժին  

Տպել