Մեկնարկել է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրով» հայտադիմումների ընդունումը
2015-06-10
Հայաստանում մեկնարկել է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրով» (ENPARD) իրականացվող «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագրի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվների հայտադիմումների ընդունումը, որի առիթով այսօր տեղի ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերի համատեղ մամուլի ասուլիսը:
«Կոոպերատիվների ստեղծումը ՀՀ գյուղատնտեսությաննախարարության գերակա ուղղություններից մեկն է: Մեր նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանում կոոպերացիայի զարգացման համար, և մեկնարկող ծրագիրը միտված է նպաստել գյուղացիական միավորումների ստեղծմանն ու խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը», – նշել է իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
Փոխնախարարի խոսքով` ENPARD ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից գյուղատնտեսության կայուն զարգացման, արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացման նպատակով և իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից:
Արմեն Հարությունյանը նաև հավելել է, որ 2015թ.-ի հունվարին մեկնարկած 3,4 մլն. եվրո արժողությամբ եռամյա ծրագիրն իրականացվելու է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայք իև Վայոց ձորի մարզերում:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերն իր հերթին նշել է, որ այս ծրագիրը կաջակցի գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը, ինչպես նաև գործող կոոպերատիվների հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, արտադրության ծավալների ավելացմանը, արտադրանքի տեսականու ընդլայնմանը, տեխնոլոգիաների արդիականացմանը, շուկայավարմանը, ինչպես նաև լավագույն գյուղատնտեսական փորձի (կաթիլային ոռոգում, այլ) և աղետների ռիսկերի նվազեցման (հակակարկտային ցանցեր, հակացրտահարության) համակարգերի ներդրմանը:
Ծրագրի կողմից առաջնահերթությունը կտրվի մրգի, հատապտղի, բանջարեղենի, հացահատիկի և ընդեղենի, կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև այլ գյուղմթերքի արտադրության և վերամշակման ոլորտներում նորարարական գաղափարներ (նոր տեխնոլոգիա, նոր արտադրանք) առաջարկող խմբերին:
Ծրագրին մասնակցելու հայտադիմումը կարելի է ձեռքբերել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, մարզպետարաններից, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններից, համայնքապետարաններից կամ ներբեռնել http://www.un.am/hy/procurements կայքից: Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 15-ը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին