ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանում է

2015-06-30

no_pic5Հաճախ մամուլում գյուղատնտեսության նախարարության հասցեին մեղադրանքներ են հնչում, որ նախարարությունը նախապես չի պլանավորում, թե հանրապետության այս կամ այն համայնքում ինչ պետք է մշակվի, ինչ տարածքով, որքան ծավալով և այլն: Պետք է փաստել, որ սրանք հարցադրումներ ու պահանջներ են, որոնք բնորոշ են խորհրդային պլանային տնտեսությանը:

 

Հայաստանի Հանրապետությունում 1990-ական թվականների սկզբին գյուղատնտեսության բնագավառում իրականացված սեփականաշնորհումից ու բարեփոխումներից հետո ոլորտի գործունեությունն ամբողջությամբ ազատականացվել է: Եվ արդեն շուրջ 25 տարի է, ինչ մեր գյուղացին ազատ է իր հողը, կենդանիներն ու գյուղատնտեսական արտադրության մյուս միջոցները սեփական հայեցողությամբ տնօրինելու հարցում: Գյուղացին ինքն է որոշում, թե ինչպիսի մշակաբույսերի մշակությամբ պետք է զբաղվի, ինչպես տնօրինի իր կողմից արտադրված բերքը, ինչ գնով և այլն: Եվ այս առումով ինչպես հանրապետական, այնպես էլ տարածքային կառավարման և ինքնակառավարման մարմինները իրավունք չունեն միջամտելու գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողների գործունեությանը: Հենց սա է շուկայական հարաբերությունների իմաստը, որը կարևոր նախապայմանն է ազատ մրցակցության ապահովման և տնտեսության զարգացման համար:

 

Պետությունն այսօր անմիջականորեն չի զբաղվում գյուղատնտեսական մթերքների վերամշակման, պահպանության, իրացման, արտահանման հարցերով: Պետությունը օրենսդրական բարեփոխումների, հարկային, մաքսային, վարկային քաղաքականության, առանձին խնդիրների լուծման նպատակով սուբսիդիաների ներդրման և այլ գործիքների կիրառման շնորհիվ բարենպաստ միջավայր է ստեղծում նշված գործընթացների իրականացումն առավել դյուրին ու արդյունավետ կազմակերպելու համար: Պետությունը, ի դեմս գյուղատնտեսության նախարարության, ունի իր հստակ ռազմավարությունը գյուղատնտեսության ոլորտի հեռանկարային զարգացման ուղղությամբ: Նախարարության կողմից մշակվում և իրականացվում են միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր, որտեղ նախապատվությունը տրվում է այն առաջնահերթ ուղղություններին, որոնց զարգացման համար կա բավարար պահանջարկ, և առկա է անհրաժեշտ բնատնտեսական, աշխատանքային ու մասնագիտական ներուժ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Արարատյան հարթավայրում, Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի ցածրադիր գոտում, Տավուշի մարզում կարևորում է բարձր ավելացված արժեք ապահովող ճյուղերի` խաղողագործության ու պտղաբուծության զարգացումը, որը թարմ և վերամշակված արտադրանքի տեսքով արտահանման լուրջ ներուժ ունի: Նախարարությունը մշտապես հորդորում է հանրապետության հողօգտագործողներին, բոլոր այն համայնքներում, որտեղ բնակլիմայական պայմանները թույլ են տալիս, առանց մտավախության ավելացնել խաղողի ու պտղատու այգիների տարածքները: Այդ կապակցությամբ ՀՀ կառավարության կողմից սահմանվել են արտոնություններ. նոր հիմնադրված այգիների սեփականատերերը մինչև դրանց լրիվ բերքատվության մեջ մտնելը ազատվում են հողի հարկի վճարումից:

 

Նախարարությունը խրախուսում է հատիկաընդեղեն մշակաբույսերի` ոսպի, ոլոռի, սիսեռի մշակությունը հանրապետության նախալեռնային և բարձրադիր գոտու համայնքներում: Նշված մթերքների մեծածավալ ներկրումներ են իրականացվում հանրապետության ներքին սպառման պահաջարկը բավարարելու համար:

 

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո նոր հնարավորություններ են ստեղծվել նաև կարտոֆիլի ու բանջարեղենի տարբեր տեսակների մեծաքանակ արտահանումների համար: Հատկապես մեծ է ջերմոցային արտադրանքի նկատմամբ պահանջարկը, ինչն էլ լուրջ խթան է հանդիսանում ջերմոցային տարածքների ընդարձակման ու արտադրության ծավալների ավելացման համար:

 

Անասնագլխաքանակի շարունակական աճի պայմաններում խրախուսվում է կերային մշակաբույսերի` առվույտի, կորնգանի, եգիպտացորենի, ճակնդեղի մշակությանը:

 

Վերջին տարիներին իրականացվող պետական աջակցության տարբեր ծրագրերի իրականացման շնորհիվ բարենպաստ պայմաններ են ստեղծվել գյուղատնտեսական արտադրության զարգացման համար: Նոր, ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրումը էապես կնպաստի գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացմանը, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը, իսկ որակյալ և մատչելի գներով արտադրանքի արտահանումների ծավալների ավելացումը հնարավորություն կտա բացառել գյուղմթերքի կտրուկ գնանկումը և երաշխիքներ կստեղծվեն արդյունավետ տնտեսվարման համար:

 

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել