ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

2015-06-19

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են մթերման սեզոնի մեկնարկին առնչվող հարցեր, մասնավորապես, ծիրանի մթերման աշխատանքների կազմակերպման խնդիրը:

 

‹‹Այս տարի առատ բերք է սպասվում, բերքահավաքի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, և վերամշակող ընկերությունները պետք է պատրաստ լինեն պատշաճ կերպով կազմակերպել մթերումները ›, – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարն առանձնահատուկ ընդգծել է մթերման աշխատանքները սահուն և ժամանակին կազմակերպելու անհրաժեշտությունը:

 

Նախարարի խոսքով` այս տարի հատկապես ծիրանի առատ բերք է սպասվում, և ակնկալվում է, որ արտադրության ծավալները կգերազանցեն անգամ 2013 թվականի ցուցանիշները: Նախարարը նաև հավելել է, որ այս տարի նախատեսվում է ապահովել ծիրանի մեծածավալ արտահանումներ պայմանավորված Հայաստանի անդամակցությամբ Եվրասիական տնտեսական միությանը՝ հայտնելով, որ հայկական ծիրանը մեծ պահանջարկ ունի հատկապես ռուսաստանյան շուկայում:

 

Նախարարը հորդորել է նաև տեղական ընկերություններին ակտիվորեն մասնակցել արտասահմանյան գյուղատնտեսական ցուցահանդեսներին՝ վստահություն հայտնելով, որ դա կնպաստի ինչպես հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը, այնպես էլ գործարար նոր կապերի հաստատմանն ու աշխուժացմանը:

 

Ծանոթանալով ընկերությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին՝ նախարարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հնարավորության սահմաններում աջակցել լուծումներ գտնելու հարցում:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել