ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ ՄԶԳ պատվիրակության հետ քննարկել է համատեղ ծրագրերը

2015-06-16

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացը և Գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը: Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության հետագա հեռանկարները:

 

Ընդգծելով հատկապես «Մաքուր էներգիա և ջուր», «Աջակցություն Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառմանը», ինչպես նաև «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնին» ծրագրերի բարեհաջող ընթացքն ու արդյունավետությունը` նախարար Սերգո Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ այդ ծրագրերը մեծապես նպաստում են Հայաստանի ագրարային ոլորտի զարգացմանն ու համայնքների բարեկեցության բարձրացմանը:

 

Այնուհետև նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը, մատնանշել առաջնահերթությունները: Անդրադառնալով ոլորտի առկա խնդիրներին` նախարարը, մասնավորապես, շեշտել է գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, ձկնաբուծարաններում արդիական ռեսուրսախնայող և արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը: Այս համատեքստում նախարարը հատկապես կարևորել է մի շարք ձկնաբուծարաններում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացվող պիլոտային ծրագրերի իրականացման կարևորությունը:

 

«Գյուղատնտեսության ոլորտի մի շարք ճյուղերում առկա են հնարավորություններ ոչ միայն կրկնապատկել, այլև եռապատկել արտադրության ծավալները, ինչը կհանգեցնի նաև արտահանման ծավալների ավելացմանը», – նշել է իր խոսքում նախարարը:

 

Միաժամանակ Սերգո Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է ԱՄՆ և Եվրամիության երկրների հետ տարբեր ոլորտներում, այդ թվում նաև` գյուղատնտեսության բնագավառում հարաբերությունների ընդլայնումն ու եվրոպական շուկա մրցունակ գյուղմթերքի արտահանումը:

 

Իր հերթին պարոն Կացը հավաստիացրել է, որ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող երկկողմ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ: Նա նաև հնարավոր է համարել հետագայում ընդլայնել Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակը` ելնելով ոլորտի առաջնահերթություններից:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել