Երևանում մեկնարկել է ‹‹ԱՀԿ. մուտք դեպի շուկա և ձկնաբուծության բնագավառում առևտրին առնչվող խնդիրներ›› խորագրով աշխատաժողովը

2015-06-16

1 (1)Երևանում այսօր մեկնարկել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Եվրոֆիշ միջազգային կազմակերպության հետ համատեղ կազմակերպված ‹‹Առևտրի համաշխարհային կազմակերպություն. մուտք դեպի շուկա և ձկնաբուծության բնագավառում առևտրին առնչվող խնդիրներ›› խորագրով եռօրյա աշխատաժողովը, որին ներկա է գտնվել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ գյուղատնեսության նախարար Սերգո Կարապետյանը: Աշխատաժողովին մասնակցում էին նաև «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության տնօրեն Աինա Աֆանասևան, ներկայացուցիչներ շուրջ 20 եվրոպական երկրներից:

 

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` նախարարը մասնավորապես նշել է, որ ձկնաբուծությունը հանդիսանում է հանրապետության ագրոպարենային ոլորտի առաջատար ճյուղերից մեկը` կարևորելով ոլորտի զարգացումը ինչպես երկրի պարենային անվտանգության ապահովման, այնպես էլ գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների արտաքին ապրանքաշրջանառության բարելավման տեսանկյունից:

 

«Ձկնաբուծությունը Հայաստանի համար հեռանկարային ճյուղ է և ունի զարգացման մեծ ներուժ, որի լիարժեք օգտագործումը հնարավոր է միջազգային առաջատար կազմակերպությունների հետ համագործակցու­թյան, զարգացած երկրների պրակտիկայում առկա արդիական ռեսուրսախնայող և արդյունավետ տեխնոլոգիաների աստիճանական ներդրման, միջազգային չափանիշներին բավարարող արտադրանքի ստեղծման և ձկնամթերքի արտահանման ավելացման միջոցով»,- իր խոսքում ընդգծել է նախարարը:

 

Նախարարի խոսքով` վերջին տարիներին իրականացված քաղաքականության, մասնավորա­պես արտահանմանն ուղղված պետական աջակցության արդյունքում էականորեն ավելացել են ձկան արտադրության և արտահանման ծավալները: Ձկնաբուծությունից ստացվող համախառն արտադրանքի արժեքը կազմել է 28.7 մլրդ դրամ, որը գերազանցել է 2013 թվականի մակարդակը 24.6 %-ով: 2011-2014թթ. ընթացքում ձկան արտադրությունն ավելացել է ավելի քան 2.0 անգամ: Էականորեն ընդլայնվել է արտահանման ծավալը, այն 2014 թվականին կազմել է 2706 տոննա` 2011 թվականի 1600 տոննայի դիմաց:

 

«Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության տնօրեն Աինա Աֆանասևան իր հերթին շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին և իր երախատագիտությունը հայտնելով գյուղատնտեսության նախարարությանը մեծ աջակցության համար` հույս է հայտնել, որ այս տարածաշրջանային աշխատաժողովը, որը համախմբել է եվրոպական շուրջ 20 երկրների փորձագետների, կարևոր նշանակություն կունենա ամուր համագործակցության ծավալման, փորձի փոխանակման և ոլորտի վերջին զարգացումների մասին համապարփակ իրազեկման առումով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել