Երևանում բացվել է տարածաշրջանում իր տեսակով եզակի թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիա

2015-06-23

1Այսօր Երևանում տեղի է ունեցել թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:

 

Լաբորատորիան բացվել է «Հայաստանում թունաքիմիկատների որակի վերահսկողության և դրանց մնացորդային քանակների նկատմամբ մոնիտորինգի աջակցության» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից` ՀՀ կառավարության հետ համատեղ:

 

Ծրագրի նպատակն է հնարավորություն ստեղծել միջազգային չափորոշիչներին համապատասխան վերահսկել վաճառվող թունաքիմիկատների որակը և իրականացնել թունաքիմիկատների մնացորդային քանակների մոնիթորինգ ` գյուղատնտեսական արտադրանքի բարելավման նպատակով:

 

Շնորհակալություն հայտնելով Հունաստանի կառավարությանը լաբորատորիայի ստեղծման գործում ցուցաբերած աջակցության համար` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է մեզանում նման լաբորատորիայի կարևորությունը:

 

«Համոզված եմ, որ այս լաբորատորիան, որն իր տեսակով եզակի է և միակը տարածաշրջանում և հնարավորություն է ստեղծում գերժամանակակից սարքավորումների միջոցով ներկրվող թունաքիմիկատների փորձաքննություն իրականացնել, մեծապես կնպաստի մեր երկրում սննդամթերքի որակի բարելավմանը», – նշել է նախարարը:

 

Նախարարը շնորհավորել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը նման լաբորատորիայի գործարկման առիթով և հույս է հայտնել, որ այն կօգնի հետագա աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը:

 

Իր հերթին ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը հույս է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը այսուհետ ևս կզարգանա ու կընդլայնվի, իսկ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել