Օկնոգինա հայկական թիթեռների կենսակերպը և դրա դեմ պայքարի առաջարկվող մեթոդները

2015-05-15

inner10501331Ocnogina loevii armena (Hubner,1790)-ն արջաթիթեռների (Arctiidae) ընտանիքի Ocnogina ցեղի ներկայացուցիչներից մեկն է, Հայաստանում հանդիպում է Գյումրիի սարահարթում, Արաքսի հովտում և Արարատյան հարթավայրի այլ շրջաններում: Թիթեռները հանդիպում են քարքարոտ չմշակված տարածքներում: Թրթուրները խիստ շատակեր են, սնվում են հիմնականում մոլախոտերով (օշինդր, իշակաթնուկ և այլն),  ինչպես նաև մշակովի բույսերով, հատկապես զանգվածային զարգացման բռնկման տարիներին: Հայաստանում որպես լուրջ վնասատու առաջին անգամ գրանցվել է 1927 թ. խաղողի վազի և շերամի մացառների վրա: 1936 թ. ուժեղ վնասել է տանձենու մացառը: Նշված է նաև որպես բամբակենու, առվույտի, կորնգանի, ցորենի, գարու, տարեկանի վնասատու: 1939 թվականից Սպիտակի և Ախուրյանի շրջաններում օկնոգինան հաճախակի վնասել է շաքարի ճակնդեղը: Գրականության մեջ նշվում է, որ 1939թ. Սպիտակի շրջանում շաքարի ճակնդեղի ցանքերում 150 հա տարածության վրա օկնոգինայի թրթուրները ոչնչացրել են բույսերի 80-85%-ը, որի պատճառով կրկնացանք է կատարվել: Օկնոգինա թիթեռի անվանումը թարգմանվում է որպես “ծույլ կին”, քանի որ էգ թիթեռի թևերը թերզարգացած են և նա չի թռչում, իր ամբողջ կյանքը անց է կացնում ճյուղին կպած՝ արուին սպասելով: Ուշ աշնանը՝ հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին, զուգավորումից հետո էգերը ձվադրում են կույտերով՝ քարերի տակ, վերնահողի գուղձերի տակ կամ հողաճեղքերում: Կույտերում ձվերի քանակը կարող է լինել 500 մինչև 750 հատ: Քանի որ ձվադրումը կատարվում է մի քանի անգամ, ապա մեկ էգը կարող է մինչև 1500 ձու դնել: Ձմեռում են ձվերը: Անմիջապես ձնհալքից հետո ձվերից դուրս են գալիս թրթուրները: Սկզբնական շրջանում ապրում են խմբերով` հատուկ սարդոստայնից հյուսած բներում: Յուրաքանչյուր բնում նրանք մնում են 6-9 օր, որից հետո տեղափոխվում են ուրիշ բույսերի վրա, նորից բույն հյուսում և ապրում խմբով: Թրթուրների կյանքի տևողությունը այդ բներում կազմում է 30-35 օր: 4-րդ հասակի թրթուրները բներից դուրս գալուց հետո շարունակում են ապրել խմբերով, բայց բներ էլ չեն գործում: Հենց այս ժամանակ են առավել մեծ վնաս հասցնում, քանի որ շատակեր և անհագ են: Վերջին  5-6-րդ հասակի թրթուրները, արագ տեղաշարժվելով, ցրվում են, անցնում հարակից հողամասեր, այդ թվում` նաև մշակովի տարածքներ և խժռում ճանապարհին հանդիպած ամբողջ կանաչ մասսան: Դա նման է արշավանքի: Կյանքի այս ցրված ապրելու շրջանը  տևում է 20-25 օր: Այսպիսով, զարգացման թրթուրային ողջ փուլը տևում է 50-60 օր: Ամեն մաշկափոխությունից հետո թրթուրները աճում են չափերով և տեղափոխվում նոր բույսերի վրա: Սնուցումը ավարտելուց հետո, թրթուրները հարսնյակավորվում են հողի 10-15 սմ խորությամբ շերտում կամ քարերի տակ նուրբ բոժոժում, սակայն հաճախ հանդիպում են նաև մերկ հարսնյակներ: Հարսնյակավորման փուլը տևում է 4-5 ամիս, որոշ տվյալնրով 6-7 ամիս՝ հունիսի առաջին կեսից մինչև հոկտեմբերի վերջ նոյեմբեր ամիսներ: 

 

 ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑՆԵՐ

 

Քիմիական մշակում`սրսկում. Միջատասպան թունաքիմիկատներով՝ կոնֆիդոր` 0,3 լ/հա, դեցիս` 0,3 լ/հա, ցիմբուշ` 0,2 լ/հա, կարատե` 0,3 լ/հա, դուրսբան` 2 լ/հա, բիոպրեպարատներով`   բիտոքսիբացիլլին 2,5կգ/հա, լեպիդոցիդ 1.5 կգ/հա

 

Մեխանիկական. Նույնիսկ բարձր արդյունավետությամբ օժտված թունաքիմիկատների օգտագործման դեպքում, մեխանիկական մեթոդները բավականին արդյունավետ են.

 

Հողի մշակում` խոր վար, ձմեռային բների ոչնչացում կամ այրում
65 օ C ջրով արմատների մշակում մինչ ձնհալը,
Վաղ գարնանը` գիշերային ժամերին, թփերի մաքրում, քանի դեռ թրթուրները փոքր հասակի են և գտնվում են բներում խմբերով հավաքված,
Լուսաթակարդների միջոցով, քանի որ թիթեռները գիշերն են թռչում

 

 Աղբյուրը` «Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ

Տպել