Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

2015-05-04

2Պաշտոնական այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները, դրանց ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Կողմերը հատկապես շեշտել են անասնաբուծության և կաթնամթերքի արտադրության բնագավառներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կարևորել է Ավստրիայի հետ համագործակցության շրջանակում տոհմային կենդանիների ներկրման ծրագիրը, որը նախատեսում է բարելավել գյուղատնտեսական կենդանիների գենետիկական հատկանիշները, ինչպես նաև կենդանիների համարակալման և առողջության բարելավման արդիական համակարգի ներդրումը:

 

 

Նախարարներն ընդգծել են իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև փորձի և գիտական տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը, մասնավորապես օրգանական գյուղատնտեսության, գյուղատնտեսական կոոպերատիվների, հացահատիկային մշակաբույսերի սերմնաբուծության, անտառների կայուն կառավարման բնագավառներում:

 

Նախարար Սերգո Կարապետյանն ավստրիացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան:

 

Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Ավստրիայի գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարարության միջև գյուղատնտեսության և անտառային տնտեսության բնագավառներում համագործակցության մասին:

 

Նույն օրը նախարար Կարապետյանը հանդիպումներ է ունեցել նաև Ավստրիայի Եվրոպական, ինտեգրման և արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության և միջազգային զարգացման քաղաքականության բաժնի ղեկավար, դեսպան Պետեր Լաունսկիի, ինչպես նաև Ավստրիայի զարգացման գործակալության ղեկավար Մարտին Լեդոլտերի հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ գործակալության կողմից Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ իրականացված և նախանշվող ծրագրեի շուրջ: Պարոն Կարապետյանը, ընդգծելով հատկապես անասնաբուծության բնագավառում զարգացման ծրագրեր իրականացնելու կարևորությունը, առաջարկել է ավստրիական կողմին ուսումնասիրել Հայաստանում տոհմային անասնաբուծական տնտեսություն հիմնելու, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման համակարգ ներդնելու հնարավորությունները:

 

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմաններում Հայաստանի և ԵՄ պետությունների հետագա համագործակցության հարցին: Նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ մեզ համար եվրոպական երկրների հետ համագործակցությունը համարվում է առաջնային ուղղություն, և դրա համար առկա են իրատեսական հնարավորություններ: Մասնավորապես նպատակահարմար է եվրոպական ներդրումներով Հայաստանում կազմակերպել կաթի, մսի, բանջարեղենի, մրգի վերամշակման գործարաններ՝ պատրաստի արտադրանքը դեպի ԵՏՄ երկրներ արտահանելու հեռանկարով: Ավստրիական կողմը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել ներկայացված առաջարկությունները և առաջիկայում գործնական քայլեր իրականացնել այս ոլորտներում համագործակցություն ծավալելու ուղղությամբ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին 

 

 

Տպել