Պտղատու այգիների խնամքի և մշակության տեխնոլոգիաները մայիս-հունիս ամիսներին
2015-05-13
Մայիս և հունիս ամիսներին պտղատու այգիների տարածքը և հարակից տարածքները մաքուր պահել մոլախոտային բուսականությունից /հնձել կամ մշակել համապատասխան հերբիցիդներով/: Այգիները անհրաժեշտ է ժամանակին ջրել և պայքարել վնասատուների և հիվանդությունների դեմ: Այդ ժամանակաշրջանում հնդավոր և կորիզավոր պտղատու ծառերը պետք է պաշտպանել պտղակերի առաջին սերնդից` արևելյան պտղակերից, լվիճներից, տզերից, վահանակրերից: Դրա համար խորհուրդ է տրվում գյուղատնտեսների օգնությամբ ճիշտ ընտրել պայքարի համար համապատասխան թունաքիմիկատները:
Վերը թվարկած վնասատուների դեմ կարելի է պայքարել Օպերկոտ 10լ –ին 3-5գր, Կինմիկս 10լ-ին 20գր, Ակտարա 10լ-ին 20-80գր, Նուրել – Դե 10լ-ին 15գր և այլ թունաքիմիկատներով: Աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով խորհուրդ է տրվում միաժամանակ կազմակերպել մշակաբույսերի հիվանդությունների դեմ պայքար: Խորհուրդ է տրվում վերը նշված միջատասպան թունաքիմիկատները համատեղել սնկասպան թունաքիմիկատների հետ, օրինակ` Ստրոբի 10լ-ին 5գր, Ազոգոլդ 10լ- ին 5գր, Կվադրիս 10լ- ին 5գր: Վերջիններս ունեն կրկնակի ազդեցություն, ոչնչացնում են իսկական և կեղծ ալրացողային սնկերի առաջացրած հիվանդությունները, օրինակ` խաղողի վրա Օիդում և Միլդյու հիվանդությունները միաժամանակ: Նշված թունաքիմիկատներով կարելի է պայքարել խաղողի ողկյուզակերի և մյուս մշակաբույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ: Կարելի է օգտագործել նաև ուրիշ սնկասպան թունաքիմիկատներ՝ Ռիդոմիլ Գոլդ 10լ- ին 40գր, Տոպազ 10լ- ին 5մլ, Խորուս 10լ- ին 3գր և այլն: Պտղատու այգիների ճիշտ մշակությունը նույնպես պայքար է հիվանդությունների և վնասատուների դեմ: Այդ նպատակի համար այգիների հողի ճիշտ մշակության հիմնական համակարգերն են՝ 1. Սև ցելը 2. Զբաղեցրած ցելը 3. Արհեստական ճմակալումը 4. Բնական ճմակալումը:
Նշված համակարգերը իրենց տեխնոլոգիական լուծումներով հանդերձ պետք է 2-3 տարին մեկ հերթափոխել: Շատ կարևոր է այգիների ոռոգման ձևը: Առաջավոր տեխնոլոգիաներով առավել արդյունավետ են անձրևացման, կաթիլային ոռոգման ձևերը: Արդյունավետ է նաև այգիների միջշարային տարածություններում ակոսային ջուրը, որը մինչ այդ ջրումներից լավագույնն ու արդյունավետն է: Այգիների նորմալ աճի և պտղաբերման համար շատ կարևոր են պարարտացման սնուցման միջոցառումները: Մյուս մշակաբույսերի ընթացիկ աշխատանքներում պետք է ճիշտ սահմանել ոռոգման ժամկետները, քաղհան- փխրեցումների և սնուցումների քանակը և դաշտերը մաքուր պահել մոլախոտային բուսականությունից:
Աղբյուրը` «Արարատի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ