ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին
2015-05-27
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին:
Ընդգծելով ՊԳԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը` նախարարը հույս է հայտնել, որ դրանք կունենան շարունակական բնույթ` ներառելով գյուղատնտեսական այլ ճյուղեր ևս:
«Առաջիկայում մենք նպատակ ունենք ընդլայնել ՊԳԿ-ի հետ համագործակցության շրջանակները և իրականացնել նոր համատեղ ծրագրեր` ելնելով ՀՀ գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթություններից», – նշել է իր խոսքում նախարարը:
Այս համատեքստում նախարարը, մասնավորապես, կարևորել է հակակարկտային ցանցերի, ոռոգման նորագույն համակարգերի, ձկնաբուծության ոլորտում օգտագործվող ջրի խնայողատար տեխնոլոգիաների ներդրման, անասնապահության ոլորտում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման անհրաժեշտությունը:
Անտոնիո Ալոնզին տեղեկացրել է, որ մոտ ապագայում Հայաստանում նախատեսվում է իրականացնել փորձնական ծրագիր ձկնաբուծության ոլորտում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին