ՀՀ գյուղատնտեսության նախարարը Կոտայքի մարզում մասնակցել է պեկան տեսակի ընկուզենու այգիների հիմնման արարողությանը

2015-05-30

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Եղվարդ համայնք, որտեղ մասնակցել է լիբանանյան Gardenia Lebanese Farms L.L.C. Pecan Farms ընկերության կողմից իրականացվող ընկուզենու այգիների հիմնման պաշտոնական մեկնարկի արարողությանը: 

 

Ողջունելով հյուրերին` նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ծրագրի հեղինակներին և աջակիցներին նման կարևոր նախաձեռնության համար:

 

«Ես բարձր եմ գնահատում այս ծրագրի իրականացումը, քանի որ այն նոր համագործակցություն է երկու երկրների գյուղատնտեսության ոլորտներում, որի շրջանակում Եղվարդ համայնքում այսօր հիմնվել է պեկան տեսակի ընկուզենու այգի, որն իր տեսակով միակն է հանրապետությունում»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարի խոսքով` ընկերությունն անցյալ տարի ցանկություն էր հայտնել Հայաստանում այգիներ հիմնել, այդ նպատակով Եղվարդում գնել էր 100 հեկտար անմշակ հող և այսօր արդեն 22 հեկտար տարածքի վրա հիմնել է ընկուզենու այգիներ: Այգիներում ներդրվել է կաթիլային ոռոգման համակարգ, նախատեսվում է նաև հետագայում կարկտապաշտպան ցանցեր տեղադրել:

 

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարությում եմ, որ 6 տարվա ընթացքում Հայաստանն իր պատվավոր տեղը կունենա պեկանի արտադրության աշխարհի քարտեզի վրա»,- իր խոսքում ընդգծել է Gardenia Lebanese Farms L.L.C. ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլա Աբու Ֆայզալը:

 

Նրա խոսքով` ընկերության կողմից իրականացվող ծրագրերի եկամուտները կմնան Հայաստանում. Հայաստանն իմ սրտում է և նրա ապագան շատ լավն է` հավելել է Նիկոլա Աբու Ֆայզալը:

 

Նշենք, որ Լիբանանի Gardenia Lebanese Farms L.L.C. ժամանակակից սննդի արտադրության ընկերությունը տարածաշրջանի ամենամեծ և հայտնի ընկերություններից մեկն է և իր արտադրանքն արտահանում է աշխարհի ավելի քան 43 երկրներ: Այժմ Gardenia Grain D’Or ապրանքանիշը համարվում է Մերձավոր Արևելքի առաջատար ապրանքանիշերից մեկը:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

 

 

Տպել