Ամփոփվել են անասնապահության և բուսաբուծության ոլորտներում վերջին տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները
2015-05-22
Այսօր տեղի է ունեցել նախարարի տեղակալներ Գրիշա Բաղիյանի և Սամվել Գալստյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ամփոփվել են բուսաբուծության և անասնապահության ոլորտներում գյուղատնտեսական տարվա արդյունքները:
Գրիշա Բաղիյանը, նշել է, որ լինելով ՀՀ գյուղատնտեսության առանցքային ճյուղերից մեկը, անասնաբուծությունը 2014 թվականին ապահովել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի 39%-ը:
«Վերջին տարիներին անասնաբուծության ոլորտում իրականացված ծրագրերի և հետևողական աշխատանքի շնորհիվ համաձայն Ազգային վիճակագրական ծառայության կողմից ամփոփված ցուցանիշների 2014 թվականին նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել է թե’ անասնագլխաքանակի և թե’ կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների աճ», – նշել է նախարարի տեղակալը:
Մասնավորապես նրա խոսքով` 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ տավարի գլխաքանակը ավելացել է 10.9 հազար գլխով և կազմել 688.5 հազար գլուխ, ոչխարների և այծերի գլխաքանակն ավելացել է 28.3 հազար գլխով և կազմել 745.8 հազար գլուխ, խոզերի գլխաքանակը ավելացել է 2.6 հազար գլխով, իսկ թռչունների գլխաքանակն ավելացել է 21.0 հազար գլխով և կազմել 4 մլն 122 հազար գլուխ:
Գրիշա Բաղիյանի խոսքով, 2014 թվականին ավելացել են նաև կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալները: Ընդ որում, մսի իրացման ծավալներն ավելացել են 16.5 հազար տոննայով և կազմել 163.3 հազար տոննա, կաթի արտադրության ծավալներն ավելացել են 43.4 հազար տոննայով` կազմելով 700.4 հազար տոննա, իսկ ձվի արտադրության ծավալներն ավելացել են 23.1 մլն-ով և կազմել 638.3 մլն հատ:
Անդրադառնալով ձկնաբուծության ոլորտին` Գրիշա Բաղիյանը նշել է, որ 2014 թվականին զգալի աճել է ձկան համախառն արտադրությունը` կազմելով 13.9 հազար տոննա, ինչը 2.3 հազար տոննայով գերազանցել է 2013 թվականի ցուցանիշը:
Ձկան արտադրության ծավալներին զուգընթաց 2014 թվականին ավելացել են նաև ձկան արտահանումների ծավալները: 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՌԴ է արտահանվել ավելի քան 2.7 հազար տոննա ձուկ, նախորդ տարվա 2.4 հազար տոննայի դիմաց: Բացի այդ, արտահանվել է նաև 6.3 տոննա խավիար:
Իր հերթին Սամվել Գալստյանը նշել է, որ պետական աջակցության շարունակական ծրագրերի շնորհիվ բուսաբուծության ոլորտում ևս 2014 թվականին գրանցվել է կայուն աճ:
«Այդ ծրագրերը նպաստում են հողերի արդյունավետ և նպատակային օգտագործմանը, ցանքատարածությունների և համախառն բերքի ավելացմանը, ապահովում տնտեսական կայուն աճ, հողօգտագործողների եկամուտների ավելացում», – նշել է նա:
Սամվել Գալստյանը հատկապես կարևորել է պարարտանյութերի ներկրման ծրագիրը, որի շրջանակում ներկրվում և հողօգտագործողներին մատչելի գներով տրամադրվում են ոչ միայն ազոտական, այլ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր` հողերի միակողմանի պարարտացումը կանխելու նպատակով:
Այս տարի ևս 2 տոկոսային կետով ավելացվել է գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը, որի արդյունքում հանրապետության բոլոր համայնքներում գյուղացիական տնտեսությունները հնարավորություն ունեն վարկեր ձեռք բերել 8 % տոկոսադրույքով:
Ս. Գալստյանի խոսքով` 2015 թվականին հանրապետությունում նախատեսվում է ավելացնել հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի, բանջարեղենի, բոստանի, կարտոֆիլի ցանքատարածությունները:
Փոխնախարարը հավելեց, որ գյուղատնտեսական տարին բարենպաստ է, ջրամբարներում կուտակված ջրի պաշարները գերազանցում են նախորդ տարվա մակարդակը, և առկա են լավ նախադրյալներ պղտի, խաղողի կայուն բերք ապահովելու համար, որի ցուցանիշները կգերազանցեն նախորդ տարվա մակարդակը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին