Պոմիդորի մշակության ագրոտեխնիկան

2015-04-15

pomid4Պոմիդորը /tomato/ բանջարային մշակաբույսերից ամենատարածվածն է: Դա բացատրվում է նրա մեջ պարունակվող մեծ քանակի վիտամիներով, շաքարներով, թթուներով և այլ հանքային աղերով: Օգտագործվում է թարմ և վերամշակված վիճակում:

 

Պոմիդորի նախորդները

 

 Լավագույն նախորդներ են համարվում վաղահաս սպիտակագլուխ կաղամբը, ծաղկակաղամբը, դդմիկը, ընդեղենները: Թույլատրելի նախորդներ են հանդիսանում գլուխ սոխը, արմատապտուղները և ուշահաս կաղամբը:

 

Պոմիդորի մշակությունը

 

Եթե պոմիդորը մշակում են առանց ծածկոցներ օգտագործելու, ապա սածիլումը Արարատյան հարթավայրի գոտում պետք է կատարել ապրիլի 20­-ից, գարնանային ուշ ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո, իսկ նախալեռնային գոտում` մայիսի 15-­ից հետո: Պոմիդորի սածիլման համար պատրաստում են թմբեր և ակոսներ: Հնարավորության դեպքում, ավելի նպատակահարմար է սածիլներն աճեցնել տորֆաբուսահողային թաղարներում: Առավելությունը բարձր կպչողականությունն է, իսկ սածիլումից հետո աճի դադար տեղի չի ունենում, ստացվում է առավել բարձր ու վաղ բերք:

 

Պոմիդորի մշակության ժամանակ առուների (ակոսների) լայնությունը վերցվում է 70 սմ, իսկ խորությունը`15­20 սմ: Առուների երկարությունը պետք է ընտրել այնպես, որ ջուրը հավասար ու դանդաղ հոսի: Թմբերի լայնությունը կարելի է վերցնել 90 սմ և սածիլումը կատարել թմբի երկու կողմից: Միջբուսային տարածությունը վաղահաս սորտերի համար թողնել 20­25 սմ, իսկ միջահասներինը`մինչև 30 սմ: Թմբի մեկ կողմից սածիլման դեպքում միջշարային հեռավորությունը վերցնում են 70­80 սմ, միջբուսայինը` 25­30 սմ: Սածիլի պահանջը 1 հա­-ի վրա վաղահաս սորտերի համար կազմում է 60000, իսկ միջահասների համար`50000 հատ: Սածիլումը կատարում են նախօրոք ջրած և քեշի եկած հողում: Բացվում են փոսիկներ (բներ), դրանց մեջ լցնելով 200­-300գ. տորֆ կամ բուսահող, 2­3գ սուպերֆոսֆատ: Սածիլումը կատարում են հով ժամերին: Սածիլման ավարտելուց հետո անմիջապես ջրում են թույլ շիթով, այնպես, որ ջուրը սածիլները չծածկի: Սածիլումից 3­4 օր հետո, չկպած սածիլների տեղը անհրաժեշտ է լրացնել, նորից ջրել, ապա հողը քեշի գալուց հետո կատարել առաջին փխրեցումը`5­6 սմ խորությամբ, 10­15 օր բույսերը չպետք է ջրել: Երբ սածիլները սկսեն կանոնավոր աճել և մգանալ, անհրաժեշտ է սնուցել և ջրել, որից 2­3 օր հետո հողի քեշի վիճակում կատարել խոր բուկլից:

 

Հետագա ջրումները կատարվում են ըստ բույսի պահանջի: Արարատյան հարթավայրի պայմաններում, վեգետացիայի ամբողջ շրջանում պոմիդորը կարելի է ջրել 16­18 անգամ: Հետագա խնամքը` հող-ուրագով քաղհան­ փխրեցումներն են և սնուցումները: Քաղհան­ փխրեցումները 7­8 սմ­ից խոր չպետք է լինեն, որպեսզի չվնասվեն բույսի մազարմատները: Այս աշխատանքներով կազմակերպվում է պայքար մոլախոտերի դեմ և բարելավվում հողի օդափոխությունն ու խոնավությունը:

 

Պոմիդորի պարարտացումը

 

Հանքային պարարտանյութերի չարաշահումը, մանավանդ ազոտականինը, իջեցնում է բանջարեղենի սննդարժեքը, նվազեցնում բերքը, ազդում պահպանության, վնասատուների ու հիվանդությունների նկատմամբ դիմացկունության վրա, բարձրացնում է նիտրատների քանակը, նվազեցնում`շաքարները: Վեգետացիայի սկզբում, վեգետատիվ զանգվածի կազմակերպման շրջանում համեմատաբար մեծ պահանջ է զգացվում ազոտական պարարտանյութերի: Ծաղկման շրջանում մեծ է ֆոսֆորական, իսկ պտղակազմակերպման շրջանում` կալիումական պարարտանյութերի դերը: Սնուցումների համար նպատակահարմար է օգտագործել թռչնաղբահեղուկ և գոմաղբահեղուկ: Թռչնաղբահեղուկ պատրաստելու համար 1:1 հարաբերությամբ խառնում են չոր թռչնաղբ և ջուր: Մեկ շաբաթ խառնում են, ապա նոսրացնում 7­8 անգամ: Գոմաղբահեղուկ պատրաստելու համար 1 դույլ գոմաղբը լուծում են 6­7 դույլ ջրում, ապա օգտագործում: Սածիլումից 10 օր հետո կատարվում է առաջին սնուցումը` 1 բույսին 1 լ­իտրի հաշվով, շուրջ 15 օր հետո` երկրորդը, 10 լ ջրում լուծելով 10 գ կարբամիդ կամ 20 գ ամոնիակային սելիտրա, 10 գ կալիումական աղ,  40 գ հասարակ սուպերֆոսֆատ, այնպես որ պարարտանյութի ընդհանուր քանակը 10 լ ջրում կազմի շուրջ 60­70 գրամ: Յուրաքանչյուր բույսին պետք է տալ 1 լ:

 

Պոմիդորի բույսի ձևավորումը

 

Նախալեռնային և լեռնային շրջաններում պոմիդորի թուփը ձևավորում են 2­3 ցողունով: Ամենաբերքատուն հիմնական ցողունն է, ապա փոխարինողը: Բճաշվերը հեռացվում են մատղաշ վիճակում: Պտղի հասունացումն արագացնելու համար կարելի է նաև կատարել ցողունների ծերատում, յուրաքանչյուրի վրա 4­5 պտղաողկույզ թողնելուց հետո:

 

Պոմիդորի հիվանդությունները և պայքարը նրանց  դեմ

 

 Իսկական ալրացողի դեմ պայքարելու համար բույսերը սրսկում են բայլետոնի 0.05 % պատրաստուկով (3­5գ`10լ ջրում): Բակտերիալ սև և գորշ բծավորության դեմ կարելի  է պայքարել կուպրոզանի 0.4 % (4գ 10լ ջրում), բորդոյան հեղուկի 0.4­0.5 %, ցինեբի 0.3­0.4 % պատրաստուկներով, ինչպես նաև սերմերի ախտահանումով և բուսական մնացորդների հեռացմամբ: Մոխրագույն փտման և բակտերիոզի դեմ պայքարում են բորդոյան հեղուկի 0.3­0.5 % , կուպրոզանի 0.4 % (4 գ 10լ ջրում) և ցինեբի 0.5% պատրաստուկներով: Անհրաժեշտ է նաև հեռացնել վարակված պտուղները, հիվանդության նշանները երևալուց, խուսափել առատ և հաճախակի ջրումներից: Մոզաիկայի, ստրիկ գանգրոտության դեմ կիրառվում է սերմերի ախտահանում, գույքի և գործիքների վարակազերծում կալիում պերմանգանատի լուծույթով, ջերմային և խոնավության ռեժիմի կարգավորում: Սևոտիկ հիվանդության դեմ անհրաժեշտ է հողի վերին շերտը ջրել ՏՄՏԴ­ի 0.3 % (30 գ`10լ ջրում), բորդոյան հեղուկի 0.5 և պղնձարջասպի 0.25 % պատրաստուկներով: Պետք է խուսափել խոր ցանքից, կատարել չափավոր ջրումներ, հիվանդ սածիլներն անմիջապես հեռացնել, խուսափել միակողմանի ազոտական պարարտացումից: Արմատային փտախտի դեմ պայքարելիս պետք է հիշել, որ հիվանդությանը նպաստում են ցածր ագրոտեխնիկան, առատ և սառը ջրով ջրումները, հողում աղերի բարձր քանակությունը: Թառամելու դեմ պայքարի միջոցներն ուղղված են բույսերի աճի և զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Գագաթնային փտումը կանխելու նպատակով անհրաժեշտ է կարգավորել ջերմությունը և խոնավությունը, ապահովել օդափոխումը, հեռացնել հիվանդ պտուղները և բուսական մնացորդները: Պոմիդորի ստոլբուր վիրուսային հիվանդության դեմ պայքարելու համար հեռացվում են պատատուկ և այլ մոլախոտերը, քանի որ դրանց վրա է հավաքվում հիվանդությունը, միաժամանակ պայքարելով հիվանդությունը փոխանցող ցիկադների դեմ (կարբոֆոս 0.15%, էկամետ 0.15%): Տերևների բրոնզայնություն հիվանդությունը տարածվում է թրիպսի միջոցով: Պետք է դաշտը մաքուր պահել մոլախոտերից և պայքարել թրիպսների դեմ (կարբոֆոս 0.15 %):

 

Պոմիդորի վնասատուները և պայքարը նրանց դեմ

 

Սովորական ոստայնատիզ`­ պայքարել ակրեքսի 0.05 – 0.15 %(5­15 մլ`10լ ջրում), իզոֆենի 0.1­0.2 %, կելտանի 0.1­0.2 %, թեդիոնի 0.15­0.2 % պատրաստուկներով: Տարածված են նաև սպիտակաթևիկ, բոստանային և դեղձենու լվիճներ, թրիպս, ժանգատիզ վնասատուները, որոնց դեմ պայքարի համար արդյունավետ են ակտելիկ 0.1­0.15 %, ամբուշ 0.1­0.15 %, ցինբուշ 0.02­0.03 %(2­3 մլ`10լ ջրում), կարբոֆոս 0.1­0.15 %, կելտան 0.1­0.15 % պատրաստուկները: Տարածված են նաև սովորական արջուկ,ճռիկ, հողաբնակ բվիկ և լարաթրթուր վնասատուները, որոնց դեմ արդյունավետ են մետաֆոսի (5­6 գր.մ2 ­ ի հաշվով համակցված կերի 1:20 հարաբերությամբ), վոֆատոքսի և համակցված կերի 1:20 հարաբերությամբ գրավչանյութերը:

 

 Պոմիդորի բերքահավաքը

 

Բերքահավաքը պետք է կատարել ժամանակին: Հավաքված պտուղները անմիջապես տեսակավորվում են: Առողջ պտուղները կարելի է պահպանել մինչև 2 ամիս: Պահպանման համար պտուղները դասավորում են փոքր արկղերում` պտղակոթունները դեպի վեր: Կարելի է պտուղները փաթաթել թղթի մեջ և պահպանել 12 C­-ում:

 

Աղբյուրը` «Շիրակի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ

Տպել