ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին
2015-04-11
Երևան քաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին այսօր իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի, ինչպես նաև համակարգի կառույցների աշխատակիցները, ովքեր ծառեր են տնկել մայրաքաղաքի Նորք-Մարաշ և Նոր Նորք համայնքներում:
Կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու դրանց հանրության ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաև հանրապետությունում կանաչ տարածքների վերականգնումն ու ընդլայնումը այս տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հանդես է եկել նախաձեռնությամբ, որի շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջոցով անհատույց բարձրարժեք ծառատեսակների տնկիներ են տրամադրվում համայնքներին հանրապետության ամբողջ տարածքում լայն թափով ծառատունկ իրականացնելու նպատակով:
Այդ նախաձեռնության շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից մինչ օրս գարնանային ծառատունկի շրջանակում հանրապետության մի շարք համայնքների հատկացվել են շուրջ 170 հազար տարբեր ծառատեսակների, այդ թվում` կենսածառի, սոճու, ուռենու, շագանակենու, հացենու, ընկուզենու, կաղնու և այլ տնկիներ:
Երևանի քաղաքապետարանին այսօր կազմակերպված ծառատունկի համար հատկացվել է շուրջ 12 500 տնկի, նույնքան տնկիներ նախատեսվում է տրամադրել ապրիլ ամսվա ընթացքում:
Բացի այդ, անտառային տնտեսությունների ջանքերով արդեն իսկ այս տարի հանրապետության անտառային տարածքները համալրվել են ավելի քան 35 000 նոր ծառերով:
Շուրջ 1300 հատ բարձրարժեք ընկուզենու տնկիներ նախատեսվում է տրամադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` Շուշիի տարածաշրջանում ծառատունկ իրականացնելու նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին