ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն

2015-04-14

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արարատի մարզի Դարակերտ համայնքում գործող ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

 

Դրական գնահատելով հատկապես վերջին տարիներին կենտրոնի գործունեությունը` նախարարն ընդգծել է, որ բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի տեղական սորտերի մշակության ուղղությամբ տարվող աշխատանքները տարեցտարի ավելի բարեհաջող են ընթանում, ինչի շնորհիվ սերմնաբուծության ոլորտում տարեկան հաջողվում է ապահովել 30-40 տոկոս աճ:

 

«Մեզ համար գերակա խնդիր է մնում տեղական սերմնաբուծության արտադրության ծավալների ավելացման հաշվին ավելացնել բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի տարածումը մեր հանրապետությունում», – նշել է նախարարը` հավելելով, որ այդ ուղղությամբ կենտրոնը սերտորեն համագործակցում է նաև մասնավոր հատվածի հետ:

 

Նախարարը հայտնել է, որ ընթացիկ տարվա աշնանը կենտրոնում հոսքային գծերի տեղադրման և աշխատանքի մեքենայացման շնորհիվ հնարավոր կլինի առաջիկա տարիներին տեղական սորտերի սերմերի նկատմամբ առկա պահանջարկի մոտ 80 տոկոսն ամբողջությամբ բավարարել գիտական կենտրոնի արտադրության հաշվին:

 

Տեղեկացնելով, որ բանջարաբոստանային մշակաբույսերի թվում ներկայումս հանրապետությունում առավել մեծ պահանջարկ ունի հատկապես լոլիկը, Սերգո Կարապետյանը նշել է, որ այս տարի նախատեսվում է 2500 հեկտարով ավելացնել լոլիկի ցանքատարածությունները:

 

Իր հերթին գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանը նշել է, որ գյուղացիական տնտեսությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տեղական սորտերի նկատմամբ, և համոզմունք է հայտնել, որ կենտրոնում արտադրվող սերմերն ամբողջությամբ կսպառվեն:

 

 Այսօր գիտական կենտրոնն ունի բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի 3620-ից ավելի սորտեր, այդ թվում` 40-ից ավել լոլիկի սորտեր, որոնցից առավել մեծ պահանջարկ ունեն մասնավորապես «Անահիտ», «Արա», «Նոյ», «Հայաստանի հրաշք», «Երազ» և «Մուսա լեռ» տեսակները:

 

Սերմերի պահանջարկը և արտադրության ծավալները բավարարելու համար գիտական կենտրոնը համագործակցում է նաև մասնավոր տնտեսությունների հետ:

 

Բացի սերմարտադրությունից, գիտական կենտրոնն արդեն երրորդ տարին է, ինչ սածիլներ է աճեցնում, որոնք հետագայում իրացվում են հանրապետության բոլոր մարզերում:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տպել