ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի պատվիրակության հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը
2015-04-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատվիրակությանը, որը գլխավորում էր ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը: Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և նախարարության հետ համագործակցության հեռանկարները:
Հանդիպման սկզբում տիկին Հիլիարդը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության բնագավառում իրականացվող երկկողմ ծրագրեր շարունակական բնույթ կունենան: Այդ թվում, նա մասնավորապես կարևորել է «Աջակցություն Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառմանը», «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման», «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների համակարգի զարգացում», «Մաքուր էներգիա և ջուր», ինչպես նաև «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնին» ծրագրերը, որոնց իրականացումը կնպաստի կոոպերատիվների ստեղծմանը, ձկնաբուծության ոլորտում օգտագործվող ջրի խնայողատար տեխնոլոգիաների կիրառմանը, ֆերմերների մարքետինգային կարողությունների ուժեղացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական բարձրակարգ կրթության ապահովմանը:
Այս ենթատեքստում տիկին Հիլիարդը տեղեկացրել է, որ առաջիկայում ամերիկյան կողմը նպատակադրված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ նախաձեռնել եվրոպական և ԵՏՄ շուկաների ուսումնասիրման նոր ռազմավարություն մշակելու աշխատանքները:
«Մենք շատ ենք կարևորում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրարգրերը, քանի որ դրանք մեծապես նպաստում են մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Տիկին Հիլիարդն իր հերթին վստահություն է հայտնել, որ միջազգային, այդ թվում, և ամերիկյան կողմի ծրագրերը, նպաստում են Հայաստանի ագրարային ոլորտի զարգացմանը, ֆերմերների եկամուտների ավելացմանը և համայնքների բարեկեցության բարձրացմանը:
Հանդիպման ավարտին զրուցակիցները վերահաստատել են պատրաստակամությունը ընդլայնելու երկկողմ համագործակցությունն ու փոխգործակցությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին