Քննարկվել են ԳՄՀԸ (GIZ)-ի համատեղ ծրագրերն անտառների կառավարման ոլորտում

2015-03-09

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի նոր ղեկավար Աննե Դորիթ Քեմփային:

 

Ողջունելով հյուրին` նախարարն կարևորել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԳՄՀԸ «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի միջև վերջին տարիներին ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

 

«Մեզ հաջողվել է անտառային ոլորտում գրանցել զգալի առաջընթաց, ինչին մեծապես նպաստել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը: Համոզված եմ, որ ձեր պաշտոնավարման ընթացքում ՀՀ գյուղատնտեսութան նախարարության հարաբերությունները ԳՄՀԸ-ի հետ նոր թափ կստանան», – նշել է նախարարը:

 

Հանգամանորեն անդրադառնալով ընկերության հետ վերջին տարիներին իրականացրած համատեղ ծրագրերին` նախարարը մասնավորապես նշել է, որ այդ ժամանակահատվածում գործարկվել է անտառային պետական մոնիտորինգի հզորացման ծրագիրը, որի շրջանակում տիեզերական պատկերների վերծանման և վերլուծության միջոցով ներդրվել է հեռահար զոնդավորման համակարգը, անտառային տնտեսությունները հագեցվել են որոշակի տեխնիկական կարողություններով: Բացի այդ նախաձեռնվել են հանրային իրազեկման պիլոտային ծրագրեր, մշակվել է անտառկառավարման ազգային տեղեկատվական համակարգը, որը թույլ կտա անտառների կառավարմամբ և պահպանությամբ զբաղվող բոլոր հաստատություններին ստանալ ճշգրիտ և թարմ տեղեկատվություն:

 

Երկկողմ համագործակցության հեռանկարային ուղղությունների թվում Սերգո Կարապետյանը հիշատակել է անտառկառավարման պլանների մշակման հնարավորությունը, անտառային հողերի հաշվառման հետ կապված տեխնիկական միջոցների տրամադրումը, անտառների կառավարման տեղեկատվական համակարգի գործունեության համար իրավական դաշտի մշակումը, անտառտնտեսություններին ամենագնացների, հակահրդեհային սարքերի, անօդաչու միջոցների տրամադրումը, ինչպես նաև արոտավայրերի քանակական և որակական տվյալների գնահատումը և գյուղատնտեսական վարելահողերի մոնիթորինգը:

 

Ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Դորիթ Քեմփան իր հերթին վստահեցրել է նախարարին, որ ԳՄՀԸ ծրագրերը Հայաստանում կկրեն շարունակական բնույթ և համոզմունք է հայտնել, որ միասնական ուժերով կհաջողվի լուծում տալ ոլորտի առջև ծառացած խնդիրներին:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել