Պտղատու այգիների գարնանային մշակությունը

2015-03-13

wesnaԳարնան բացվելուն պես պետք է նախատեսել պտղատու այգիների գարնանային մշակության հետևյալ փուլերը. սպիտակեցնել ծառերի բները և կմախքային ճյուղերը, ծառերը պաշտպանել վնասատուներից և հիվանդություններից, կատարել էտ, կարգավորել ոռոգման ցանցը, պարարտացնել օրգանական և հանքային պարարտանյութերով և պատրաստել ծխակույտեր: Բույսերը տարվա ընթացքում ունենում են վեգետացիայի և հանգստի շրջան: Վեգետացիայի շրջանը սկսվում է վաղ գարնանը`բողբոջներն ուռչելու պահից, և վերջանում աշնանը` տերևաթափով: Հայաստանում դեղձենու և ծիրանենու վեգետացիան տևում է 7-8 ամիս, տանձենու, խնձորենու ներմուծված սորտերինը` 6-7 ամիս: Երիտասարդ ծառերի վեգետացիան ավելի երկար է, քան տարիքավորներինը, այն ավելի երկար է տևում բարձր ագրոտեխնիկայի պայմաններում: Տարվա ընթացքում ծառն ունենում է իրար հաջորդող փոփոխություններ` բողբոջների ուռչում, ծաղկում, շվերի աճ, պտուղների գոյացում, պտուղների հասունացում, տերևաթափ և այլն: Պտղատու այգիները շատ ծաղիկներ են տալիս, բայց 15-30 % է պտուղ գոյացնում, մնացածը թափվում են: Տերևաթափից հետո, երբ օդի ջերմաստիճանը 0 ˚C-ից ցածր է, պտղատու ծառերը անցնում են խորը հանգստի շրջան: Այդ ընթացքում բույսի կենսական գործընթացներն ընթանում են շատ դանդաղ: Հանգստի շրջանի տևողություն կախված է բույսի մեջ կուտակված սննդանյութերի պաշարից, օդի ջերմաստիճանից և օդի հարաբերական խոնավությունից:

 

Որպեսզի բույսը ուշ դուրս գա հանգստի շրջանից, հարկավոր է կատարել վաղ գարնանային ոռոգում և օգտագործել համապատասխան քիմիկատներ, որոնք հետաձգում են ծառերի ծաղկման ժամկետները: Պտղատու և հատապտղատու մշակաբույսերը կլիմայի նկատմամբ զգայուն են: Հիմնականում պետք է հաշվի առնել ձմռան ցածր ջերմաստիճանը, ուշ գարնանային և վաղ աշնանային ցրտահարությունները, պտուղների հասունացման համար միջին ջերմաստիճանը: Խանգարող հանգամանքներ են նաև կարկտահարությունները, մառախուղների, անժամկետ տեղումների և քամիների առկայությունը: Խնձորենու բացված բողբոջները լրիվ վնասվում են -8 ˚C-ի դեպքում: Ցրտահարության դեմ, մասնավորապես ծիրանենու համար, արդյունավետ միջոցներից է այգիների ծխեցումը: Տարվա ընթացքում բույսերի պահանջը խոնավության նկատմամբ փոխվում է հետևյալ կերպ. եթե վեգետացիայի ընթացքում պահանջվում է առավելագույն խոնավություն, ապա ծաղկման սկզբում պահանջը նվազում է, ծաղկման շրջանում դառնում աննշան, այնուհետև մեծանում և հասնում առավելագույնի: Տեղումների առավելագույն քանակը դժվարացնում է ծաղկափոշոտման գործընթացը, միաժամանակ բարենպաստ պայման է ստեղծում սնկային հիվանդությունների համար: Հատկապես գարնանը` ծաղկման շրջանում, և աշնանը` բերքահավաքին, բացասաբար են ազդում բույսի աճի և ծաղիկների փոշոտման վրա ամպամածությունն ու մառախուղը: Բերքահավաքի ընթացքում խոնավ պտուղները գրեթե կորցնում են պահունակությունը, փոխադրունակությունը և շուտ են փտում: Տերևները գերխոնավության պայմաններում սկսում են վարակվել սնկային հիվանդություններով, խիստ բազմանում են վնասատուները: Օդի խոնավության տևական պակասի դեպքում պտուղները լավ չեն դրսևորվում` շուտ են հասունանում, լինում են կոպիտ և ոչ պահունակ, իջնում է նրանց համային արժեքները, հարկավոր է կատարել կարգավորված ոռոգում: 

 

Այգու վերակառուցումը – Եթե ծառը երիտասարդ է, բայց տնկվել է ոչ հարմար տեղում, այն կարելի է վերատնկել, եթե ցանկալի սորտ չէ, կարելի է վերապատրաստել, եթե այս կամ այն պատճառով խիստ վնասվել է, պետք է արմատախիլ անել: Խորհուրդ չի տրվում ծառը կտրել, քանի որ կտրած ծառի արմատները փտում են շատ ուշ և շրջակայքում տնկված ծառերը թույլ են աճում: Ծառերը տնկում են վաղ գարնանը` մինչև վեգետացիայի սկիզբը, կամ աշնանը` տերևաթափից հետո, երբ տնկանյութը գտնվում է հանգստի շրջանում: Գարնանը` տնկումների ժամանակ, տնկիների հանման ընթացքում ծառերի արմատների վրա առաջացած վերքերի վերականգնումը և նոր արմատների առաջացումը ավելի արագ և ինտենսիվ է տեղի ունենում, քան աշնանը: Սակայն, նախապատվությունը տրվում է աշնանային տնկումներին, քանի որ գարնանը ծառատնկման օպտիմալ ժամկետը շատ կարճ է ` 10-15 օր: Եթե բնի կեղևը այնպես է վնասվել, որ կարող է ծառը չորանալ, ապա այն պետք է վերականգնել կամրջակ պատվաստով: Կարելի է վերականգնել նաև կեղևի վերապատրաստումով, այդ դեպքում ծառի վերքը մաքրում են նրան տալով երկրաչափական որևիցե ձև և այդ նույն ձևի չափի նույն կուլտուրայի ծառի կեղևի մասը հանում և տեղադրում վերքի վրա և ամուր կապում: Էտը սկսելուց առաջ անհրաժեշտ է իմանալ ծառի կառուցվածքը: Պտղատու ծառերի էտը պայմանականորեն բաժանվումէ հետևյալ ձևերի. նոսրացում` հիմքից հեռացվում են սաղարթի ներսում խտացնող, իրար խանգարող ճյուղերը, ճյուղերի կարճացում` հեռացվում է ճյուղի կամ շիվի 1/4-1/3 չափով, սաղարթի իջեցում, սաղարթի չափերի սահմանափակում, երիտասարդացում (վերականգնում):

 

 

Այգիների պարարտացումը -Հողի բերրիությունը պահպանվում է նրա հետևողական խնամքով, օրգանական և հանքային պարարտանյութերի պարարտացմամբ: Հողում սննդանյութերի պակասը հանգեցնում է պտղաբերության անկման, պտղաբերության հաճախականության արտահայտմամբ: Պարարտանյութերը պետք է հող մտցնել 25-30 սմ խորությամբ, քանի որ ծառի արմատները թափանցում են բավականին խորը և սաղարթի սահմաններից դուրս: Երիտասարդ այգիներում պարարտացումը պետք է տալ սաղարթի սահմաններում` բնի շուրջը: Այգու պարարտացման նորմաները կարելի է որոշել ելնելով հողի բերրիությունից, ծառի հասակից, ծանրաբեռնվածությունից: Հասուն գոմաղբը մեկ հա-ին ընդունված է տալ 25-30 տ կամ կենսահումուս` 2-3տ 1 հա-ին 3-5 տարին մեկ: Հանքային պարարտանյութերից` P-ը 60-150 կգ/հա, K 60-120 կգ/հա, N 60-130 կգ/հա, կիրառել 2 անգամ` գարնանը և աշնանը: Վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների կիրառումը նախապայման է առողջ բույսեր և պտուղներ ունենալու համար: Պայքարը պետք է սկսել ծառի բնի և կմախքային ճյուղերի սպիտակեցնելուց. 10 լ ջրին խառնել 2 կգ կիր և ավելացնել թարմ գոմաղբ կամ կավահող: Մեծ տեղ պետք է հատկացնել պայքարի մեխանիկական միջոցառումներին, որի ժամանակ պետք է կտրել, հեռացնել և ոչնչացնել վնասատուների ձմեռային բները, ձվակույտերը, ցեցաբները և այլն: Ծառի բներին որսող գոտիներ կապելու միջոցով խնձորենու պտղակերի թրթուրները հավաքել և ոչնչացնել: Արդյունավետ է լուսա և գունաթակարդների օգտագործումը: Գարնանը` մինչև բողբոջների ուռչելը, բացվելը, երբ օրվա միջին ջերմաստիճանը 4 ˚C-ից բարձր է, ծառերը սրսկել 0.4-0.8 %-ոց կարատեի լուծույթով: Այս միջոցառումները գրեթե ազատում են այգում ձմեռած վնասատուներից, ինչպիսիք են` վահանակիրները, տերևակերները, խնձորենու պտղակերները, բոստայնատզերը և այլն: Կորիզավոր պտղատու ծառատեսակների բողբոջների ուռչելու շրջանում ծառերը սրսկել 1-3 %-ոց բորդոյան հեղուկի լուծույթով, 0.25 %-ոց ռիդոմիլ գոլդի լուծույթով, 0.4 %-ոց տոպազի լուծույթով: Միջոցառումն ուղղված է դեղձենու գանգրոտության, կորիզավորների ծակոտկեն բծավորության, մոխրագույն փտախտի և այլ սնկային հիվանդությունների դեմ:

 

Աղբյուրը` «Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ 

Տպել