Պետական օժանդակության ծրագրերով ներկրված գարնանացան սերմացուի բաշխման գործընթացն ավարտվեց

2015-03-25

1Պետական օժանդակության ծրագրերի շրջանակում 2015 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից հանրապետություն է ներկրվել գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացու, որի վերջին խմբաքանակն այսօր Մասիսում գտնվող պահեստից ուղարկվեց Շիրակի և Արագածոտնի մարզեր:

 

Մասնավորապես 1013,8 տոննա գարնանացան գարու, 5,275 տոննա եգիպտացորենի, 59,24 տոննա առվույտի և 247,825 տոննա կորնգանի սերմացու ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից: Եվս 120 տոննա էլիտային վերարտադրության գարնանացան գարու սերմացու գնվել է տեղական սերմարտադրողներից` «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ից: Գարնանացան սերմացուի վերջին խմբաքանակը ներմուծվել է մարտի 20-ին:

 

Սերմացուն տրամադրվել է հողօգտագործողներին 2015 թվականի գարնանացանի աշխատանքները ժամանակին կատարելու համար` ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացման նպատակով:

 

«Սերմացուն հողօգտագործողներին հատկացվում է պետության կողմից ձեռք բերված արժեքից ավելի ցածր գներով: Մասնավորապես գարնանացան գարու 1 կգ-ը ձեռք է բերվել 324.6 դրամով, որը հողօգտագործողներին տրամադրվել է 130 դրամով, եգիպտացորենի 1 կգ-ը` 932.5 դրամով, որը տրամադրվել է 350 դրամով, առվույտը` 2695 դրամով, տրամադրվել է 1500 դրամով և կորնգանը` 562.9 դրամով, տրամադրվել է 370 դրամ», – իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը:

 

Նրա խոսքով` մարզերի կողմից սահմանված կարգով ներկայացված վճարունակ պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է:

 

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը, համաձայն պայմանագրերի, սերմացուն հատկացրել է մարզպետարաններին` ապահովելով սերմերի բեռնաթափումը մարզպետարանների կողմից հատկացված պահեստներում:

 

Սերմացուն հատկացվել է 0,3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարողներին: Առավելությունը տրվում է անասնապահությամբ և Հայաստանի Հանրապետության տավարաբուծության զարգացման ծրագրում ընդգրկված տնտեսավարողներին:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել