ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզում դիտարկել է ոռոգման համակարգը
2015-03-09
Ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները դիտարկելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Նախարարին ուղեկցում էին Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը, այլ պաշտոնատար անձինք:
Այցի սկզբում նախարարը հետևել է «Արարատ 1» և «Արմաշ»-ի ինքնակարգավորվող թվայնացված պոմպակայանի աշխատանքների ընթացքին, որը սպասարկում է շուրջ 1800 հեկտար ոռոգելի հողատարածքներ: Ինչպես տեղեկացրել են նախարարին, երկու պոմպակայանն էլ պատրաստ են ոռոգման սեզոնին և անհրաժեշտության դեպքում անմիջապես ձեռնամուխ կլինեն ջրամատակարարմանը:
Այնուհետև նախարարն այցելել է 16 կմ երկարություն ունեցող «Հրազդան-Արաքս»-ից սկիզբ առնող «Ձախ ճյուղ» ջրանցք: Պատասխանատուները համոզված են, որ այս տարի կատարված մաքրման աշխատանքները հնարավորություն կտան եռակի ավելացնել ջրի հոսքի ծավալները:
«Մարզի Արարատի տարածաշրջանում կային համայնքներ, որտեղ սակավաջրության պատճառով հողերի մի մասը չէր օգտագործվում: Այս տարի ջրանցքում մաքրման աշխատանքներ են կատարվել, որի շնորհիվ սահմանամերձ երեք համայնքներ` Սևակավանը, Երասխավանը և Արմաշն ամբողջապես կապահովվեն ոռոգման ջրով», – իր խոսքում մասնավորապես նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
Նախարարի խոսքով` մարզում կատարված դիտարկումը ցույց է տվել, որ ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքներն ամբողջությամբ կատարված են, և առաջին իսկ պահանջի դեպքում գյուղացիական տնտեսությունները կապահովվեն կայուն ջրամատակարարմամբ:
Այցի շրջանակներում նախարարը այցելել է նաև Արտաշատի ջրանցք, Վեդիի և Քաղցրաշենի պոմպակայաններ, որոնք նույնպես ոռոգման սեզոնին ընդառաջ ամբողջությամբ բերվել են աշխատունակ վիճակի:
Նախարարն եղել է նաև Արտաշատի խաղողի այգիներում և հետևել էտի ընթացքին:
Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արտաշատում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են մարզի ջրառների պետերը, ՋՕԸ-երի պետերը, քննարկվել են շրջայցի արդյունքում բացահայտված թերացումներն ու ոռոգման ոլորտում առկա այլ խնդիրները: Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին գյուղատնտեսական ողջ տարում իրականացնել անխափան ջրամատակարարում և միջոցներ ձեռնարկել ջրաբաշխման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին