ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային օրվա առթիվ

2015-03-07

Սերգո ԿարապետյանԹանկագին կանայք, մայրեր, քույրեր և աղջիկներ,

 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի` կանանց միջազգային օրվա առթիվ: Գարնանամուտի, բնության զարթոնքի շնչով առլեցուն այս գեղեցիկ տոնը, որով մեզանում ոչ պաշտոնապես մեկնարկում է նաև «կանանց մեկամսյակը», հայ կնոջ մեծարումի և գնահատանքի, նրան ջերմ ժպիտներ պարգևելու ևս մեկ հրաշալի առիթ է բոլորիս համար:

 

Դուք Ձեր անսահման ներողամտության, բարության, դժվարությունները հաղթահարելու ի վերուստ տրված ունակության և լավատեսության շնորհիվ կարողացել եք ինչպես ամուր պահել պետության կայացման և զարգացման հիմնական հենասյունը` ընտանիքը, այնպես էլ ակտիվ դերակատարում ունենալ երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

 

Հատկապես ցանկանում եմ ընդգծել կանանց դերը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում, որտեղ այսօր նրանք գերակշիռ մաս են կազմում: Գյուղերում ապրող կանանց համար գարունը ոչ միայն ծաղիկների, տոնական բարեմաղթանքների հաճելի սպասում է, այլ առաջին հերթին աշխատանքի, արարումի խորհուրդ ունի` հաճախ հոգսաշատ, մարտահրավերներով լի, բնության արհավիրքների, հողի հետ կռիվ տալու դժվարին առօրյա, որը նրանց անմնացորդ նվիրումի և ջանասիրության շնորհիվ ավարտվում է բերք ու բարիքի ծնունդով:

 

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս գարնանային տոնի առիթով և մաղթում եմ Ձեզ արևառատ օրեր, բազում բերկրալից, խանդավառ պահեր, անսահման սեր ու ուրախություն: Թող Ձեր կյանքի յուրաքանչյուր օրը պարուրված լինի երջանկության և այս գարնանաբույր տոնի զգացումով:

 

 

Տպել