ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Տյան Էրլունին

2015-03-02

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունին:

 

Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-չինական հարաբերությունները նոր լիցք կստանան:

 

Հանգամանորեն անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցությանը` նախարարը մասնավորապես նշել է, որ մեր երկրի անկախացումից հետո Չինաստանի կառավարությունը տեխնիկակական մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի գյուղատնտեսությանը:

 

 «Մենք շահագրգռված ենք դեպի չինական շուկա հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների ավելացմամբ», – նշել է իր խոսքում Սերգո Կարապետյանը` գոհունակությամբ հավելելով, որ հատկապես կոնյակի և գինու արտահանման ծավալներն օրըստօրե մեծանում են:

 

Հանդիպման ընթացքում նախարարը նաև առաջարկել է քննարկել Հայաստանում կոոպերատիվների չինական մոդելի ներդրման հնարավորությունը:

 

Դեսպան Տյան Էրլունն իր հերթին նշել է, որ հետաքրքրված է գյուղատնտեսության և հատկապես պարենային անվտանգության ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմամբ ու խորացմամբ և պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնմանը:

 

Հանդիպմանը նախարարն առաջարկել է Հայաստանում կազմակերպել գյուղատնտեսական ոլորտի բիզնես-ֆորում, որը հնարավորություն կընձեռի կողմերին ծանոթանալ երկու երկրներում թողարկվող պարենային ապրանքատեսակներին, ինչպես նաև խթան կհանդիսանա գործարար կապերի աշխուժացման և նոր ներդրողների ներգրավման համար:

 

Որպես երկու երկրների միջև ագրարային ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավոր ուղղություններ` կողմերն առանձնացրել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, ջերմատների կառուցումը, հակակարկտային ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը, ինչպես նաև համագործակցության խթանումը գիտական և խորհրդատվական ոլորտներում:

 

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին իր չինացի գործընկերոջը փոխանցել 2015 թվականին Հայաստան այցելելու հրավերը:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տպել