ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակության հետ քննարկել է բրուցելյոզի դեմ պայքարի համատեղ աշխատանքները
2015-03-18
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակությանը, որի կազմում էին Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռագանը, Անասնաբուժական և առողջապահական կենտրոնի տնօրեն Բես Փիերսը :
Վալերի Ռագանը հայտնել է, որ պատվիրակության անդամները երկշաբաթյա այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել ոլորտի պատասխանատուների հետ, մասնավորապես քննարկվել են կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր:
«Մենք մեծապես կարևորում ենք հանրապետությունում կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ տարվող պայքարի արդյունավետ միջոցների կիրառումը, և այս հարցում հատկապես գնահատելի է ձեր աջակցությունն ու համատեղ աշխատանքը հայ մասնագետների հետ», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես կարևորել են լաբորատորիաների վերազինման և արդիականացման, նորագույն տեխնիկայով համալրված սպանդանոցների ստեղծման, մասնագետների վերապատրաստման հարցերը:
Տիկին Ռագանը նշել է նաև, որ Հայաստանում իրականացված աշխատանքների արդյունքում հայ մասնագետների հետ համատեղ նախատեսվում է մշակել կենդանիների բրուցելյոզ հիվանդության վերահսկման համալիր ծրագրի նախագիծ, որը կնպաստի այդ հիվանդության ախտորոշման ու կանխարգելման աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը:
Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է կենդանիների հիվանդությունների վերացմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացումը` այդ ենթատեքստում բարձր գնահատելով պատվիրակության և հայ մասնագետների միջև համագործակցությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին