ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այցելել է Տավուշի մարզ

2015-03-05

makaryanՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր այցելել է Տավուշի մարզի տարածքում տեղակայված մի շարք ընկերություններ` ընթացիկ տարվա մթերումների գործընթացին առնչվող խնդիրների քննարկման նպատակով:

 

Փոխնախարարն այցի շրջանակում մասնավորապես եղել է պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող «Իջևանի գինու գործարանում», խաղող վերամշակող «Ագաթատ-Գոլդ», կաթ վերամշակող «Դիլի», պտուղբանջարեղենի վերամշակմամբ զբաղվող «Մագա», «Էկո գարդեն արտադրական կորպորացիա» ընկերություններում, ինչպես նաև Իջևան քաղաքում կառուցվող պտուղբանջարեղեն վերամշակող «Իջևան ֆուդ» ՍՊԸ-ում:

 

Ընկերությունների ղեկավարների հետ կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են նրանց գործունեության նախնական ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման տարբերակները: Հատկապես կարևորվել է ընթացիկ տարվա գյուղատնտեսական հումքի մթերման գործընթացի կազմակերպման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացման հարցը, ինչպես նաև գնված հումքի դիմաց գյուղացիական տնտեսություններին վճարումների ժամանակին կատարումը: Փոխնախարարը հորդորել է սկսել հումքի մթերման նպատակով գյուղացիական տնտեսությունների հետ գնման պայմանագրերի կնքման գործընթացը:

 

Սահմանամերձ Այգեպար և Այգեձոր գյուղական համայնքներում տեղակայված «Ագաթատ-Գոլդ» և «Էկո գարդեն արտադրական կորպորացիա» ՍՊԸ-ների ղեկավարները իրենց գոհունակությունն են հայտնել կառավարությունից սահմանամերձ գյուղական համայնքների տնտեսավարողների նկատմամբ հարկային արտոնություններ կիրառելու օրենսդրական նախաձեռնության համար:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել