ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այցելել է Վայոց Ձորի մարզ
2015-03-04
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այցելել է Վայոց Ձորի մարզ և հանդիպել Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի աշխատակազմի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու դժվարությունները, այդ կապակցությամբ` ԳԱՄԿ-ի մասնագետների ու խորհրդատուների անելիքները: Փոխնախարարը հատուկ ընդգծել է մարզում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների օգտագործման մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը` հավելելով, որ Վայոց Ձորի մարզն այս առումով հանրապետությունում ամենավերջին տեղն է զբաղեցնում: Եվ դա այն դեպքում, երբ մարզի բնակլիմայական պայմանները թույլ են տալիս ընդլայնել մի շարք բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը և հավելյալ արդյունք ապահովել:
Գառնիկ Պետրոսյանը ԳԱՄԿ-ի մասնագետների ուղեկցությամբ այցելել է նաև Չիվա, Արենի, Աղավնաձոր համայնքներ, զրուցել այգեգործների հետ, հետևել պտղատու ծառերի և խաղողի վազերի էտի ու ձևավորման աշխատանքներին, տվել համապատասխան խորհուրդներ: Ընդհանուր առմամբ, փոխնախարարը դրական է գնահատել մարզում իրականացվող գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին