ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվեցին սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրերին առնչվող հարցեր

2015-03-30

1Մարտի 30-ին տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, կոլեգիայի նախագահ Սերգո Կարապետյանը:

 

Նիստին հրավիրված էին նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Արմեն Հայրապետյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, նախարարության համակարգի գիտական կենտրոնների ղեկավարներ, այլ պաշտոնյաներ, ինչպես նաև սերմարտադրող ֆերմերներ Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերից:

 

Կոլեգիայի օրակարգային հարցը վերաբերում էր ՀՀ-ում սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրերի իրականացման ընթացքին, արդյունքներին և առաջիկա խնդիրներին, որի շուրջ զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը:

 

Բացելով նիստը` կոլեգիայի նախագահ Սերգո Կարապետյանը նշեց, որ սկսած 2010 թվականից նախարարության նախաձեռնությամբ սերմնաբուծության և սերմնարտադրության ոլորտում պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ իրականացվել են ծրագրեր, որոնց արդյունքում այդ 4-5 տարիների ընթացքում ակնհայտ ձեռքբերումներ են գրանցվել` նպաստելով հանրապետությունում հացահատիկային և կերային մշակաբույսերի ցանքատարածութ­յուն­ների, արտադրության ծավալների ավելացմանը և ինքնաբավության մակարդակի բարձրացմանը:

 

Իր զեկույցում հանգամանորեն անդրադառնալով այդ ծրագրերի արդյունքներին` Սամվել Գալստյանը մասնավորապես նշեց, որ ցորենի ինքնաբավության մակարդակը հանրապետությունում 32 %-ից ավելացել է` 2014 թվականին կազմելով շուրջ 51%, իսկ ներկրված բարձր վերարտադրության սերմա­ցուների բազ­մացմամբ աշնանացան ցորենի սերմացուի պահանջարկի 70-75 % սոր­տաթարմացվել է:

 

Զեկույցի համաձայն` 2014 թվականին հացահատիկ և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները ավելացել են 28.1 հազար հեկտարով և կազմել 185.7 հազար հա, իսկ համա­խառն բերքն ավելացել է 80.9 %-ով` կազմելով 590.5 հազար տոննա: Մասնավորապես 2010 թվականին ցորենի ընդհանուր ցանքատարածություններ կազմել են 87.6 հազար հա, համախառն բերքը` 183.5 հազար տոննա, իսկ 2014 թվականին` ընդ­հանուր ցանքատարածությունը կազմել է` 106.3 հազար հա, ցորենի համախառն բերքը ավելացել է 84.3 %-ով` կազմելով 338.2 հազար տոննա: Գարու ընդհանուր ցանքատարածությունները 2010 թվականին կազմել են` 61.2 հազար հա, համախառն բերքը` 118.6 հազար տոննա, իսկ 2014 թվականին` ընդհանուր ցանքատարածությունները կազմել է` 67.6 հազար հա, գարու համախառն բերքը կազմել է 200.5 հազար տոննա` ավելանալով 67.6 %-ով:

 

Հողօգտագործողներին հատկացվող պետական աջակցության ծրագրերի (մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի, դիզելային վառելանյութի տրամադրում, սերմացուների գների և վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում) իրականացման արդյունքում 2014 թվականին բուսաբուծության ընդհանուր ցանքատարածությունները` 2010 թվականի համեմա­տությամբ ավելացել են 49.2 հազար հեկտարով կամ շուրջ 17 %-ով: 2015 թվականի կանխատեսումներով ցանքատարածությունները կավելանան 14.5-15.5 հազար հեկտարով:

 

Լսելով և քննարկելով զեկույցը` կոլեգիան դրական գնահատեց իրականացված ծրագիրը և առաջարկեց, որպեսզի ծրագիրն այսուհետ նույնպես շարունակվի:

 

Կոլեգիայի նախագահ Սերգո Կարապետյանը հանձնարարեց պատասխանատուներին իրականացնել համապատասխան աշխատանքներ` ծրագրի շարունակականության ապահովման ուղղությամբ` հաշվի առնելով առանձին հարցերի վերաբերյալ կոլեգիայի անդամների հնչեցրած առաջարկությունները:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել