ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների ղեկավարների հետ

2015-03-26

6ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր խորհրդակցություն` գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների գործունեությանն առնչվող խնդիրների քննարկման նպատակով: 

 

Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների ղեկավարներ և այլ պաշտոնատար անձինք: 

 

Հանդիպմանը մասնավորապես քննարկվեցին ԳԱՄԿ-երի ընթացիկ աշխատանքները, նրանց բնականոն գործունեությանը խոչընդոտող խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: 

 

«Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները պետք է էականորեն բարձրացնեն իրենց գործունեության արդյունավետություն և առավել մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց պարտականությունների կատարմանը», – իր խոսքում նշել է նախարարը:

 

Բացի այդ, նախարարի խոսքով` հարկավոր է հաճախակիացնել այցելությունները համայնքներ և ֆերմերային տնտեսություններ` գյուղացիներին մտահոգող խնդիրներին տեղում ծանոթանալու և արդյունավետ խորհրդատվական ցուցումներ տալու համար:

 

Նախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան է ժամանելու ֆրանսիացի փորձագետների մի խումբ, որն ուսումնասիրություններ կկատարի ԳԱՄԿ-երում և կներկայացնի ոլորտի զարգացման տեսլականը: 

 

Անդրադառնալով ԳԱՄԿ-երի ինքնաֆինանսավորման խնդրին` նախարարը հորդորեց կենտրոնների ղեկավարներին միջոցներ ձեռնարկել առաջիկա տարիներին ԳԱՄԿ-երի պահպանության ծախսերը սեփական եկամուտների հաշվին ապահովելու ուղղությամբ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել