Կոպտաբուրդ և կիսակոպտաբուրդ ոչխարների գարնանային մազաթափությունը և դրանց խուզի ճիշտ ժամկետները
2015-03-24
Կոպտաբուրդ և կիսակոպտաբուրդ ոչխարների մոտ պահպանվել են իրենց նախնիներին բնորոշ բրդածածկի որոշ յուրահատկություններ: Դրանց մաշկը ակտիվորեն մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության գործընթացներին: Նրա միջոցով են իրագործվում այդ ոչխարների պաշտպանական և հարմարվողական ռեակցիաները: Գիտական բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ դրանց բրդի քանակը և նրա որակը սերտորեն կապված է մաշկի կառուցվածքային և ֆունկցիոնալ հատկանիշների հետ: Այդ ոչխարների մոտ գարնանը հաճախ տեղի է ունենում մազաթափություն, որը առավել ցայտուն է այն կենդանիների մոտ, որոնց բրդաթելերը միմյանցից զգալիորեն տարբերվում են իրենց բարակությամբ: Արտադրության մեջ ընդունված է այն կարծիքը, որ գարնանային մազաթափությունը առաջանում է օդի ջերմաստիճանի բարձրացումից, այսինքն այն կապված է օրգանիզմի ջերմակարգավորման պրոցեսների ակտիվացման հետ: Սակայն այդ ուղղության երկարամյա տարիների փորձը մեզ բերել են այն եզրակացության, որ գարնանային մազաթափությունը առաջանում է այդ ոչխարների ոչ լիարժեք կերակրումից, որի դեպքում շատ հաճախ մսուրային շրջանում թերկերակրման հետևանքով դրանք կորցնում են իրենց կենդանի զանգվածի զգալի մասը: Հայաստանի շատ տարածաշրջաններում այն հասնում է շուրջ 25-30 %-ի: Ապացուցված է, որ տարբեր բարակություն ունեցող բրդաթելերի աճի ինտենսիվությունը կապված է մաշկում դրանց մազարմատների և նրանց ֆոլիկուլների տեղադրման խորության հետ: Որքան խորն է տեղադրված մազարմատը բոլոր մյուս հավասար պայմաններում, այնքան ավելի շատ սննդանյութեր են հասնում նրան և այնքան հաստ ու համապատասխանաբար երկար մազաթել է աճում նրանից: Ապացուցված է նաև, որ մաշկում ավելի խորն են տեղադրված քստամազերը, այնուհետև անցողիկ մազերը և ավելի մակերեսային դիրք ունեն աղվամազերը: Դրա հետևանքով աղվամազերը մսուրային շրջանի ընթացքում թերկերակրման հետևանքով դադարում են աճելուց և քստամազի աճի ընթացքում բարձրանում են մազածածկի վերևում և նպաստում թաղիքացման առաջացմանը: Գարնանային մազաթափությունը ուսումնասիրվել են կոպտաբուրդ բալբաս և հայկական կիսակոպտաբուրդ ցեղերի և նրանց խառնացեղ ոչխարների մոտ: Բալբաս ցեղի ոչխարների բրդում կան բավական քանակության աղվամազեր, անցողիկ մազեր, քստամազեր և աննշան քանակի կարճ քստամազեր, չոր և ՙմեռած՚ մազեր, իսկ հայկական կիսակոպտաբուրդ ցեղի մարտունու ներցեղային տիպի ոչխարների բուրդը պարունակում է աղվամազեր, անցողիկ մազեր և քստամազեր: Ուսումնասիրված տնտեսություններում /Գեղարքունիքի մարզ/ մսուրային շրջանը տևել է 5-6 ամիս (նոյեմբեր ամսից մինչև ապրիլի վերջը): Մսուրային շրջանում այդ ոչխարների մոտ սննդանյութերի պակասի հետևանքով դանդաղել է աղվամազերի գերակշռող մասի աճը, և դրանք քստամազերի աճի հետևանքով բարձրացել են բրդածածկի վերին հատվածը և առաջացրել թաղիքացում: Դիտարկումները ցույց են տվել, որ որքան կոպիտ է եղել կենդանու բրդածածկը, այնքան շուտ է սկսվել դրանց մազաթափությունը և բրդածածկի թաղիքացումը և որքան պակասել է մազածածկի կապը կենդանու մաշկի հետ այնքան նրա շարժումների ժամանակ հեշտությամբ է տեղի ունեցել բրդաթափությունը: Կոպտաբուրդ և կիսակոպտաբուրդ ոչխարների մոտ բրդաթափության հետևանքով հին բրդի կորուստը հասնում է 100-ից 200 գրամի: Գարնանային մազաթափության ժամանակ տեղի է ունենում «մեռած» մազերի և աղվամազերի լրիվ փոխանակում նորերով: Նախկինում կոպիտ և կիսակոպիտ բրդածածկ ունեցող լիատարիք ոչխարներին խուզում էին տարին երկու անգամ (գարնանը և աշնանը): Վերջին տարիներին այդ ոչխարներին խուզում են տարին մեկ անգամ` գարնանը: Եթե ամռանը բոլոր բրդաթելերը աճում են ավելի ինտենսիվ արոտի կանաչի առատ սննդանյութերի հաշվին և մաշկին արյան լավ հոսք ապահովող օդի բարձր ջերմաստիճանով պայմանավորված, ապա ձմռանը նկատվում է բոլոր բրդաթելերի հատկապես աղվամազերի աճի դանդաղում և նույնիսկ դադարում: Դրա հետևանքով գարնանը տեղի է ունենում այդ ոչխարների մազաթափություն և թաղիքացում: Որպեսզի գարնանային մազաթափությունը տնտեսական վնասներ չպատճառի կոպտաբուրդ և կիսակոպտաբուրդ ոչխարների գարնանային խուզը պետք է կատարել մազաթափությունից առաջ: Հայաստանի ցածրադիր վայրերում (նախալեռնային գոտում) այն պետք է կատարել մարտ-ապրիլ ամիսներին, իսկ բարձրադիր լեռնային գոտում՝ ապրիլ-մայիս ամիսներին: Նույն տարում ծնված գառների մազաթափություն տեղի չի ունենում: Ուստի նշված տարածաշրջաններում այդ գառներին պետք է խուզել հուլիս-օգոստոս ամիսներին ընտրողաբար, նկատի ունենալով դրանց մարմնի և բրդածածկի զարգացվածության աստիճանը:
Գ. Ավետիսյան` գուղատնտեսական գիտությունների դոկտոր
Մ. Ստեփանյան` գյուղատնտեսական գիտությունների թեկնածու սննդամթերքի
անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և Վերլուծության գիտական կենտրոն
Աղբյուրը` «Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ