Կմիավորվեն մի շարք ջրօգտագործողների ընկերություններ
2015-03-03
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կայացավ ՀՀ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կարգավորող խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Սերգո Կարապետյանը:
«Ներկայումս հանրապետությունում գործում են 42 ջրօգտագործողների ընկերություններ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ ՋՕԸ-երի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ են որոշակի վերակազմավորումներ», – նշեց իր խոսքում նախարարը:
Նիստում մասնավորապես առաջարկվեց վերակազմակերպել և միավորել «Ամբերդ» և «Փարպի», «Մուսալեռ», «Ակնալիճ» և «Վաղարշապատ», «Հրազդան-Ջուր» և «Նաիրի», ինչպես նաև «Վայք» և «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությունները:
Ոչ շահութաբեր ՋՕԸ-երի վերակազմավորումը թույլ կտա ոչ միայն տնտեսել զգալի ֆինանսական միջոցներ, այլ նաև ապահովել ֆինանսական մուտքերի ավելացում: Միաժամանակ նիստում ընդգծվել է, որ վերակազմակերպումը խոչընդոտներ չի առաջացնի ջրօգրագործողներին ջրի արդարացի բաշխման խնդրում:
Ջրօգտագործողների ընկերությունների միավորման մասին առաջարկությունն ընդունվեց միաձայն կողմ քվեարկությամբ:
Սերգո Կարապետյանը շեշտեց, որ ինչպես և նախատեսվել էր, մարտի 1-ից հանրապետության ՋՕԸ-երը պատրաստ են ոռոգման սեզոնին` հորդորելով առավել մեծ ակտիվություն ցուցաբերել ջրօգրագործողների ընկերությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին