Ինչպես նախապատրաստել կարտոֆիլի տնկանյութը ցանքին

2015-03-13

kartofel21Կարտոֆիլը այն մշակաբույսերից է, որի բերքատվությունն ու որակը 40%-ով պայմանավորված է տնկանյութի որակով: Ապացուցված է, որ աշխատանքի և նյութական միջոցների ծախսենը չեն հատուցվում նույնիսկ բավարար բերքով, եթե տնկվում է բազմամյա օգտագործման հին սորտերի տնկանյութ, առանց սերմնաբուծական աշխատանքների իրականացման:

 

Եթե կարտոֆիլը տարիներ շարունակ միևնույն տեղում է մշակվում, պալարներում կուտակվում են վնասակար վիրուսային և այլ հարուցիչներ, որոնք հանգեցնում են տնկանյութի այլասերման, իսկ արդյունքում` ստացվում է ցածր և անորակ բերք: Ուստի շատ կարևոր է 3-4 տարին մեկ (կախված հողակլիմայական պայմաններից) փոխել տնկանյութը նոր սորտերի էլիտայի կամ գոնե առաջին երկու վերարտադրության առողջացրած տնկանյութով: Ըստ որում, պետք է հաշվի առնել, որ էլիտայից յուրաքանչյուր հաջորդ վերարտադրությունում պալարների բերքը իջնում է 10-15%: Եթե այդ բնագավառում հրաժարվենք արմատավորված սովորություններից և հասկանանք կարտոֆիլի ցածր բերքատվության պատճառները, ապա հնարավոր է սերմնաբուծական աշխատանքների պարզ միջոցներով սերմնադաշտերում բարձրացնել պալարների սերմային հատկությունները: Դրա համար բերքահավաքից հետո հարկ չկա բերքը մեխանիկորեն տեսակավորել պարենի (խոշոր պալարները), իսկ փոքրերը` սերմի օգտագործման համար: Անհրաժեշտ է դեռևս ամռանը որոշել հզոր, առողջ բույսերը: Մինչև ընդհանուր բերքահավաքը սկսելը, անհրաժեշտ է դրանք հավաքել առանձին և տնկանյութի համար ընտրել այն բույսերը, որոնց տակ կազմվել են մեծ քանակությամբ առողջ պալարներ: Իսկ ավելի լավ է հին, ծերացած սորտերը փոխարինել նոր, ավելի բերքատու սորտերով, որոնք շրջանացված են տվյալ տարածքում: Սակայն ցածր ագրոտեխնիկայի պայմաններում սորտերի պոտենցիալը թույլ է իրացվում, մինչդեռ ի տարբերություն Հոլանդիայի, ուր այն օգտագործվում է 80%, կարտոֆիլի բերքը կազմում է 40-50 տ/հա:

 

Գյուղացիական շատ տնտեսություններ արդեն համոզվել են, որ բարձր վերարտադրության պալարները դրսևորում են բարձր սերմային հատկություններ: Որակի համար թանկ են վճարում, սակայն այդ ծախսերը փոխհատուցվում են բերքով: Եթե կարտոֆիլագործների կողմից յուրացվեն արագացված բազմացման մեթոդները (ծիլերով, սածիլներով, կանաչ կտրոններով), ապա նոր սորտի բազմացման համար կպահանջվի քիչ քանակությամբ սերմային պալար:
Լավ բերքի առաջին կարևոր քայլը` պալարների նախացանքային մշակումն է: Բացի տնկանյութի տեսակավորումից, հիվանդ և չծլած պալարների խոտանումից և լուսային կոփումից, փորձառու կարտոֆիլագործները կիրառում են նաև պալարների օղակաձև երեսանց ճեղքում, որը խթանում է մեծ թվով աչքերի աճին: Եթե շատ են ծիլերը և ցողունները, ուրեմն բարձր է բերքը, քանի որ յուրաքանչյուր լրացուցիչ ցողուն կարող է տալ 200-300 գր պալար: Այդ աշխատանքը պետք է կատարել պալարների հանգստի շրջանում, տնկումից մեկ ամիս առաջ:

 

Մեծ նշանակություն ունի սերմային պալարների աճեցումը լուսավոր պայմաններում, իսկ որ գլխավորն է` վաղահաս սորտերը առաջ են անցնում ֆիտոֆտորոզով զանգվածային վարակվածությունից: Տնկանյութը պահեստարանում, նկուղում կամ բուրտերում բարձր ջերմաստիճանի, խոնավության և մթության պայմաններում երկար ժամանակ պահելով, պալարների վրա առաջանում են երկար, անգույն ծիլեր: Որպեսզի տնկմանը չխանգարեն, դրանք հեռացնում են` բերքն իջեցնելով առնվազն 10%-ով: Այդպիսի մերկացած պալարները երկար ժամանակ չեն ծլում, իսկ առաջացած բույսերն աճում են դանդաղ և թույլ:

 

Եթե ցածր ջերմաստիճանում պահված պալարներն անմիջապես տնկվեն, ապա ծլումը կուշանա 5 և ավելի շաբաթ, վեգետացիայի տևողությունը կկրճատվի, և բերքը կնվազի: Սառը հողում տնկված, սակայն չծլած պալարների վրա ցողունների փոխարեն գոյանում են փոքր պալարիկներ և թելանման ծիլեր: Դրանից խուսափելու համար, տնկումից մեկ ամիս առաջ, սառը պալարները պետք է տեղափոխել տաք, լուսավոր պայմաններ և մեկ շաբաթ պահել 18-200C պայմաններում: Աչքերն արթնանալուց հետո 2-3 շաբաթ` մինչև տնկումը, պալարները պետք է աճեցնել 8-100C լուսավոր պայմաններում: Պալարները նախատնկման պատրաստելով, սկսվում է կարտոֆիլի պաշտպանությունը այնպիսի վնասակար հիվանդությւոններից, ինչպիսիք են` ֆիտոֆտորոզը, սովորական և սև քոսը: Ծլեցման ընթացքում հիվանդ պալարները բացահայտվում են և խոտանվում: Դրանով վարակման ծանրաբեռնվածությունը փոքրանում է, և կրճատվում նոր բերքի վարակվածությունը:

 

Չպետք է թուլացնել ուշադրությունը քոսի տարբեր ձևերի նկատմամբ: Դրանք ոչ միայն փչացնում են պալարների արտաքին տեսքը` առաջացնելով դրանց վրա խոցեր, ուռուցքներ, բծեր, այլև վատացնում են դրանց պահունակությունը, իջեցնում համային և սերմային հատկությունները: Նշված պալարների արտաքին ձևավորումները սնկի հանգիստ փուլի դրսևորումներն են, որոնք գարնանը զարգանում են և վարակում ծիլերը: Շատ ծիլեր ոչնչանում են, իսկ մնացածներից զարգանում են թույլ բույսեր, հաճախ մեկական ցողունով: Առավել վտանգավոր է սև քոսը կամ ռիզոկտոնիան, որով վարակված պալարների առանձնացումը բավականին հեշտ է: Դրանց մակերեսին նկատելի են սև խիլեր` հողի գնդիկների ձևով: Չնայած վարակը պահպանվում է հողում, սակայն հիվանդության հիմնական աղբյուրը վարակված պալարներն են: Ուստի տնկանյութի գարնանային տեսակավորումը և ծլեցումը` վարակված պալարների հեռացումով, անչափ կարևոր է:

 

Ինչպես ռիզոկտոնիան, այնպես էլ սովորական քոսը, կարտոֆիլի անհերթափոխ մշակման արդյունք են: Ուստի վարակի դեմ պայքարելիս արդյունավետ է ագրոտեխնիկական միջոցառումների համակարգը` մշակաբույսերի հերթափոխումը, լավագույն նախորդների ընտրությունը և այլն: Նշված հիվանդություինների դեմ պայքարելու նպատակով անհրաժեշտ է ծլած պալարները տնկումից 5-6 օր առաջ մշակել միկրոտարրերի (մարգանեց, բոր, պղինձ) 0.02-0.05% լուծույթով, նոսրացնելով այն 1:25 հարաբերությամբ (400մլ` 10լ ջրում): Տնկանյութի մեծ քանակության դեպքում անհրաժեշտ է պալարները փռել 1-2 շերտով, լուսավոր պաշտպանված տեղում և տնկուիմից 5 օր առաջ ցողել լուծույթով` մինչև թրջվելը, այնուհետև` ծածկել 10-12 ժամ տևողությանբ, լուծույթի ծախսը` 25լ/տ: Մշակումը կարելի է կատարել նաև պլաստմասսայե արկղերով` լուծույթը հավաքելով ավելի մեծ տարաների մեջ:

 

Աղբյուրը` «Վայոց Ձորի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ 

Տպել