Ոչ ավանդական հատիկընդեղեն` կոոլոռ, բակլա, բանջարային սոյա, մաշ և ձնաոլոռ մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա

2015-02-18

1Հանրապետությունում մեծ է բնակչության պահանջարկը բուսաբուծական մթերքների նկատմամբ: Դրանց մեջ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում հատիկաընդեղեն մշակաբույսերը, որոնց տեսականին սահմանափակ է, ներկրվում են արտասահմանից` բավականին բարձր գներով:Առաջարկվել է աշխարհում մեծ տարածում ունեցող, սակայն մեր հանրապետությունում ոչ ավանդական համարվող հատիկաընդեղեններից` կոլոռի և բակլայի, ինչպես նաև բանջարանոցային սոյայի, մաշի և ձնաոլոռի մշակության տեխնոլոգիաների կիրառում մեր հանրապետության մի քանի մարզերում:

 

Կոոլոռ: Հնագույն մշակաբույսերից է: Մշակվում է Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ալժիրում, Թուրքիայում, Հնդկաստանում և ԱՄՆ-ում: Դասվում է վաղ ցանվող մշակաբույսերի շարքին: ՀՀ անջրդի և ջրովի պայմաններում լավ արդյունք է տալիս ցանքի 100 կգ/հա չափաքանակը: Ցանքը պետք է կատարել շարքերով` 15-20 սմ միջշարային տարածությամբ, 6-8 սմ խորությամբ: Թեթև հողերում կարելի է ցանել մինչև 10 սմ խորությամբ: Բերքահավաքը կատարել ունդերի 60-80 տոկոս հասունացումից հետո` սովորական հնձիչ մեքենաներով, իսկ կալսումը` նախօրոք հարմարեցված հացահատիկային կալսիչներով: Ունի սննդային և առողջապահական մեծ նշանակություն:

 

Բակլա: Պարենային և կերային մշակաբույս է, հիմնականում մշակվում է Միջերկրական ծովի ավազանում, Արևմտյան Եվրոպայի երկրներում, ՌԴ-ում: Բակլան երկար օրվա բույս է, կարճ օրվա ժամանակ ծաղկման և պտղակազմակերպման փուլերը հետ են ընկնում: Համեմատաբար ցրտադիմացկուն է, ծիլերը դիմանում են մինչև -4 աստիճան ցրտի: Սերմերը կարող են ծլել անգամ -3.8 աստիճանի դեպքում: Աճի ու զարգացման համար լավագույն ջերմաստիճանն է 19-20 աստիճանը: Այս դեպքում ծիլերը երևում են ցանքի 7-րդ օրը: Խոնավասեր, հողի նկատմամբ պահանջկոտ մշակաբույս է, խոնավության նկատմամբ առավել պահանջկոտ է հատկապես ծլում-ծաղկում փուլում: Բարձր բերք է ստացվում այնպիսի հողերում, որտեղ երկար է պահպանվում խոնավությունը: Այդպիսի հատկություն ունեն տորֆաճահճային և ծանր կավային հողերը: Ցանքի չափաքանակը 100 կգ/հա է, իսկ խոշորասերմ ձևերինը` 280-300 կգ/հա: Ցանքը կատարել 50-60 սմ միջշարային տարածությամբ, 7-8 սմ խորությամբ: Ցանքից հետո դաշտը տափանել: Քանի որ սերմերը ծլում են բավականին ուշացումով, երբեմն անհրաժեշտ է փոցխել: Վեգետացիայի ընթացքում միջշարային տարածությունները փխրեցնել և պահել մոլախոտերից մաքուր վիճակում: Խոնավ պայմաններում կարելի է կատարել բուկլից: Սերմերի հասունանալուց ունդերը չեն բացվում, և կորուստ չի լինում: Բերքահավաքը կատարել կոմբայնով կամ ձեռքով, երբ հասունանում են ներքևի և միջին մասի ունդերը, այնուհետև կալսել, որից հետո չորացնել և պահեստավորել:

 

Բանջարանոցային սոյա, մաշ, ձնաոլոռ: Այս բույսերը միջին ջերմասեր են: Ցանքը կատարում են այն ժամանակ, երբ հողի վերևի շերտում ջերմությունը հասնում է 8-12 աստիճան: Այս բույսերի համար մեծ նշանակություն ունի օդի հարաբերական խոնավությունը: Շատ տաք և չոր պայմաններում ստացվում է անորակ և քիչ բերք: Պահանջում են թեթև, մեխանիկական կազմ ունեցող, օրգանական նյութերով հարուստ ստրուկտուրային հողեր: Ծանր կավային և ճահճոտ հողերում այս մշակաբույսերը լավ չեն աճում: Ծանր կավային և ճահճոտ հողերում կոոլոռը և բակլան լավ չեն աճում: Խնամքի աշխատանքներից կարևոր նշանակություն ունի դաշտի հաճախակի փխրեցումը, որը, բացի խոնավության պահպանումից, լավագույն միջոց է մլախոտերի դեմ պայքարելու համար: Առաջին փխրեցումից 15-20 օր հետո կատարել երկրորդ փխրեցումը, իսկ երրորդ անգամ` ըստ անհրաժեշտության:
Հատիկաընդեղենների մշակության տեխնոլոգիան կիրառելի է նաև նախալեռնային և լեռնային բոլոր գոտիներում:

 

Աղբյուրը` «Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ 

Տպել