Նռնենու վնասատուները և պայքարը դրանց դեմ

2015-02-19

Nur1Նռնենու  հրաթիթեռ- պտղակեր

 

Բացի  նռնենուց  հրաթիթեռ պտղակերը վնասում  է  նաև դեղձենու, սերկևիլենու, խնձորենու և ընկուզենու պտուղները ինչպես նաև  խաղողի ողկույզները:Վեգետացիայի  ընթացքում տալիս է 4 սերունդ:Թիթեռների թռիչքը սկսվում է  ապրիլի 2-րդ տասնօրյակից և ավարտվում հոկտեմբերի 2-րդ տասնօրյակում:Ձմեռում են վնասատուի վերջին  հասակի թրթուրները, սպիտակ նուրբ  բոժոժներում, ծառի բնի,կմախքային ճյուղերի ճեղքերում, կիսապոկ կեղևների տակ, պտուղների մեջ:

  Ձմեռած սերնդի թրթուրները հարսնյակավորվում են այնտեղ, որտեղ ձմեռում են, իսկ ամառային սերնդինը՝ ծառի  կեղևների ճեղքերում, պտղի ներսում:

 Թիթեռները ձվադրում են մեկական կամ փոքր խմբերով:1-ին  և 2-րդ սերնդի թրթուրների զարգացումը տեղի է ունենում ծառերի ճյուղերի և բնի կեղևների տակ, դրանք սնվում են միայն ծառերի  վեգետատիվ օրգաններով և չեն վնասում պտուղները:Մեկ սերնդի զարգացումը 22-24օC  օդի միջին ջերմաստիճանի պայմաններում տևում է 30-32 օր:Նռնենու հրաթիթեռ- պտղակերի  թրթուրները պտուղներին վնասում են սկսած հուլիսի 2-րդ տասնօրյակից:Յուրաքանչյուր պտղի մեջ սովորաբար մի քանի  թրթուր են սնվում:Մեկ թրթուրը կարող է վնասել մինչև 3-4 պտուղ:

 

  Պայքարը

 

1-ին սրսկումը տարվա եղանակային պայմաններից կախված  պետք է կատարել մայիսի երկրորդ տասնօրյակում հետևյալ  պատրաստուկներից մեկով՝

48% Խ.Կ.Կալիպսո 0.3լ/հա( 10լ  ջրին 3մլ)

10% Խ.Է.Տալստար 0.6լ/հա (10լ ջրին 6մլ)

25%Ջ.Լ.Հ. Դեցիս պրոֆի 0.1լ/հա (10լ ջրին 1գր):

2-րդ սրսկումը կատարել 1-ին սրսկումից 20-25 օր հետո, մինչև հունիսի կեսերը, իսկ հաջորդ  սրսկումները  կատարել 18-22 օր ընդմիջումներով վերը նշված թունաքիմիկատներից որևէ մեկով:Հարկ է նշել, որ հիվանդությունների և վնասատուների դեմ  բուժման աշխատանքներ կատարելիս աշխատանքային  լուծույթի ծախսը սրսկիչի տեսակից կախված, տատանվում  է  800-1200 լիտր/ հեկտարի սահմաններում:

  Բոլոր տեսակի սրսկումները դադարեցնել  բերքահավաքից 25-30 օր առաջ:

 

Նռնենու  լվիճ

 

Նռնենու լվիճն իր զարգացման ողջ ցիկլն անցկացնում է նռնենու վրա:Սերնդահիմնադիրները հանդես են գալիս ապրիլի վերջերից:Մայիսի  վերջին  լվիճների քանակը գնալով մեծանում է , կատարվում է անցում  տերևների վրայից դեպի ծաղկաբույլեր, բաժակաթերթեր ու պսկաթերթեր:Երբ կազմակերպվում են պտուղները,լվիճներն իրենց գաղութներով սնվում են նաև նրանցով:Հունիսի վերջին- հուլիսի սկզբին լվիճների գաղութները հսկայական չափերի են հասնում և վարակում  ամբողջ թուփը:Ամառվա կեսերից լվիճների  քանակը բույսերի  վրա խիստ պակասում է :Աշնանը ձվադրում են նռնենու ցածր ճյուղերի ծայրամասային  բողբոջների վրա, իսկ իրենք ոչնչանում  են:Ուժեղ վարակված ծառերի ծաղիկները և կազմակերպված պտուղները թափվում են:

 

Պայքարը

5%Մ.Կ.Կ. Կարատե զեոն 0.5լ/հա(10լ ջրին 5մլ) կամ

20%Ջ.Լ.Խ.Կոնֆիդոր 0.3լ/հա (10լ ջրին 3մլ)կամ

25%Ջ.Դ.Հ.Ակտարա 0.3կգ/հա (10լ ջրին 3գր):

Պայքարի աշխատանքները պետք է սկսել լվիճների գաղութների երևալու ժամանակ:

 

Նռնենու  հիվանդությունները և պայքար դրանց դեմ

 

Պտղափտում

 

Հիվանդությունը  վնասում է ոչ միայն պտուղներին, այլ նաև տերևներին, ծաղիկներին,  արմատավզիկներին:Սկզբում շագանակագույն բծերը հայտնվում   են պտղի վերևի / ատամնավոր/ մասում, որոնք  աստիճանաբար ավելանում են և անցնում են  ամբողջ պտղի վրա:Վերջինիս հետևանքով պտուղները սկսում են  փտել, պատվում են գորտնուկանման ժանգաշագանակագույն պիկնիդներով:Պտղի մեջ նկատվում է նույն երևույթը:Հետագայում պտուղները չորանում են և կարող են տարիներով  մնալ ծառի վրա՝ հանդիսանալով   վարակի աղբյուր:Օդի բարձր  հարաբերական խոնավությունը նպաստում է հիվանդության  զարգացմանը:Ինկուբացիոն շրջանը տևում է 8-16 օր:

 

Պայքարը

 

40%Խ.Կ. Սկալա 1.2լ/հա(10լ ջրին 12մլ) կամ

52%Խ.Կ. Զատո սթար 0.5լ/հա (10լ ջրին 5մլ)կամ

50%Ջ.Լ.Հ.  Տելդոր  1.0կգ/հա (10լ ջրին 10մլ):

 

Քոս

 

Լայնորեն տարածված հիվանդություն է:Վարակվում են տերևները, շվերը,ծաղկակոթունները և կանաչ պտուղները:Վերջիններիս վրա առաջանում են տարբեր ձևի կոպիտ  բծեր, որոնք ճաքճքում են:Բծերը ձուլվում են իրար, պտղի  վնասված հյուսվածքները չեն  զարգանում, որի հետևանքով  այն դեֆորմացվում է:Ճաքերից ներթափանցում են կիսամակաբույծ  սնկեր՝ առաջացնելով փտում:Օդի  հարբերական բարձր  խոնավության ժամանակ պտուղները պատվում են սնկի կոնիդիալ սպորատվության նուրբ շերտով:

 Հիվանդության ինկուբացիոն շրջանը տևում է մինչև երկու շաբաթ:

 

Պայքարը

 

25%Խ.Է. Սկոր  0.2լ/հա(10լ ջրին 2մլ) կամ

75%Ջ.Դ. Հ. Խորուս  0.2կգ/հա (10լ ջրին 2գ)կամ

10%Խ.Է.Վեկտրա 0.3լ/հա (10լ ջրին 3մլ):

 

Բծավորություն

 

  Հիվանդությունը հանդիպում է ամենուրեք և առավել  ուժեղ զարգանում է հատկապես  ամառվա 2-րդ  կեսերից:Տերևների վրա  առաջացած բծերը սկզբում ունեն բաց գույն,  հետագայում գորշանում են և դրանց շուրջը  առաջանում են մուգ մոխրագույն շրջաններ:

 Ամառվա վերջում վարակված տերևները չորանում են:

 

Պայքարը

 

Մերձբնային տարածքի փոր, թափված  տերևների և պտուղների հավաք, հեռացում և  ոչնչացում:Աշնանը կամ վաղ գարնանը ծառերը  սրսկել բորդոյան հեղուկի 3% -ոց լուծույթով:2-րդ  սրսկումը կատարել ծաղկաթափից հետո բորդոյան հեղուկի 1%  լուծույթով  կամ 34.5% Խ.Է.Կուպրօքսատի 0.5%( 10լ ջրին 50մլ)  կամ  50% Թ.Փ.Ֆունգուրանի 0.25%(10լ ջրին 25գ) լուծույթներից որևէ  մեկով:Կարելի է 2-րդ սրսկումը համատեղել  վնասատուների դեմ պայքարի աշխատանքների հետ:

 

 

Գորշ փտում (ալտերնարիոզ)

 

Հիվանդությունը առավել վտանգավոր է դառնում  հիմնականում վեգետացիայի 2-րդ    կեսերից, հատկապես բարձր  ջերմաստիճանի և խոնավության  առկայության պայմաններում:Առաջին հերթին վնասում են այն  պտուղներին, որոնք ունեն մեխանիկական վնասվածքներ, ինչպես նաև վնասվածքներ՝  պատճառված վնասատուների կողմից (լվիճներ, հրաթիթեռներ):

  Վարակումից հետո պտուղների վրա առաջանում են  օղակաձև  մուգ խալեր, որոնք բարենպաստ պայմաններում մեծանում են  և  պատվում հարուցչի սև հաստ շերտով:Վարակված պտուղները դառնում են փափուկ և կորցնում են ապրանքային տեսքը:

 

Պայքարը

 

Հավաքել և ոչնչացնել  վարակված և չորացած պտուղները:Աշնանը կամ վաղ գարնանը սրսկել բորդոյան հեղուկի 3% -ոց լուծույթով: Ծաղկումից հետո սրսկել 1% -ոց բորդոյան հեղուկով կամ 50% Թ.Փ. Ֆունգուրանի 0.25% -ոց ( 10լ  ջրին 25գ ) կամ  43.4 % Թ.Փ.Կուպրոֆլորի 0.3%( 10լ ջրին 30գ)կամ 34.5%Խ.Է. Կուպրօքսատի 0.5%(10լ ջրին 50մլ)կամ 73% Խ.Հ.Կ.Կուրզատի  0.25% -ոց(10լ ջրին 25մլ) լուծույթով:

 

Ցիտոսպորոզ

 

Հիվանդությունը լայնորեն տարածված է, վարակում  է հիմնականում թույլ  աճ ունեցող, նվազ և հիվանդ ծառերին:Սնկի հարուցիչը ներթափանցում  է բույսի մեջ մեխանիկական վնասվածքների միջոցով:Կեղևից անցնում  է կամբիումի և բնափայտի մեջ, ինչի   արդյունքում ամբողջ ճյուղը չորանում  է :Ուժեղ վարակի դեպքում բույսերը  վաղաժամ չորանում  են:Այս հիվանդությամբ վարակվում են  նաև թզենին և արքայանարնջենին:

 

Պայքարը

 

Վնասված ճյուղերի և պտուղների հեռացում և ոչնչացում,  բների սպիտակեցում, պայքարի աշխատանքների ճիշտ կազմակերպում վնասատուների և հիվանդությունների դեմ:Աշնանը կամ վաղ գարնանը պետք է սրսկել բորդոյան հեղուկի  3% -ոց լուծույթով:Ծաղկումից հետո  1% -ոց բորդոյան  հեղուկով  կամ 73%Խ.Հ.Կ.Կուրզատի 0.25% -ոց( 10լ ջրում 25գ) կամ  34.5%Խ.Է.Կուպրօքսատի 0.5%( 10լ ջրին 50մլ) կամ 50%Թ.Փ. Ֆունգուրանի 0.3% ( 10լ ջրին 30գ) լուծույթներից որևէ  մեկով:

 

Պտուղների ճաքճքվածություն

 

Ոչ վարակիչ հիվանդություն  է:Դեռ ծառերի վրա պտուղները հաճախ ճաքճքվում են:Դա տեղի է  ունենում այն դեպքում, երբ երկարատև  երաշտից հետո շատ տեղումներ  են լինում կամ խախտվում է ջրման  ռեժիմը:Որոշ սորտեր՝ հատկապես  բարակ կեղև ունեցողները, առավել շատ են ճաքճքվում:

  Վնասված  պտուղները չի կարելի երկար պահպանել, քանի որ բացված  պտղահատիկները հեշտությամբ վարակվում են տարբեր սնկերով և արագ փտում են:Դրանք վարակում են  նաև այլ պտուղներ:

 

Պայքարը

 

Պահպանել ջրման բալանսավորված ռեժիմը:

 

 

Թզենու  վնասատուները և  պայքար  դրանց  դեմ

 

Կոմստոկի որդան

 

Ձմեռում է ձվի փուլում ծառերի ճյուղերի վրա և հողի մեջ:Ձվերից թափառողները   դուրս են գալիս ապրիլի կեսից մինչև  մայիսի երկրորդ տասնօրյակը:Վնասատուն  Հայաստանում տարեկան տալիս  է  3-4  սերունդ:Հասցրած վնասի հետևանքով  շվերի վրա առաջանում են ուռուցքներ,տպուղները դառնում են անհրապույր, պատվում են մածուցիկ արտաթորանքով,իսկ տերևները կարող են թափվել՝ դառնալով բույսերի մոտ ֆիզիոլոգիական պրոցեսների նորմալ ընթացքի խախտումների պատճառ:

 

Պայքարը

 

Վեգետացիայի  ընթացքում սրսկել 40%Խ.Է.Բի 58 նոր 1.6լ/հա( 10լ ջրին՝ 15մլ)կամ 5%Մ.Կ.Կ.Կառատե զեոն 0.5լ/հա ( 10լ ջրին 5մլ):

 

Փափուկ կեղծ վահանակիր

 

Վնասում է թզենու և արքայանարնջենու տերևներին՝ ներքևի կողմից:Ամռան ընթացքում կեղծ վահանակիրն առատորեն  արտադրում  է մածուցիկ արտաթորանք,որով պատվում են ծառերի  տերևները և ճյուղերը:Ուժեղ վարակի  դեպքում երիտասարդ ծառերը տերևաթափ են լինում և չորանում:

  Այս տեսակը կենդանածին է, զարգանում է 2-3 սերնդով:

 

Պայքարը

 

Յուրաքանչյուր  սերնդի թափառողների զանգվածաբար դուրս  գալու շրջանում ծառերը սրսկել հետևյալ պատրաստուկներով՝ 25%Խ.Է.Արիվո 0.5լ/հա( 10լ ջրին 5մլ) կամ 25% Ջ.Լ.Հ.Դեցիս պրոֆի 0.1կգ/հա (10լ ջրին 1գր)կամ 5% Մ.Կ.Կ.Կառատե  զեոն 0.5լ/հա ,(10լ ջրին 5մլ):

 

Թզենու կեղծ վահանակիր

 

Ձմեռում են  արուի  և էգի  թրթուրները՝ 2-րդ հասակում:Թրթուրները հիմնականում ամրանում են թզենու ճյուղերի և  շվերի  վրա  արևազուրկ կողմերում, և   արմատավզի շուրջը:

  Վաղ  գարնանը ձմեռած թրթուրներն  առատորեն արտադրում են կպչուն  արտաթորանք, որը ամբողջությամբ պատում է ճյուղերը:Էգերը  բեղմնավորումից   հետո  ապրիլի առաջին  կեսից մինչև մայիսի առաջին տասնօրյակը ձվադրում են՝ ընդ  որում մեկ էգը կարող է դնել միջին հաշվով 600ձու:Ամբողջ  վեգետացիայի ընթացքում թրթուրները սնվում են տերևների  վրա, իսկ սեպտեմբերից աստիճանաբար տեղափոխվում են  ծառերի բոլոր տարիքի ճյուղերի վրա:Տարեկան տալիս  է   մեկ սերունդ:Ուժեղ վարակված տերևների եզրերը ծալվում են դեպի վերև,իսկ ճյուղերը չորանում  են:

 

Պայքարը

 

40%Խ.Է.Բի 58նոր 1.5լ/հա կամ (10լջրին՝ 15մլ) կամ 50% Խ.Է.Ակտելլիկ 1լ/հա(10լ ջրին՝ 10մլ  ),20% Խ.Է.Սումիցիդին 1լ/հա(10լ ջրին՝ 10մլ):

Առաջին սրսկումը կատարել, երբ թրթուրները լրիվ ամրացած  են  տերևների  վրա, երկրորդը՝ առաջինից 10 օր հետո:

 

Թզենու  հրաթիթեռ

 

Այս վնասատուն  զարգանում է  թզենու  վրա և իր կենսաբանական  առանձնահատկություններով նման է  նռնենու հրաթիթեռին:Վեգետացիայի ընթացքում տալիս է 4 սերունդ, թզենու համար ամենավտանգավորը համարվում են 3-րդ և 4-րդ սերունդները:Ձվադրումը  կատարում  է թզենու տերևների հակառակ երեսին:

 Դնում է  100-160ձու:Մեկ սերնդի զարգացումը տևում է 30-35 օր:Վնասում է ինչպես չհասունացած, այնպես էլ  հասունացած պտուղները, ինչի արդյունքում ընկնում է բերքի  ապրանքային տեսքը:Թրթուրները սնվում են նաև տերևներով, թողնելով միայն  ջղերը:

 

Պայքարը

 

Առաջին սրսկումը  կատարել հունիսի առաջին կեսին, երկրորդը 20-25 օր հետո հետևյալ  պատրաստուկներից  մեկով.20% Խ.Է.Սումիցիդին 1լ/հա( 10լ ջրին 10մլ),10%Խ.Է.Տալստար 0.6լ/հա(10լ ջրին 6մլ), 40% Խ.Է.ԲԻ 58 նոր 1.5լ/հա( 10լ ջրին  15մլ):

 

Թզենու  կեղևակեր

 

Առավելապես վնասում է հիվանդ և թուլացած  ճյուղերին:Համարվում  է թզենու քաղցկեղ հիվանդության տարածող,թռիչքը՝  գարնանից մինչև աշուն:Ձմեռում  է բզեզը և թրթուրը:Սովորաբար զարգանում է  2-3 սերնդով, հազվադեպ՝ 4:

  Յուրաքանչյուր էգ դնում  է 70-80 ձու, կեղևի տակ  բացած անցուղիներում:Առաջին սերնդի  թռիչքից հետո  վարակված ծառերը հեշտությամբ ճանաչվում են կեղևի վրա առաջացած փոքր կլոր անցքերով:Սովորաբար ճյուղերը  ծակծկվում են զանազան  ուղղություններով գնացող անցուղիների խճճված  ցանցով:Որոշ  դեպքերում բզեզները դուրս գալուց հետո անցքերը փակում են  արտաթորանքով, ինչը դժվարացնում  է դրանց հայտնաբերումը:

 

Պայքարը

 

Հիվանդ, վնասված, ցրտահարված ճյուղերի հեռացում և  ոչնչացում:Քիմիական   պայքարի ժամանակ պետք է հաշվի առնել, որ վնասատուն կյանքի մեծ մասն  անցկացնում է բնափայտի մեջ,ինչը դժվարացնում է պայքարի աշխատանքները:  Այդ պատճառով այս վնասատուի համար անհրաժեշտ է իմանալ այն պահը, երբ վնասատուն անցնում է բաց կյանքի և հայտնվում  ճյուղերի  կամ ցողունի վրա:Այդ ժամանակահատվածը այս տեսակի  առաջին սերնդի համար՝ մայիսի կեսերն է , երկրորդի համար՝ հուլիսի 2-րդ տասնօրյակը, երրորդի համար՝ սեպտեմբերի կեսերը:

  Արդյունավետ է վերը նշված ժամկետներում կիրառել հետևյալ պատրաստուկներից որևէ մեկը:

40.8%Խ.Է.Դուրսբան 2լ/հա (10լ ջրին 20մլ) կամ

48%Խ.Կ.Կալիպսո 0.3լ/հա (10լ ջրին 3մլ) կամ

5% Մ.Կ.Կ.Կարատէ զեոն 0.5լ/հա (10լ ջրին 5մլ):

 

Նեմատոդներ կամ կլոր որդեր

 

Գալային նեմատոդներով կամ կլոր որդերով վարակված բույսերի արմատային համակարգի վրա առաջանում են բազմաթիվ գալեր, որոնք խիստ ձևափոխում են և այլանդակում արմատները:

  Նեմատոդի  առաջացրած ճեղքերից  բույսի մեջ  են թափանցում նաև ախտածին սնկեր  և  բակտերիաներ, որոնք արագացնում են  արմատների փտումը և պատճառ դառնում բույսերի  արագ չորացման:

  Մեղրիի  տարաշածրջանում գալային նեմատոդների տարբեր տեսակներով և ենթատեսակներով  վարակվում են 81 տեսակ բույսեր, այդ թվում բանջարանոցային, բոստանային,  տեխնիկական մշակաբույսեր և ծառատեսակներ:Վնասվող  մշակաբույսերից է նաև թզենին:

 Նեմատոդները Մեղրիում զարգանում են 3-4 սերնդով:Զարգացման օպտիմալ ջերմաստիճանը 25-30 աստիճան:

 

Պայքարը

 

Հեռացնել և ոչնչացնել վարակված բույսերը:Վարակված տարածքներում մինչև գյուղատնտեսական աշխատանքների սկիզբը պետք է  օգտագործել Վիդատ նեմատոդասպան պատրաստուկը՝ այն  ցրելով  հողի  մակերեսին, այնուհետև 5սմ  խորությամբ կատարել հողի փխրեցում:Պատրաստուկի ծախսի նորման 50կգ/հա:

 

Թզենու  սովորական  տերևալվիկ

 

Վնասատուի  թրթուրները, նիմֆաները և հասունները սնվում են  տերևների բջջահյութով, իսկ  ուժեր բնակեցվածության դեպքում վնասում են նաև երիտասարդ շվերը և  պտուղները:Հասցրած վնասի հետևանքով դանդաղում  է շվերի աճը,  տերևները  չորանում և թափվում են:Վնասված պտուղները կնճռոտվում են  և նույնպես թափվում:Այս վնասատուն հանդիսանում  է վիրուսային  հիվանդությունների փոխանցող, իսկ նրա քաղցր  արտազատուկներն իջեցնում են պտղի ապրանքային որակը:Վեգետացիայի ընթացքում տալիս է մեկ սերունդ:

Պայքարն   ավելի արդյունավետ կլինի, եթե այն իրականացվի մինչև տերևալվիկի թվաքանակի բարձրացումը, հետևյալ պատրաստուկներից մեկով՝

 20%Ջ.Լ.Խ.Կոնֆիդոր 0.5լ/հա( 10լ ջրում 5մլ)

25%Ջ.Դ.Հ.Ակտարա 0.3կգ/հա (10լ ջրում 3գր )

48%Խ.Կ.Կալիպսո 0.3լ/հա (10լ ջրին 3մլ)

 

Թզենու կանաչ տերևալվիկ

 

Հասցրած վնասի բնույթը և պայքարի միջոցները նույնն են, ինչ որ թզենու սովորական տերևալվիկի դեպքում:

 

Թզենու լվիճ

 

Հիմնականում վնասում է տերևին ներքևի կողմից, ուժեղ վարակի դեպքում  սնվում է  նաև շվերով և պտուղներով:Այս  տեսակը հանդիպում  է  ոչ հաճախ:

Պայքարը  նույնն  է, ինչ որ թզենու սովորական տերևալվիկի դեպքում:

 

Թզենու  հիվանդություններ և պայքար  դրանց  դեմ

 

Մոխրագույն փտում

 

Շատ տարածված  հիվանդություն  է, առաջացնում  է բոտրիտիս սունկը:Վերջինիս  հասցրած վնասի հետևանքով  առաջանում է  փտում և նոր ձևավորվող  պտուղների զանգվածաբար պտղաթափ:Պտղակոթունները սկսում են գորշանալ, որից հետո պտուղները փափկում և թափվում են:

 

Պայքարը

 

50%Ջ.Լ.Հ. Տելդոր 1.0կգ/հա (10լ ջրին 10գր ) կամ

40%Խ.Կ.Սկալա  1.2լ/հա (10լ ջրին 12մլ) կամ

52% Խ.Կ.Զատո սթար  0.5լ/հա (10լ ջրին 5մլ):

 

Գորշ բծավորություն

 

Այս հիվանդությունը ի հայտ է գալիս  ամառվա կեսից, վնասում է տերևները, որոնց վրա առաջանում են  գործ բծեր:Արդյունքում տերևները չորանում են ու թափվում:

 

Պայքարը

 

Մերձբնային  տարածքում հողի փոր, թափված տերևների և պտուղների հեռացում և ոչնչացում:

  Աշնանը կամ վաղ գարնանը սրսկում  բորդոյան հեղուկի 3% -ոց լուծույթով, վեգետացիայի ընթացքում  ծաղկումից հետո կիրառել բորդոյան հեղուկի 1% -ոց կամ 50% Թ.Փ.Ֆունգուրան 2.5կգ/հա(10լ ջրին 25գ)կամ 34.5% Խ.Է. Կուպրօքսատի 5.0լ/հա( 10լ ջրին 50մլ) լուծույթներից որևէ  մեկով:

 

Գորշ փտում(ալտերնարիոզ)

 

Հիվանդությունը զանգվածաբար հանդես է գալիս հիմնականում ամառվա 2-րդ կեսերից,հատկապես բարձր ջերմաստիճանի և խոնավության առկայության դեպքերում:Առաջին հերթին վնասվում են այն  պտուղները, որոնք ունեն մեխանիկական վնասվածքներ,  ինչպես նաև վնասատուների կողմից հասցրած վնասվածքներ:Պտուղների վրա առաջանում են գորշագույն բծեր՝ գցելով բերքի  ապրանքային տեսքը:

 

Պայքարը

 

Հեռացնել և ոչնչացնել վարակված և չորացված պտուղները:Աշնանը կամ վաղ գարնանը սրսկել բորդոյան հեղուկի 3% -ոց  լուծույթով:Վեգետացիայի ընթացքում սրսկել՝

 

52% Խ.Կ.Զատո սթար  0.5լ/հա (10լ ջրին 5մլ) կամ

25%Թ.Փ.Բայլետոն 0.5կգ/հա (10լ ջրին 5գ) կամ

10%Խ.Է.Տոպազ   0.5լ/հա (10լ ջրին 5մլ)  կամ

25%Խ.Է.Սկոր 0.2լ/հա(10լ ջրին 2մլ) լուծույթներից որևէ  մեկով:

 

Իսկական  ալրացող

 

Հիվանդության գլխավոր ախտանիշը տերևների վրա սպիտակ,ալրանման փառի առաջացումն է:Հաճախ այն հանդես է գալիս նաև տերևների հակառակ երեսին,ինչպես նաև ընձյուղների, գեներատիվ օրգանների վրա:Հիվանդությունը թուլացնում է  բույսը, տերևները ոլորվում են բայց թափվում են  հազվադեպ:Սունկը  բույսերին  վարակում  է  ամռանը կամ  աշնան սկզբին:

 

Պայքարը

 

25%Թ.Փ.Բայլետոն 0.5կգ/հա (10լ ջրին 5գ) կամ

10%Խ.Է.Տոպազ   0.5լ/հա (10լ ջրին 5մլ)  կամ

10%Խ.Է.Վեկտրա   0.3լ/հա (10լ ջրին 3մլ):

 

Արքայանարնջենու  վնասատուները և պայքար դրանց դեմ

 

Արևմտյան տարազույգ  կեղևակեր

 

Ոչ մեծ, 2-3մմ երկարության միջատ  է,տարածված է  ամենուրեք,վնասում է  ինչպես մշակովի, այնպես էլ անտառային  ծառատեսակներին:Տարեկան տալիս  է մեկ  սերունդ:

 

Պայքարը

 

55% Խ.Է.Նուրելլ-Դ  1.5լ/հա (10լ ջրին 15մլ) կամ

40%Խ.Է.Բի -58 նոր 2լ/հա (10լ ջրին 20մլ ) կամ

48%Խ.Է.Դուրսբան  2լ/հա (10լ ջրին 20մլ) :

 

Շերտավոր պտղացեց

 

Վնասատուի թրթուրները վնասում են դալար շվերը,կրծելով մտնում  են դրանց մեջ և փչացնում:Վնասվում են նաև  պտուղները, սնվելով  դրանց մեջ,  վնասատուն  գցում  է  պտղի ապրանքային տեսքը:Շերտավոր պտղացեցը տարեկան  զարգանում է   3  սերնդով:

 

Պայքարը

 

Առաջին սրսկումը կատարել մայիսի 2-րդ տասնօրյակում,երկրորդը՝ հուլիսի  վերջին, օգոստոսի սկզբին:

 

25% Խ.Է.Արիվո 0.3լ/հա (10լ ջրին 10մլ) կամ

10% Խ.Է.Տալստար  0.6լ/հա (10լ ջրին 6մլ) կամ

48%Խ.Կ.Կալիպսո  0.3լ/հա (10լ ջրին 3մլ) :

 

Սովորական  ոստայնատիզ

 

  Մերձարևադարձային մշակաբույսերին վնասում են նաև սպիտակաթևիկները, թրիպսները, մլուկները և մի քանի  այլ վնասատուներ, որոնց հասցրած վնասը նշանակալից չէ, սակայն դրանց թվաքանակը կարգավորվում է տարբեր  միջատասպանների կիրառմամբ:

 

Արքայանարնջենու հիվանդությունները և պայքարը դրանց դեմ

 

Մոխրագույն փտում

 

  Հիվանդությունը ատավելապես զարգանում է ամառվա երկրորդ  կեսից,բարձր  ջերմաստիճանի և խոնավության  առկայության պայմաններում:Առաջին հերթին  վարակվում են այն պտուղները,որոնք  վնասված են լինում մեխանիկական  եղանակով կամ վնասատուների կողմից:Վարակված պտուղներն  սկզբում ունեն  մոխրագույն երանգավորում, հետագայում ձեռք են բերում  սպիտակ գունավորում (սնկի սպորների հաշվին):Վարակված պտուղները  մեծամասամբ  թափվում են,իսկ ծառերի վրայի  պտուղները չորանում  և  ձեռք են բերում  մուգ երանգավորում:

 

  Պայքարը

 

Հեռացնել և ոչնչացնել թափված ու ծառերի վայրի չորացած պտուղները:Ժամանակին կատարել վնասատուների դեմ պայքարի աշխատանքներ:Աշնանը կամ վաղ գարնանը ծառերը  սրսկել բորդոյան հեղուկի 3%-անոց լուծույթով:Վեգետացիայի  ընթացքում , ծաղկումից հետո 15-20 օր ընդմիջումով սրսկել  հետևյալ պատրաստուկներից մեկը.

 

40% Խ.Է.Սկալա, 1.2լ/հա (10լ ջրին 12մլ) կամ

50% Ջ.Լ.Հ.Տելդոր 1.0կգ/հա (10լ ջրին 10գր) կամ

50%Ջ.Դ.Հ.Զատո  0.14-0.3կգ/հա  (10լ ջրին 1.4-3գր) :

 

Ֆուզարիոզային չորացում

 

Վարակվում են տնկիները և  երիտասարդ ծառերը:Տերևները դեղնում և թառամում  են, հիվանդ բույսի  արմատավզիկը   սևանում և չորանում է, որի հետևանքով ծառը չորանում է:Բունը սևանում է, կեղևը ճաքում և մասամբ թափվում է:Կեղևի ճեղքերում և դրանց տակ ձևավորվում է սնկի  սպիտակ կամ վարդագույն միցելիումը:

 

Պայքարը

 

Հիվանդության առաջին նշանները երևալուց ծառերը ջրել՝ 60.7%Ջ.Լ.Պրևիկուրով՝ 0.15% (10լ ջրին՝ 15մլ) կամ սրսկել 70% Թ.Փ.ՏոպսինՄ 2կգ/հա(10լ ջրին՝ 20 գր ):

Նշանակալից վարակի դեպքում ծառերն արմատախիլ անել և այրել:

 

Բակտերիալ այրվածք

 

Չափազանց  վտանգավոր հիվանդություն  է:Վարակվում են առավելապես թուլացած և այն բույսերը,որոնց վրա   մեխանիկական վնասվածքներ կան:

  Վարակի հետևանքով թափվում են  տերևները, շվերը չորանում են, վնասվում  են անգամ արմատները, որի արդյունքում ծառերը չորանում են:

 

Պայքարը

 

Հեռացնել և այրել հիվանդ ծառերը:Պղինձ պարունակող  ֆունգիցիդների օգտագործում՝

 

90% Թ.Փ. Պղնձի օքսիքլորիդ՝ 6կգ/հա (10լ ջրին՝ 60գր) կամ

34.5% Խ.Է. Կուպրօքսատ՝ 6լ/հա (10լ ջրին՝60մլ) կամ

50%Թ.Փ.Ֆունգուրան՝ 3կգ/հա  (10լ ջրին՝30գր) :

Այգին պարարտացնել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով:

 

Ճյուղերի քաղցկեղ

 

Չափազանց վտանգավոր հիվանդություն  է:Վնասում է բույսի և  վեգետատիվ և գեներատիվ օրգանները՝  ցողունը, ճյուղերը, տերևները  ծաղիկները և պտուղները:Ամենից  շատ վնասվում են կմախքային ճյուղերը, ցողունի  վրա սկզբում առաջ  են գալիս մուգ մանուշակագույն   խցան հիշեցնող  բշտիկներ,  որոնք հետագայում խորանում, ճաքճքում  և սևանում են:Հիվանդ  ծառերի տերևները դեղնում են, չորանում ու թափվում են:Պտուղների վրա հիվանդությունն  սկզբնական շրջանում արտահայտվում է մուգ  կամ սև բծերի տեսքով, հետագայում պտուղները կնճռոտվում են, սևանում և ծածկվում են  շատ մանր բշտիկներով:Ավելի ուշ վնասված հատվածներում առաջանում են քաղցկեղային խոցեր:Վնասված հատվածները կամ ամբողջ ծառը չորանում է:

 

Պայքարը

 

 Այգում կիրառել ճիշտ ագրոտեխնիկա:

Հեռացնել թափված տերևները, պտուղները, իսկ   վարակված ճյուղերը   այրել:Կատարել բների սպիտակեցում և կտրված ճյուղերի մածիկապատում:Աշնանը կամ վաղ գարնանը կատարել ծառերի սրսկումներ 3% բորդոյան հեղուկով:Վեգետացիայի ընթացքում սրսկել 34.5%Խ.Է.կուպրօքսատ 6լ/հա(10լ ջրին 60մլ)կամ 50% Թ.Փ. Ֆունգուրան 2.5-3կգ/հա (10լ ջրին՝25-30գր) կամ 90%Թ.Փ.Պղնձի օքսիքլորիդ՝ 6կգ/հա (10լ ջրին՝ 60գր ) պատրաստուկներից  որևէ  մեկով:

 

Ճյուղերի չորացում կամ  ցիտոսպորոզ

 

Տարածված  է ամենուրեք, վարակվում են հիմնականում թույլ աճ ունեցող ծառերը:Հիվանդությունն  առաջացնում  է ճյուղերի  կեղևի որոշակի չորացում, որի հետևանքով  կարող է  չորանալ նաև ամբողջ բույսը:Վարակի հետևանքով ծառերի կեղևը ձեռք է բերում կարմրամոխրագույն երանգ:Կեղևը բնափայտից անջատվում է և դառնում լպրծուն:

 

Պայքարը

 

Աշնանը  կամ վաղ գարնանը կատարել ծառերի սրսկումներ 3% բորդոյան հեղուկով:Վեգետացիայի ընթացքում  սրսկել 25%Խ.Է.Սկոր 0.2լ/հա (10լ ջրին 2մլ)կամ 34.5%Խ.Է. Կուպրոքսատ 5-6լ/հա(10լ ջրին 50-60մլ)կամ 50%Ջ.Դ.Հ.Զատո  0.14-0.3կգ/հա( 10լիտր ջրին 1.4-3գր ) պատրաստուկներից որևէ  մեկով:Սրսկումները կրկնել ըստ անհրաժեշտության 3-4 անգամ:

 

Տերևների և շվերի սև  բծավորություն

 

Հիվանդությունը ի  հայտ է գալիս ամառվա  երկրորդ կեսից:Վարակվում են տերևները,որոնց  վրա առաջանում են սև բծեր, տերևները չորանում և թափվում են:Շվերի վրա բծերը դարձյալ սև  գույնի են, որոնք հաճախ ճաքում են  կենտրոնից, արդյունքում  դեֆորմացվում են, պտտվում են  հյուսվածքների անհամաչափ զարգացման հետևանքով, իսկ հետագայում չորանում են:

 

Պայքարը

 

Ծառերի շրջակայքում հողի փոր, բների սպիտակեցում, թափված տերևների և պտուղների հեռացում ու ոչնչացում:

Աշնանը և վաղ գարնանը սրսկել բորդոյան հեղուկի 3% լուծույթով:Վեգետացիայի ընթացքում, ըստ անհրաժեշտության,  սրսկել 10%Խ.Է.Տոպազի 0.5լ/հա (10լ ջրին 5մլ )և 25%Խ.Է.Սկորի 0.2լ/հա ( 10լ ջրին 2մլ) խառնուրդի լուծույթով:

 

Պայքար մոլախոտերի դեմ

 

Բազմամյա տնկարկներում և տնկարաններում  միամյա և բազմամյա միաշաքիլ և երկշաքիլ մոլախոտերի դեմ կատարում են  սրսկումներ հետևյալ հերբիցիդներից որևէ մեկով՝

 

50% Ջ.Լ. Ուրագան ֆորտե  4- 6լ/հա (10լ ջրին՝ 80-120մլ) կամ

36% Ջ.Լ. Կլինի՝ 5լ/հա (10լ ջրին՝100մլ) կամ

36% Ջ.Լ. Ռաունդապ՝ 8լ/հա (10լ ջրին՝80մլ):

 

Սրսկումները մոլախոտերի դեմ  պետք է կատարել մինչև մոլախոտերի 25-30սմ բարձրության հասնելը:Սրսկելու  ժամանակ պետք է ուշադիր լինել, որ աշխատանքային լուծույթը չթափվի մշակաբույսերի վրա:

 

Պայքարի  ագրոտեխնիկական  միջոցառումներ

 

Վնասատուների,հիվանդությունների և մոլախոտերի  դեմ պայքարի  կարևոր միջոցառումներից է ծառերի  բնամերձ  տարածությունների փորը, հնարավորության դեպքում նաև այգիների միջշարքային տարածությունների վարը:Բացի  այն,  որ այս միջոցառումները նպաստում են հողի օդափոխության  լավացմանը, նաև խոնավության պահպանմանը, որը կարևոր  է տարածաշրջանի սակավաջուր տնտեսությունների համար, այն  նպաստում է վնասակար օրգանիզմների դեմ պայքարին:

 Վնասատուների մի մասը և հիվանդությունների  հարուցիչները, ընկնելով հողի խորը շերտեր, հայտնվում են անբարենպաստ  պայմաններում և ոչնչանում:

  Վեգետացիայի ընթացքում քիմիական  պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է գարնանն   էտի օգնությամբ կատարել սաղարթի նոսրացում և սաղարթի  իջեցում, ինչպես նաև դեպի միջշարքային տարածություններ  աճող ու գյուղտեխնիկայի աշխատանքներին խանգարող ճյուղերի հեռացում:Գարնան կարևոր աշխատանքներից է  նաև տարբեր վնասատուների ու հիվանդությունների հասցրած  վնասի հետևանքով վնասված, չորացած ճյուղերի և ծառերի հեռացումը ու այրումը, ինչպես նաև կտրելու հետևանքով  առաջացած վերքերի մածիկապատումը:Այն կարելի է  պատրաստել օխրայի և ձեթի կամ օլիֆի խառնուրդից, այնպես, որ ստացվի թանձր շաղախ:Ստացված շաղախով անհրաժեշտ  է պատել կտրված մակերեսը հետագայում վնասատուների և հիվանդությունների հարուցիչների  թափանցումը կանխելու համար :Այգիները ստուգելու ժամանակ ծառերի վրա, ինչպես  նաև գետնին թափված վնասատուներով և հիվանդություններով  վարակված պտուղները պետք է  հավաքել և ոչնչացնել:Գարնանն  անհրաժեշտ  է հեռացնել նաև ծառերի   արմատավզիկից  դուրս եկող հոռաշվերը, քանի դեռ դրանց վրա  գտնվում են տերևային լվիճների ձմեռած ձվերը:Ինչպես  հայտնի է, որոշ վնասատուներ իրենց ձմեռումն  անցկացնում են բների և  կմաղքային ճյուղերի  չոր կիսապոկ կեղևների տակ:Դրանց  ոչնչացման համար  պետք է մաքրել բութ մետաղյա  քերիչներով, հեռացնել և այրել:

  Գարնանային կարևոր միջոցառումներից է նաև ծառերի բների  սպիտակեցումը 20% -ոց կրակաթի լուծույթով:Այդ լուծույթը  պատրաստելու համար պետք է  2կգ չհանգած  կիրը լուծել 10լ ջրի մեջ և ավելացնել կավահող կամ թարմ  գոմաղբ, այնքան, որ ստացվի թանձր լուծույթ:Տնկման համար  նախատեսված տնկիների արմատային համակարգի թարմացման ժամանակ  պետք է խիստ ուշադրություն դարձնել, որպեսզի հեռացվեն  արմատների վրա եղած վերքերը և ճաքճքած  մասերը, քանի որ վերջիններս հանդիսանում են հիվանդությունների հարուցիչների ներթափանցման աղբյուր:

 

Պայքարի մեխանիկական միջոցառումներ

 

·         Որսող գոտիները պետք է օգտագործել ողջ  վեգետացիայի ընթացքում:Մի շարք վնասատուներ հողից բարձրանում  են ծառի բնի և առանցքային ճյուղերի միջոցով:Այդ  ճանապարհին վնասատուներն իրենց հարմար տեղ են փնտրում  հարսնյակավորվելու, իսկ հասուն էգերը՝ ձվադրելու համար:Ստվարաթղթի գոֆրեաձև հատվածները հարմար են միջատների  հավաքման համար:Պարբերաբար 7-10 օրը  մեկ անհրաժեշտ  է փոխել գոտիները, հանված գոտիները հավաքել այգու մի անկյունում և այրել:

·  Գունավոր  սոսնձապատ  թակարդների օգտագործում.Տարբեր  գույներ գայթակղում են տարբեր վնասատուների:Օրինակ՝ լվիճները, սպիտակաթևերը ձգտում  են դեպի դեղին    գույնը, թրիպսները՝ կապույտ, որոշ տեսակի բզեզներ՝ կարմիր գույնը:

 

Պայքարի կենսաբանական միջոցառումներ

 

Ֆերոմոնային թակարդները   նախատեսված   են  որոշ  վնասատուների (պտղակերներ, ողկուզակեր,  հրաթիթեռներ) զուգավորման խաթարմանը, ինչպես  նաև հասունների քանակի հաշվառման միջոցով բուժման ժամկետի որոշման համար:Թակարդը իրենից ներկայացնում է եռանկյունաձև ծալված ստվարաթուղթ, որի պատերին քսված  է միջատաբանական   սոսինձ, իսկ ներսում  կախված է  ռետինե  փոքր  խողովակ:Ռետինե խողովակի մեջ գտնվում  է  քիմիական  ճանապարհով  ստացված   նյութը՝ ֆերոմոնը, ինչն  արձակում է վնասատուի էգի սեռական հոտ  և գայթակղում  է արուներին:Վերջիններս  մտնելով թակարդի մեջ կպչում են պատերին քսված սոսնձին և սատկում:Արդյունքում բեղմնավորման  ու  ձվադրման  պրոցեսը մասնակիորեն խաթարվում է  վնասատուի քանակի  նվազման  պատճառով:

 Թեփուկաթևավոր վնասատուների քանակը պտղատու այգում նվազագույնի հասցնելու համար 1 հեկտարի հաշվով  անհրաժեշտ է կախել 20-30 թակարդ, իսկ պայքարի արդյունավետ ժամկետները ճշտելու համար բավարար   կլինի 2-3 թակարդը:

 

Բնական թշնամիներ

 

Բնության մեջ վնասատուների թվաքանակի նվազեցման գործում որոշակի նշանակություն ունեն դրանց բնական  թշնամիները՝ գիշատիչները, մակաբույծները, թռչունները:Վնասատուների զանգվածային զարգացման դեպքերում  սովորաբար ավելանում  են  նաև բնական թշնամիները:

  Բնական թշնամիների թվաքանակը կարելի է  ավելացնել ընտրողական ազդեցության միջատասպանների կիրառմամբ,երբ թունաքիմիկատը ոչնչացնում է վնասատուին և չի ազդում  օգտակար միջատների վրա:Որպես օրինակ կարելի է նշել  Կալիպսո միջատասպանը:Օգտակար միջատների թվաքանակը  կարելի է ավելացնել նաև այգիների շրջակայքում նեկտարատու բույսեր աճեցնելով:Վերջիններս դեպի այգիները կգրավեն  օգտակար միջատներին:

 

Պայքարի քիմիական  միջոցառումներ

 

Եթե վերը նշված միջոցառումները էական արդյունք  չեն   ապահովում և նկատվում է հիվանդությունների կամ վնասատուների զանգվածքային զարգացում  ապա պետք է  անցնել  թունաքիմիկատներով պայքարի միջոցառումներին:Վնասակար   օրգանիզմների դեմ պայքարում պետք է ձգտել ոչ թե նրանց  լրիվ ոչնչացմանը, այլ դրանց քանակի կարգավորմանը այնպես, որ այն  չգերազանցի տնտեսական վնասակարության շեմը:

Պայքարի միջոցառումները (ծախսերը)  պետք  է կատարվեն  այն դեպքում, երբ  դրանք  արդարացված են   տնտեսապես  և բնապահպանական ցուցանիշներով:

 

 Աղբյուրը` «Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն»

Տպել