Նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այցելել է Արագածոտնի մարզ
2015-02-17
Նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ, հանդիպել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի մասնագետների ու խորհրդատուների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել ու ամփոփվել են նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, վեր են հանվել խորհրդատվության ոլորտում առկա թերություններն ու բացթողումները և մատնանշվել դրանց հաղթահարման ուղիները:
Նախարարի տեղակալն առանձնակի ուշադրություն է հրավիրել գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի բարձր արդյունավետությունն ապահովելու նպատակով ԳԱՄԿ-երին առաջադրվող պահանջների վրա:
«Անհրաժեշտ է բարձրացնել գյուղացիական տնտեսությունների տեղեկացվածությունը պետության կողմից գյուղատնտեսության ոլորտին ցուցաբերվող աջակցության ծրագրերի մասին, միջոցներ ձեռնարկել տրամադրվող օգնությունների արդարացի բաշխումն ու հասանելիությունն ապահովելու ուղղությամբ»,-իր խոսքում մասնավորապես նշել է Գառնիկ Պետրոսյանը:
Փոխնախարարը հորդորել է Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի աշխատակիցներին ակտիվորեն ներգրավվել սերմացուների, պարարտանյութերի, դիզելային վառելանյութերի բաշխման գործընթացներում` պարբերաբար ներկայացնելով տեղեկատվություն նշված գործընթացների վերաբերյալ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին