Նախարարի առաջին տեղակալն այցելել է Կոտայքի մարզ. քննարկվել են գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի մեկնարկի հետ կապված հարցեր

2015-02-10

1ՀՀ ողջ տարածքում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում իրականացվող հակահամաճարակաբանական միջոցառումների մեկնարկի հետ կապված ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանն այցելություններ է կատարում հանրապետության մարզեր, որի շրջանակում նա այսօր եղել է Կոտայքի մարզում:

 

Նախարարի առաջին տեղակալը հանդիպել է Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանի, համայնքապետերի, ֆերմերների և ոլորտի այլ պատասխանատուների հետ: Քննարկվել են մարզում գյուղատնտեսական կենդանիների ձմեռացման ընթացքի հետ կապված հարցեր, ինչպես նաև «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում մի շարք հիվանդությունների դեմ պետական պատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների ընթացքը:

 

Գրիշա Բաղիյանը հայտնել է, որ 2015 թվականին հանրապետության ողջ տարածքում անասնաբուժական միջոցառումները կիրականացվեն անվճար հիմունքներով: Երկրում կայուն անասնաճարակային իրավիճակ պահպանելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը պետական բյուջեի միջոցներից հատկացրել է 1 մլրդ 189 մլն դրամ, որից 594 մլն դրամն ուղղվել է ախտորոշիչ, կանխարգելիչ և ախտահանիչ միջոցների, ինչպես նաև անհրաժեշտ անասնաբուժական պարագաների ձեռքբերմանը: Այդ թվում շուրջ 40 մլն դրամի ախտորոշիչ, կանխարգելիչ և բուժիչ միջոցներ տրամադրվել են Կոտայքի մարզին:

 

Հանդիպման ընթացքում նա անդրադարձել է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով իրականացվող անասնաբուժական միջոցառումների կազմակերպչական հարցերին, մարզպետարանի պատասխանատու անձանց հետ հստակեցվել է միջոցառումների իրականացման ժամանակացույցը, ինչպես նաև քննարկվել են Գեղաշեն համայնքում բրուցելյոզ հիվանդության դեմ իրականացվող պայքարի աշխատանքները:
Գրիշա Բաղիյանը միևնույն ժամանակ ցուցումներ է տվել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարներին, մարզային կառույցի ներկայացուցիչներին, ինչպես նաև մարզի համայնքային անասնաբույժներին՝ հակահամաճարակային միջոցառումները ժամանակին և արդյունավետ իրականացնելու վերաբերյալ:

 

Հանդիպումից հետո նախարարի առաջին տեղակալն այցելել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից Արզնի և Մայակովսկի համայնքներում կառուցված սպանդանոցներ, ծանոթացել է դրանց տեխնիկական կարողություններին, սպանդանոցների տնօրենների հետ ճշգրտել շահագործման ժամկետները:

 

Սպանդանոցների տնօրենների հավաստմամբ սպանդանոցներն ամբողջությամբ պատրաստ են գործարկման, և առաջիկա օրերին արդեն իսկ կիրականացվի խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի և ոչխարների մորթ: Նշենք, որ մարզում տեղակայված երկու սպանդանոցները հնարավորություն ունեն ոչ միայն ամբողջությամբ իրականացնել Կոտայքի մարզի անասնագլխաքանակի, այլև մասամբ ապահովել նաև հարևան մարզերի առանձին տարածաշրջանների գյուղատնտեսական կենդանիների մորթը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել