Մանանայի մեղրի ազդեցությունը մեղվաընտանիքի վրա և դրա փոխարինելու տեխնոլոգիան

2015-02-18

bee2Ձմեռող մեղվաընտանիքներին մեծ վնաս է հասցնում մանանայի մեղրը։ Այն տարիներին, երբ կա մանանայի մեղրի մեծաքանակ արտադրություն, եթե մեղվապահը ժամանակին չի ձեռնարկում համապատասխան միջոցառումներ, հնարավոր է, որ մեղվանոցի մեծ մասը անկի։ Մեղուն մանանան հավաքում է լորենու, կաղնու, թխկենու, թփուտների տերևների վրայից։

 

Ըստ ծագման՝ մանանան լինում է բուսական և կենդանական։ Առաջինը արտադրվում է տերևների վրա՝ կաթիլների ձևով և ունի քաղցր համ։ Դրանից պատրաստված մեղրը կոչվում է մեղրացողային մեղր։ Կենդանական ծագման մանանան արտադրվում է բույսերի վրա ապրող միջատների կողմից։ Միջատները ծծում են ջուրը և շաքարը բույսերից, որոնք չեն վերամշակվում դրանց օրգանիզմում և անմիջապես դուրս են գալիս։ Մեղուն հավաքում է այդ քաղցր նյութը, բերում փեթակ, վերամշակում է և ստանում մեղր, որը կոչվում է մանանայի։

 

Սովորաբար մանանայի մեղրը ի հայտ է գալիս ամառվա երկրորդ կեսին, մեծ չափերով չորային տարիներին, երբ բնակլիմայական պայմանները նպաստավոր չեն մեղվաբուծության համար և մեղուները սակավ քանակությամբ են նեկտար հավաքում: Մեկ ընտանիքը կարող է հավաքել մինչև 20 և ավելի կգ մանանայի մեղր։ Մանանայի մեղրի կապակցությամբ պետք է զգույշ լինեն այն մեղվապահները, որոնց մեղուները գտնվում են անտառային միջավայրում։
Մեղրաքամից հետո ստուգման են ենթարկում ձմեռման համար թողնված մեղրը` մանանայի առկայությունը պարզելու համար։ Ստուգումները կարելի է կատարել մեղվանոցի պայմաններում։ Մանանայի առկայությունը հեշտությամբ որոշվում է սպիրտային ռեակցիայի օգնությամբ. հավասար քանակությամբ ջրով նոսրացրած մեկ մաս մեղրին ավելացնում են 8-10 մաս 96° էթիլային սպիրտ։ Սպիտակուցային նյութերի անջատման հետևանքով առաջացած պղտորությունը ծաղկի մեղրի մեջ մանանայի պարունակության ցուցանիշ է (բացառությամբ հնդկացորենի և հավամրգու մեղրի)։

 

Մանանայի մեղրը մեղուների մոտ առաջացնում է աղիների հիվանդություն՝ լույծ և նոզեմատոզի սրվածություն։ Այն ընտանիքները, որոնք ձմեռում են մանանայի մեղրի վրա, սատկում են և շատ շուտ քայքայվում, որոնցից տհաճ հոտ է գալիս։ Եթե որոշ մեղուներ մնում են կենդանի, ապա ձմեռանոցից դուրս դնելուց և նույնիսկ մաքրման թռիչք կատարելուց հետո սատկում են։

 

Մանանայի մեղրը վատ ազդեցություն է թողնում մեղուների վրա նաև վաղ գարնանը։ Մեղվաընտանիքները վատ են զարգանում և քիչ մեղվային զանգվածով են դիմավորում գլխավոր մեղրաբերքը։ Այն վայրերում, որտեղ հաճախ է մանանայի մեղր լինում, անհրաժեշտ է աշնանը` մեղրաբերքը դադարելուց հետո, ստուգել կերապաշարի որակը։ Եթե կերապաշարում մանանայի մեղր է հայտնաբերվում, ապա այն փոխարինում են օշարակով կամ ծաղիկներից հավաքած բնական մեղրով։ Այդ նպատակով գլխավոր մեղրաբերքի ժամանակ ծաղիկներից հավաքած որակյալ մեղրից հարկավոր է վերցնել կերապաշարի համար պահանջվող քանակությամբ մեղրով մեղրահացեր, պահեստավորել և մեղվի բույնը աշնանը ձմեռման համար դասավորելու ժամանակ տալ մեղվաընտանիքներին։ Մեղվաընտանիքներից մանանայի մեղրով լցված մեղրահացերը քամում են և օգտագործում սննդի նպատակով։ Մանանայի մեղրը ձմռանը մեղուների կերապաշարում թողնելը չափազանց վտանգավոր է, բայց մարդկանց սննդի համար` բավականին արժեքավոր։ Եվրոպական բազմաթիվ երկրներում մանանայի մեղրը ավելի թանկ է գնահատվում, քան ծաղիկներից հավաքած բնական մեղրը, քանի որ այն մեծ քանակությամբ հանքային և օրգանական արժեքավոր նյութեր է պարունակում։ Մեղուներին պաշարի լրացման նպատակով լավ կլինի տալ շաքարի խիտ լուծույթ (1,5 մաս շաքարավազ և 1 մաս եռացրած ջուր)։ Դա շաքարի և ջրի օպտիմալ հարաբերությունն է, երբ լրացվում է մեղվաընտանիքների ձմռան պաշարը։ Այդպիսի խտությամբ լուծույթը մեղուները հեշտությամբ են վերամշակում, լցնում բջիջների մեջ և մոմով կնքում։ Չպետք է մոռանալ, որ շաքարով լրացրած պաշարը ձմռանը շուտ է բյուրեղանում։ Այդ նպատակով շաքարաջրին խառնում են կիտրոնի աղ, կամ քացախաթթու հետևյալ չափաբաժնով. 10 լ շաքարաջրին 3 մլ քացախաթթու (էսենցիա, 70 %), կամ 8-10 գ կիտրոնի աղ։ Պաշարի լրացման համար օշարակը տալիս են մեծ բաժիններով, այնքան, որպեսզի յուրաքանչյուր մեղրահաց կիսով չափ շաքարային մեղրով լցվի և սերեկվի։ Ձմեռման նախապատրաստվող մեղվաընտանիքի բույնը խտացնում են, ավելորդ շրջանակները բնից հանում, թողնում են այնքան մեղրով մեղրահացեր, որքան մեղուներն են պատում։ Դա նպաստում է կերապաշարի կենտրոնացմանը մեղրահացերի վրա։ Այդպիսի ոչ ցրված կերապաշարից մեղուներն ավելի լավ են օգտվում։ Կերապաշարի լրացման համար կերակրումները կատարում են մեղրաբերքից անմիջապես հետո, երբ մեղուները բավականին ուժեղ են։ Բոլոր դեպքերում օշարակով կերակրումները պետք է ավարտել մինչև օդի ջերմաստիճանի նվազումը։

 

Օգտագործում են կողքի և վրայի կերամաններ։ Մեղուների կերակրումը կատարում են երեկոյան ժամերին` թռիչքը դադարելուց հետո։ Անհրաժեշտ է
յուրաքանչյուր մեղվաընտանիքին տալ այնքան կեր, որքան կարող են մեղուները վերցնել կերամանից, տեղավորել բջիջների մեջ։ Մեղուների հարձակումներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել նախազգուշական միջոցառումներ։ Մեղուներն ամենից լավ կերը վերցնում են շրջանակների վրա դրված կերամաններից։ Վերջին տարիներին շատ մեղվապահներ կերամանների փոխարեն օգտագործում են բարակ, սննդի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակներ, որոնց մեջ լցնում են մինչև 1 լ օշարակ՝ օդը հանելով կապում: Այս մեթոդով կերակրելու դեպքում մեղուներն օշարակը դիտում են որպես իրենց բնի կեր և նրանց մոտ հարձակման բնազդ չի առաջանում։ Քանի որ մեղուների համար պոլիէթիլենային տոպրակը համարվում է բնում օտար մարմին, ուստի կերն օգտագործելուց անմիջապես հետո՝ սովորաբար 1-2 օրից, մեղվապահը պետք է բնից դա հեռացնի, որպեսզի մեղուներն ավելորդ էներգիա չծախսեն այն բնից դուրս բերելու համար։ Վերջին երկու կերակրումների ժամանակ անհրաժեշտ է օշարակին խառնել նոզեմատ, նոզեմացիդ կամ նոզետոմ դեղամիջոցներից որևէ մեկը՝ ըստ դրա կիրառման հրահանգի:

 

Երբ մեղվաընտանիքին կերակրում են ուշ աշնանը, այն բացասաբար է անդրադառնում մեղուների վրա։ Նրանք շուտ են ծերանում, կրճատվում է նրանց կյանքի տևողությունը։ Հատկապես վտանգավոր է, երբ կերակրվող մեղվափեթակներում ծաղկափոշին բացակայում է: Կերակրումները պետք է կազմակերպել մեղրաքամից հետո հնարավորինս շուտ, որպեսզի ծեր մեղուները իրենց էներգիան ծախսեն օշարակի վերամշակման համար։ Ուշ կերակրելու դեպքում, հատկապես, եթե կերը տրվում է քիչ բաժիններով, մայրը սկսում է ձվադրել։ Վարոայի տզերը մուտք են գործում այն բջիջների մեջ, որտեղ կան մեղուների թրթուրներ, և բազմանում։ Ծնվում է մեղուների և տզերի նոր սերունդ, որի հետևանքով վարակվածության աստիճանը մեծանում է։ Նոր ծնված մեղուները լինում են վնասված, անկենսունակ։Երբեմն մեղվապահները ժամանակին չեն նկատում, որ մեղվաընտանիքը կուտակել է մանանայի մեղր և այն ձմռանը շաքարաջրով փոխարինելն արդեն անհնար է դառնում:

Ինչպե՞ս կարելի է օգնել մեղվաընտանիքներին, եթե ձմռան կերապաշարը գլխավորապես բաղկացած է մանանայի մեղրից

Մենք առաջարկում ենք կերակրել դրանց շաքարամեղրային խմորով, որի բաղադրության մեջ մտնում է նոզեմատ, նոզեմացիդ կամ նոզետոմ դեղամիջոցներից որևէ մեկը: 4 կգ շաքարափոշու հաշվով ավելացվում է 1 կգ մինչև 60 °C տաքացրած մեղր, 100-150 մլ ջուր և 2.5 մգ դեղանյութ (10 չափաբաժին): Մեղրը, ջուրը և բուժամիջոցը խառնում են՝ տաքացնելով ջրային բաղնիքում ու տաք վիճակում խառնում են շաքարափոշուն և հունցում մինչև պնդոտ խմորանման զանգված ստանալը: Դրանով կերակրելու դեպքում մեղուներն օգտագործում են ոչ թե իրենց բնում եղած մեղրը, այլ շաքարամեղրաբլիթը:Դրսում ձմեռող մեղվաընտանիքներն ունեն մի քանի առավելություններ՝ համեմատած ձմեռանոցում ձմեռող մեղվաընտանիքների հետ: Արևոտ եղանակի դեպքում, երբ դրսի օդի ջերմաստիճանը 12 °C է և ավելի բարձր, մեղուները կարող են թռչել և մաքրել իրենց աղիները մանանայի մեղրի անմարսելի մնացորդներից՝ երկարացնելով իրենց կյանքը:

 

Նորակ Հակոբյան, կենսաբանական գիտությունների թեկնածու
Կարեն Ավետիսյան, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու
<<Մուլտի Ագրո>> գիտաարտադրական կենտրոն

 

Աղբյուրը` «Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ 

Տպել