ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

2015-02-17

 

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված հերթական մարզային խորհրդակցությունն անց է կացրել Լոռու մարզում: Խորհրդակցությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, ոլորտի պատասխանատուներ:

 

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում մարզում նախորդ տարվա ընթացքում արձանագրված արդյունքներին` նախարարը մասնավորապես կարևորել է անասնապահության ճյուղում մթերատվության բարձրացման խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

 

Նախարարի խոսքով` կատարված դրական աշխատանքներին զուգահեռ անասնաբուծության բնագավառում դեռևս առկա են մի շարք չլուծված խնդիրներ: Մասնավորապես անբավարար են օգտագործվում հեռագնա արոտավայրերը. մարզում առկա 145.9 հազար հա արոտավայրերից օգտագործվում է միայն 40 %-ը:

 

Նախարարն ընդգծել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում Լոռու մարզի թվով 8 համայնքներում արդեն իսկ ստեղծվել են գյուղացիական կոոպերատիվներ, ինչը լավ նախադրյալ է ծրագրի երկրորդ բաղադրիչի ընձեռած հնարավորություններից օգտվելու և արտադրական ու վերամշակման նոր սարքավորումների ներդրման միջոցով զգալիորեն բարելավելու արտադրությունը:

 

«Պետությունն այս տարի նույնպես շարունակելու է օժանդակության ծրագրեր իրականացնել` հնարավորինս թեթևացնելով գյուղացիների հոգսը: Ընդ որում այս տարի նախատեսվում է ևս երկու տոկոսային կետով ավելացնել գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի սուբսիդավորումը, և արդեն իսկ մարտի վերջին վարկերի տրամադրման գործընթացը կմեկնարկի»,-իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

 

Այս համատեքստում նախարարը նաև հավելել է, որ ընթացիկ տարում ոռոգման ջրի վարձրավճարների ավելացում տեղի չի ունենա` անկախ էլեկտրաէներգիայի կամ գազի սակագների բարձրացումից:

 

Նախարարը գոհունակություն է հայտնել նախորդ տարի մարզում կազմակերպված մթերումների արդյունքներից` նշելով, որ 2013 թվականի համեմատությամբ բանջարեղենի մթերումների ծավալները գրեթե կրկնապատկվել են, իսկ պտղի մթերումների ծավալներն աճել են 1.3 անգամ:

 

Ընդհանուր առմամբ 2014 թվականին մարզի տարածքում մթերվել է 185.9 տոննա պտուղ (ներառյալ չորացված մթերքների արտադրությանը ուղղված պտուղը) և 128.8 տոննա բանջարեղեն, 2013 թվականի 81.7 և 43.8 տոննայի դիմաց:

 

Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեց Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել