ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզում հետևել է ոռոգման սեզոնի նախապատրաստման աշխատանքներին

2015-02-14

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ` ոռոգման սեզոնի նախապատրաստման շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին անձամբ հետևելու նպատակով: Նախարարին ուղեկցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը և այլ պաշտոնատար անձինք:

 

Այցի շրջանակում նախարարն այցելել է Քաղցրաշենի, Գոռավանի, Վեդիի, Արմաշի պոմպակայաններ, հետևել Նարեկ համայնքի հեղեղատարի և Դվինի ջրանցքի մաքրման աշխատանքներին, եղել «Ձախ ճյուղ» ջրանցքի գլխամասում:

 

Նախարարի այցելության պահին Քաղցրաշենի պոմպակայանում ընթանում էին նորոգման աշխատանքներ` ոռոգման սեզոնի բացմանն այն ամբողջությամբ աշխատունակ վիճակի բերելու նպատակով: Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանի խոսքով` պոմպակայանի հիմնանորոգումը հնարավորություն կտա շրջակա համայնքներին անցնել ինքնահոս ոռոգման` զգալիորեն կրճատելով ջրի կորուստները և խնայելով շուրջ 500 մլն դրամ գումար:

 

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարն ուղևորվել է Նարեկ համայնք, հետևել հեղեղատարի մաքրման աշխատանքներին: Նախարարը եղել է նաև Դվինի ջրանցքում, որտեղ նույնպես աշխատանքները եռուն ընթացքի մեջ էին: Ֆելիքս Մելիքյանի զեկուցմամբ այս տարի ջրանցքների մաքրման աշխատանքներն ավելի վաղ են սկսվել, և դրանք արդեն իսկ ամբողջությամբ ավարտվել են ցածրադիր հատվածներում (Տավուշ, Արմավիրի, Արագածոտն, Սյունիք) վստահեցնելով, որ սահմանված ժամկետներում` մինչև մարտի 1-ը, կիրականացվեն նաև բարձրադիր հովիտների մաքրման աշխատանքները:

 

Դվինից նախարարն ուղևորվել է դեպի Գոռավանի և Վեդիի պոմպակայաններ, եղել է «Ձախ ճյուղ» ջրանցքի գլխամասում, որը սպասարկում է մարզի թվով 5 համայնքների, հետևել իրականացվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին, զրուցել աշխատակիցների հետ: Պատասխանատուները վստահեցրել են, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, առանց խնդիրների և արդեն իսկ մարտի 1-ից անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ կլինի ոռոգման սեզոնին:

 

Արարատի մարզում նախարարի այցելության վերջին կանգառն այսօր Արմաշի ավտոմատ ինքնակարգավորող թվայնացված պոմպակայանում էր, որը հիմնանորոգվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում և այժմ սպասարկում է Արմաշ և Սուրենավան համայնքների շուրջ 1800 հեկտար ոռոգելի հողատարածքներ:

 

«Հաշվի առնելով ընթացիկ տարվա եղանակային պայմանները` հավանական է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքները նախատեսվածից ավելի շուտ սկսվեն, ուստի մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի պատշաճ կերպով իրականացվեն ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները, և համակարգը պատրաստ լինի առաջին իսկ պահանջի դեպքում գյուղացիական տնտեսություններին ապահովել ոռոգման ջրով: Նախարարությունը խիստ հետևողական է գտնվելու այս հարցում, և այդ նպատակով պարբերաբար իրականացվելու են մշտադիտարկումներ», – իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարը հավելել է, որ կայուն ջրամատակարարում ապահովելու նպատակով ընթացիկ տարում նախատեսվում է նաև հանրապետությունում գույքագրել բոլոր չշահագործվող խորքային հորերը` անհրաժեշտության դեպքում դրանք նույնպես աշխատունակ վիճակի բերելու և ջրի հավելյալ պաշարներ ապահովելու համար:

 

Նախարարը հիշեցրել է, որ ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգումների կատարման, ոռոգման համակարգում հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնն արդյունավետ կազմակերպելու նպատակով այս տարի կառավարությունը շուրջ 1 մլրդ դրամ է հատկացրել ջրային համակարգերի, այդ թվում` ջրամբարների, գլխամասային կառուցվածքների, ջրանցքների, պոմպակայանների և այլ ջրային համակարգերի ամենամյա կապիտալ նորոգումներ իրականացնելու համար:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

Տպել