Խաղողի վազի էտը և ձևավորումը

2015-02-19

VinogradԽաղողի այգու նորմալ աճը, զարգացումն ու բարձր բերքատվությունն ապահովելու հիմնական պայմանները ագրոտեխնիկական և ֆիտոտեխնիկական միջոցառումների որակով ու ժամանակին կատարումն է:

 

Խաղողի այգում կատարվող հիմնական աշխատանքներն են

 

1.Վազերի էտն (հատում) ու ձևավորումը
2.Վազերի հենակավորումը (լարային այգում շպալերայի հիմնում):
3.Կանաչ հատումները (հատկապես շվատումը):
4.Այգու հողի մշակումը
5.Այգու հողի պարարտացումը և սնուցումը
6.Այգու ոռոգումը
7.Վազի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարը
8.Խաղողի բերքահավաքը

 

Վազերի էտը ու ձևավորումը

 

Վազերի էտը ամենակարևոր ֆիտոտեխնիկական միջոցառումներից մեկն է,որով երիտասարդ վազերին տրվում է որոշ ձև, իսկ բերքատու վազերից ամեն տարի հեռացվում են` հատկապես միամյա մատերի, ինչպես նաև բազմամյա մասերի (թև,ենթաթև ) մի մասը, և վազը պահվում է տրված ձևավորման սահմաններում:

 

Բերքատու վազերի էտի նպատակներն են`

 

ա/ բարձրացնել ստացվող բերքի որակը
բ/կանոնավորել վազերի ամենամյա աճը,որով կապահովվի բարձր ու կայուն բերքատվություն
գ/հեշտացնել վազի նկատմամբ տարվող աշխատանքները, և պայմաններ ստեղծել աշխատատար գործողությունների առավելագույն մեքենայացմանը, ինչպես նաև նվազեցնել հիվանդությունների և վնասատուների զարգացմանը նպաստող պայմանները:

 

Վազի բեռնվածությունը

 

Վազի աճի և բերքատվության վրա մեծ չափով ազդում է առկա բերքատու մատերի և եղած աչքերի քանակը, ինչն ընդունված է անվանել վազի բեռնվածություն աչքերով:

Այս ցուցանիշը նախնական է և հետագայում ճշտվում է վազի վրա թողնված շվերի և ծաղկափթթությունների քանակով:Վազի բեռնվածությունը սահմանելիս պետք է հաշվի առնել բնի բարձրությունը, հաստությունը,թևերի քանակը,դրանց երկարությունը ու հաստությունը,սորտի և պտղաբերության առանձնահատկությունները:

Երբ վազը կարողությունից ավելի են ծանրաբեռնում, այդ դեպքում շվերը շատ թույլ են աճում, և ստացվում է քիչ ու ցածրորակ բերք:
Վազը թերբեռնելու դեպքում,շվերը զորավոր են աճում, տեղի է ունենում ծաղկավիժում և պտղավիժում:Մատերը լավ չեն փայտանում, վազը թուլանում է, քիչ է բերք տալիս տվյալ և հաջորդ տարում:

Բեռնվածությունը սահմանելիս հաշվի է առնվում վազի վրա առկա միամյա մատերի աճը և փայտացման հասունացման վիճակը:
Եթե վազի վրա առկա են լավ աճած մեծ քանակությամբ հասունացած մատեր,ապա վազի բեռնվածությունը մեծացվում է (վազերի լավ մշակություն` պարարտացում, ոռոգում, բուժում և հարուստ հողերի պայմաններին),իսկ վատ մշակության պայմաններում և աղքատ հողերում ավելի քիչ բեռնվածություն են տալիս:

Օրինակ` Հյուսիս –արևելյան գոտում վազերի Գյուոյի մեկ և երկթևանի, միջակ բնով (3-4 թև ունեցող) հովհարանման սիստեմների դեպքում,ուժեղ աճ ունեցող սորտերի (Թավրիզենի,Կարդինալ,Բանանց և այլն ) վազերի վրա թողնում է 80-100 աչք,միջակ աճ ունեցող սորտերի ( Ռքածաթելի,Լալվարի, Սապերավի և այլն ) վազերի վրա` 60-80 աչք, թույլ աճ ունեցողների (Պինո սև,Ալիգոտե և այլն ) վրա` համապատասխանաբար 30-40աչք:
Վազերին մեծ բեռնվածություն են տալիս բարձրաբուն ձևավորումների ժամանակ` բակերում, ճանապարհների եզրերին մշակվող հզոր թարմային վազերին,որոնք ունեն բավականին մեծ սնման մակերես և զարգացնում են մեծ ծավալի վերերկրյա սաղարթ:

 

Էտի երկարությունը

 

Էտի երկարությունը բնորոշվում է միամյա մատի(բերքատու և փոխարինող) վրա թողնված աչքերի քանակով:ՀՀ տարբեր շրջաններում, կախված վազի ձևավորման համակարգի և սորտի առանձնահատկությունից, էտը կատարվում է տարբեր երկարությամբ:
Լարային այգիներում կատարում են համեմատաբար երկար էտ` բերքատու մատերին թողնելով 6-12 աչք երկարություն իսկ փոխարինողներին 2-3 աչք:
Ուժեղ աճ ունեցող սորտերի բերքատու մատերը,որոնք ունեն երկար միջհանգույցներ,էտում են 6-10աչք, միջակ աճ ունեցողները,որոնք ունեն կարճ միջհանգույցներ էտում են մինչև 12աչք,իսկ թույլ աճ ունեցողները էտում են 6-8 աչք երկարությամբ:
Բոլոր դեպքերում վազի թևերի և ենթաթևերի վրա հիմքին մոտ աճած մատը թողնում են , որպես փոխարինող և էտում են 2-3 աչք երկարությամբ:

Էտի կատարման տեխնիկանԷտը պետք է կատարել այգեգործական սուր մկրատով,իսկ բազմամյա հաստ ճյուղավորումները հեռացնել սուր սղոցով:
Էտի ժամանակ մկրատի կտրող (բարակ)լեզվակը պետք է ուղղված լինի դեպի մատի հիմքը,իսկ հաստ լեզվակը` դեպի հեռացվող մասը,որպեսզի կտրվածքի մոտ ջարդվածքներ չառաջանան և մատի ծայրամասի աչքը չվնասվի:
Բերքատվության համար պետք է ընտրել այնպիսի մատերը,որոնց վրա լավ են զարգացած աչքերը:Թևի վրա բերքատու և փոխարինող մատերը պետք է լինեն տարբեր կողմերի վրա:
Պետք է ուշադիր լինել,որպեսզի փոխարինողի համար ընտրված մատը հաջորդ էտի ժամանակ չգտնվի երկու կտրվածքների (վերքերի) միջև:Այս դեպքում բազմամյա ճյուղերի (թևերի,ենթաթևերի) վրա կտրվածքները կլինեն մի կողմից և կհեշտանա հյութաշարժությունը վերգետնյա օրգաններում(նկ.120)
Փոխարինող մատը պետք է էտել երկու աչքի վրա, եթե նրա հիմքի առաջին հանգույցի աչքը ուղղված է դեպի սաղարթի դուրսը,իսկ վերևինը` դեպի սաղարթի ներսը:Եթե փոխարինողի հիմքի աչքը ուղղված է դեպի սաղարթի ներսը,ապա էտել երեք աչք երկարությամբ,որպեսզի ծայրամասի աչքը գտնվի դեպի սաղարթի ներսը:

Բերքատու և փոխարինող մատերն այնպես պետք է էտել, որ կտրվածքը լինի հարթ և աչքին հակառակ ուղղությամբ` աչքի կողմից 1-1.5,իսկ հակառակ կողմից` 0.5-1սմ բարձրությամբ,որպեսզի աչքը լացահյութից չվնասվի:
Բազմամյա ճյուղերից պետք է կտրել ելման կետից 1-2սմ բարձր, դրանց առանցքին ուղղահայց,որպեսզի վերքերի մակերեսը մեծ չլինի և վազի ենթաթևերի, թևի կամ բնի վրա 0.3-0.5սմ բարձրությամբ բարձիկ մնա:
Բազմամյա ճյուղերը պետք է կտրել սուր սղոցով, մի ձեռքով թույլ սեղմելով դրանց վրա:Կտրվածքները պետք է լինեն իրենց առանցքին ուղղահայաց, հարթ և ծավալով փոքր:
Պետք է հեռացնել նաև հողի մակերեսի մոտ գտնվող այն մատերը և հոռամատերը,որոնք պիտանի չեն նոր թև ձևավորելու,հին ծերացած թևերը երիտասարդացնելու,վազի բեռնվածությունն աչքերով ապահովելու կամ անդալիսի համար:Էտի ժամանակ պետք է հեռացնել նաև մակերեսային արմատները:

 

Էտի կատարման ժամանակը


Էտի ժամանակը կախում ունի այգու որոշակի հողակլիմայական պայմաններից:
ՀՀ հյուսիս- արևելյան,Գորիսի և Մեղրու շրջաններում, ուր ձմեռը մեղմ է , և ջերմաստիճանը հազվադեպ է իջնում -10 աստիճանից,վազերը էտում են աշնանը,վաղ գարնանը և նույնիսկ ձմռանը,երբ ջերմաստիճանը 0 աստիճանից բարձր է:
Արարատյան հարթավայրի և նրա նախալեռնային գոտում,Եղեգնաձորի շրջանի այն մասերում, որտեղ այգիները ձմռանը ծածկում են, էտում կատարում և ավարտում են բացառապես գարնանը,մինչև աչքերի ուռչելը: Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը,որ շատ վաղ էտված վազերի աչքերը շուտ են բողբոջում և կարող են ուշ գարնանային ցրտահարություններից վնասվել: Բայց ուշացնելու դեպքում էլ աչքերը բացված են լինում և այգեբացի և էտման ընթացքում դրանց մի զգալի մասը թափվում է:

 

Չոր կապ

 


Չոր կապը կատարում են էտումից հետո,մինչև աչքերի ուռչելը:Բերքատու մատերը կապում են, երբ սկսվում է հյութաշարժությունը ( լացը ):Այդ ժամանակ մատերը ավելի ճկուն են լինում և կորացնելիս չեն ջարդվում: Չոր կապը ուշացնելիս արդեն իսկ բացված աչքերի մի մասը այդ գործողության ընթացքում թափվում են : Լարային այգիներում վազերի թևերը կապում են I լարին,իսկ բերքատու մատերը II և III լարերին:Կապում են այնպես, որ վազի թևերն ու մատերը հավասարապես բաշխվեն վազին տրված տարածքում:Չոր կապի համար օգտագործում են թել կամ ճիլոպ,վերջինս օգտագործելուց առաջ թրջում են:Կապը ուժեղ չեն ձգում,որպեսզի հետագա աճի ընթացքում հաստացած թևերն ու մատերը չվնասվեն:Օղակը անում են լայն,8-աձև,որի մեջ մինչ աշուն` առանց սեղմվելու,ազատ աճում են թևերն ու մատերը:

 

Խաղողի վազի ձևավորման համակարգերը

 

Վազերի ձևավորման բազմաթիվ համակարգեր կան,որոնց էական տարբերությունը այն է,թե վազը ինչպիսի բուն ունի թևերը քանիսն են և ինչպես են դասավորված լարերի վրա ( միակողմանի,երկկողմանի,քառակողմ),թե մատերը և շիվերը ինչպիսի դիրք և դասավորություն ունեն և այլն:
Ձևավորման բոլոր համակարգերի դեպքում էլ աշխատում են վազի բազմամյա և միամյա մատերը այնպես դասավորել տարածության մեջ,որ դրանք առավելագույնս օդ,լույս և ջերմություն ստանան և հարմար լինեն մշակության գործընթացները թե ձեռքով և թե մեքենայով կատարելու համար:

 

Մեր մարզում խաղողի այգիներում առավել չափով կիրառվում են վազերի ձևավորման հետևյալի համակարգերը`

 

1.Միջակ բարձրությամբ բնով մեկ և երկու թևանի Գյուոյի համակարգը:
2.Միջակ բարձրությամբ բնով,3-4 բերքի օղակներով հովհարանման համակարգը:

 

Վազերի ձևավորումը Գյուոյի մեկթևանի համակարգով.

 

Գյուոյի մեկթևանի համակարգով ձևավորված վազի բնի շարունակությունը կազմող թևը լինում է առաջին հարկի լարի բարձրությամբ և վերջանում է մեկ բերքի օղակով(բերքատու մատով և փոխարինողով):Վազերը Գյուոյի մեկ թևանի համակարգով ձևավորելու համար տնկման առաջին տարում յուրաքանչյուր արմատակալի վրա պետք է թողնել մեկ մատ,2-3աչք երկարությամբ:Վեգետացիայի ընթացքում շվերը տարածության մեջ դասավորվում են ազատ:
Տնկման երկրորդ տարում յուրաքանչյուր վազի վրա պետք է թողնել մեկ լավ զարգացած մատ` 2-3 աչք երկարությամբ,իսկ մյուսները հեռացնել:Տնկման երկրորդ տարվա գարնանը այգում պետք է հիմնադրված լինի շպալերա:Վեգետացիայի ընթացքում շվերի աճմանը զուգընթաց դրանք պետք է կապել լարերին: Տնկման երրորդ տարվա գարնանը յուրաքանչյուր վազի վրա պետք է թողնել մեկ լավ զարգացած մատ և այն էտել առաջին լարից մեկ աչք բարձրությամբ,կապել լարին,իսկ մյուս միամյա մատերը հեռացնել:Աչքերն ուռչելուց հետո պետք է մատի վրա թողնել լարի վերևի և ներքևի մեկական աչքերը կամ շվերը,իսկ մյուսները հեռացնել:Վեգետացիայի ընթացքում շվերը պետք է խնամքով կապել երկրորդ և հաջորդ հարկ լարերին:
Տնկման չորրորդ տարում երրորդ տարում աճած երկու մատերից լարից վերևինը պետք է էտել 8-12 աչք երկարությամբ որպես բերքատու մատ և հորիզոնական դիրքով կամ աղեղնաձև կապել առաջին հարկ լարին,իսկ ցածի մատը` 2-3 աչքով որպես փոխարինող: Այսպես վազը ձևավորվում է Գյուոյի մեկթևանի համակարգով: Հետագա տարիներին էտի ժամանակ բերքի օղակը սովորաբար կազմում են նախորդ տարվա փոխարիողի ( երկամյա կարճ մատի) վրա,իսկ սրա հիմքի մոտ կտրում և հեռացնում են երեք տարեկան մասը` իր վրայի երկամյա երկար մատի և միամյա մատերի հետ միասին (նկ142 ):Ուժեղ աճ ունեցող երիտասարդ վազերի ձևավորումը կարելի է սկսել տնկման երկրորդ տարուց:

 

Վազերի ձևավորումը Գյուոյի երկթևանի համակարգով

 

Գյուոյի երկթևանի համակարգով ձևավորված վազի բունը առաջին լարի բարձրությամբ ունենում է երկու թև,յուրաքանչյուրը մեկ բերքի օղակով(բերքատու մատով և փոխարինողով): Վազը Գյուոյի երկթևանի համակարգով ձևավորելու համար տնկման առաջին,երկրորդ և երրորդ տարիներին էտը կատարվում է այնպես,ինչպես Գյուոյի մեկթևանի համակարգով դեպքում:Տարբերությունը սկսվում է նրանից,որ տնկման երրորդ տարվա գարնանը,չոր կապից հետո, երբ աչքերն ուռչում են,առաջին լարից վերև գտնվող աչքը պետք է հեռացնել, լարից անմիջապես ներքև թողնել երկու աչք,իսկ ներքևինները նույնպես հեռացնել:Լարից ներքև գտնվող երկու աչքերից գոյացած շվերը պետք է խնամքով կապել երկրորդ և հաջորդ հարկ լարերին:
Տնկման չորրորդ տարում լարից ներքև գտնվող երկու մատերից յուրաքանչյուրը պետք է էտել 2-3 աչք երկարությամբ:Երկու փոխարինող մատերի աչքերից գոյացած շվերը պետք է խնամքով` ապագա թևերի ուղղությամբ (մի մատի շվերը մի կողմի,իսկ մյուս մատինը` մյուս կողմի վրա ) կապել լարին:
Տնկման հինգերորդ տարում նախորդ տարվա յուրաքանչյուր փոխարինողի ծայրամասի լավ զարգացած մատը պետք է էտել 8-12 աչք երկարությամբ,իսկ դրանից ներքև գտնվող դեպի սաղարթի դուրսը ուղղված մատը` 2-3 աչքով,որպես փոխարինող: Բերքատու մատերը միմյանց հակառակ ուղղությամբ հորիզոնական դիրքով կամ աղեղնաձև պետք է կապել առաջին հարկ լարին: Գյուոյի երկթևանի համակարգով ձևավորումը կարելի է կատարել նաև այլ կերպ
Տնկման երկրորդ տարվա գարնանը վազի վրայի լավ զարգացած մատը պետք է էտել առաջին լարից 4-6 աչք բարձր և հորիզոնական դիրքով կապել լարին:Տնկման երրորդ տարում առաջին լարից ներքև գտնվեց երկու մատերից յուրաքանչյուրը էտել 2-3 աչք երկարությամբ,իսկ լարից վերև գտնվող երկու լավ զարգացած մատերը` 8-10 աչքի վրա,որպես բերքատու մատ և հորիզոնական դիրքով կապել լարին:
Տնկման չորրորդ տարում առաջին լարից ներքև գտնվող նախորդ տարվա յուրաքանչյուր փոխարինողի (երկամյա կարճ ճյուղի) վրա պետք է ձևավորել բերքի օղակ,իսկ նրա հիմքի մոտ պետք է կտրել և հեռացնել երեք տարեկան ճյուղը իր վրայի երկամյա երկար ճյուղի և միամյա մատերի հետ միասին:

 

Վազերի ձևավորումը միջակ բարձրությամբ բնով,3-4 բերքի օղակներով հովհարանման համակարգով

 

Այս համակարգով ձևավորված վազի բունը հողի մակերեսից բարձր է լինում մինչև առաջին հարկի լարը,ունենում է 3-4 թևեր իրենց բերքի օղակներով:Ձևավորումը սկսում են վազի բունը կազմելով,որի վրա այնուհետև ձևավորում են 3-4 թև,իսկ յուրաքանչյուր թևի վրա` բերքի օղակը: (նկ145 )

 

Աղբյուրը` «Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ 

Տպել