Գրիշա Բաղիյանը Վայոց ձորում մասնակցել է գյուղատնտեսական կենդանիների պատվաստման խնդիրներին նվիրված խորհրդակցությանը

2015-02-13

baghiyan-13.02.15ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ մասնակցել է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին նվիրված խորհրդակցությանը:

 

Խորհրդակցությանը ներկա էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանը և այլ պաշտոնատար անձինք:

 

Անդրադառնալով անասնաբուծության ոլորտում նախորդ տարվա ընթացքում Վայոց ձորի մարզում գրանցված դրական արդյունքներին` Գրիշա Բաղիյանը նշել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ընթացիկ տարում նույնպես դրանք պահպանելու ուղղությամբ:

 

Նա նշել է, որ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզին ընթացիկ տարում հատկացվել է շուրջ 20 մլն դրամ ախտորոշիչ, կանխարգելիչ և բուժիչ միջոցներ, ինչպես նաև անհրաժեշտ պարագաներ` անասնաբուժական միջոցառումներ իրականացնելու համար:

 

Իր խոսքում փոխնախարարն անդրադարձել է նաև մարզում գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների, այդ թվում` բրուցելյոզի կանխարգելման խնդրին` շեշտելով հիվանդության հայտնաբերման վաղ շրջանում հիվանդ կենդանիների մեկուսացման և սպանդի ենթարկման կարևորությունը:

 

Գրիշա Բաղիյանը, նշելով որ անցյալ տարի Վայոց Ձորի մարզում շահագործման է հանձնվել ժամանակակից սարքավորումներով հագեցած սպանդանոց, հույս է հայտնել, որ այն կնպաստի բակային մորթի աստիճանական սահմանափակմանը, ինչն էլ իր հերթին դրականորեն կանդրադառնա կենդանիների հիվանդությունների կանխարգելման վրա:

 

 

Հանդիպումից հետո փոխնախարարն այցելել է անասնաբուժական մարզային լաբորատորիա, մարզում գտնվող նորակառույց սպանդանոց, ապա Խնձորուտ համայնքում գտնվող տոհմային ոչխարաբուծական ֆերմա, որտեղ բուծվում են էդիլբաևյան ցեղի դմակավոր, ճարպամսային ուղղության տոհմային ոչխարներ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել