Քննարկվել է ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
2015-01-22
Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արարատի և Արմավիրի մարզերի ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների հետ` ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքներին առնչվող խնդիրների քննարկման նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, ոռոգման համակարգի և նախարարության այլ պատասխանատուներ:
Անդրադառնալով ոլորտում առկա հարցերին` Նախարարը շեշտել է, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի պատշաճ կերպով իրականացվեն ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները, և այս տարի արդեն իսկ մարտի 1-ին ոռոգման համակարգն ամբողջությամբ պատրաստ լինի գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին:
‹‹Հաշվի առնելով եղանակային պայմանները` չի բացառվում, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքները նախատեսվածից ավելի շուտ սկսվեն: Ուստի ոռոգման բոլոր համակարգերը հատկապես հանրապետության ցածրադիր գոտիներում` Մեղրիի, Նոյեմբերյանի, Իջևանի տարածաշրջաններում, պետք է պատրաստ լինեն այդ աշխատանքներին››,- իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
ՋՕԸ-ների ղեկավարները զեկուցել են իրականացվող աշխատանքների ընթացքի մասին և վստահեցրել, որ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, և իրենք պատրաստ առաջին իսկ պահանջի դեպքում ոռոգման ջրով ապահովել գյուղացիական տնտեսություններին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին