ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են 2015 թվականի գերակա խնդիրներն ու միջոցառումների ծրագրերը

2015-01-14

14.01.2015Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2015 թվականին նախարարության առջև դրված գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրի կատարման հարցերը:

 

Խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության մարմինների և կազմակերպությունների ղեկավարները:

 

«Չնայած գյուղատնտեսության բնագավառում մշտապես առկա են մարտահրավերներ, սակայն դրանք հաղթահարելի են և համոզված եմ, որ ընթացիկ տարում համատեղ ուժերով և հետևողական աշխատանքի միջոցով մենք կկարողանանք ոլորտում գրանցել բարձր կատարողական արդյունքներ, հատկապես հաշվի առնելով չիրացված ներուժը», – նշել է իր խոսքում նախարարը:

 

Անդրադառնալով 2015 թվականին նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերին և միջոցառումներին` նախարարը նշել է, որ դրանց շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է բարելավել հանրապետության պարենային անվտանգության վիճակը, ավելացնել գյուղմթերքի արտադրության և արտահանման ծավալները և այլն:

 

Բացի այդ, ընթացիկ տարում շարունակվելու են մատչելի պայմաններով դիզելային վառելանյութի ու հանքային պարարտանյութերի տրամադրման, տոհմային երինջների ներկրման ծրագրերը:

 

Նախարարը նաև հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի մարտի 25-ին ոռոգման համակարգը պատրաստ լինի գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին:

 

Պատասխանատուներին հանձնարարվել է հստակորեն իրականացնել իրենց պատասխանատվության ոլորտում գտվող ծրագրերը, պահպանել ծրագրերի կատարման ժամկետները` բացառելով թերացումները:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել