Հայաստանում մեկնարկեց «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման (ENPARD)» ծրագիրը

2015-01-23

1Այսօր Հայաստանում մեկնարկեց Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության համատեղ «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման» ծրագիրը (ENPARD):

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, Ավստրիայի զարգացման գործակալության խորհրդական, Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գյունտեր Ցիմմերը, ԵՄ անդամ երկրների դեսպաններ, ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի գրասենյակի և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

 

«Հայաստանը շարունակում է ամրապնդել և խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ բոլոր ուղղություններով: Եվ դա, մասնավորապես, ակնհայտ է մեր ոլորտում, որտեղ վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր, և Արևելյան հարևանության համագործակցության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրը դրա լավագույն օրինակներից մեկն է», – իր բացման խոսքում նշեց նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարի խոսքով` ծրագրի շրջանակում, որի իրականացման տևողությունը 3 տարի է, ՀՀ կառավարությանը կտրամադրվի 20 մլն եվրո բյուջետային աջակցություն գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն և համապարփակ զարգացման համար: Միևնույն ժամանակ 5 մլն եվրո օժանդակություն կցուցաբերվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տեխնիկական աջակցության, նախարարության հզորությունների և Հայաստանում ֆերմերների խմբերի և գյուղմթերքի արժեքային շղթաների բարելավման համար: Բացի այդ, Ավստրիայի կառավարությունը «Ավստրիայի զարգացման համագործակցության» միջոցով իր կողմից լրացուցիչ 1 մլն եվրո կտրամադրի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում նույն նպատակների իրականացման նպատակով:

 

Ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) ՀՀ կառավարությանը կտրամադրեն տեխնիկական աջակցություն:

 

Իր հերթին ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան նշեց, որ Եվրամիությունը կշարունակի իր օժանդակությունը Հայաստանին` երկրում առկա խնդիրները բարեհաջող հաղթահարելու համար:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տպել